f

Անկախ

Ես չեմ հոգնում․․․


ՀՀ-ում հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր: Հենց այդ առիթով էլ զրուցել ենք Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական կենտրոնի (այս պահին վերապրոֆիլավորվել է որպես Կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն) ռենտգեն-լաբորանտ Անահիտ Ջավադյանի հետ «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարի շրջանակներում։

-Տիկին Ջավադյան, մեր զրույցը սկսենք՝ անդրադառնալով Ձեր աշխատանքային գործունեությանը։

-Ես մասնագիտությամբ բուժքույր եմ։ Երկար տարիներ աշխատել եմ Առողջապահության նախարարության հիմնարկություններում և «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունում։ Վերջինիս Հայաստանից հեռանալուց հետո ընդունեցի որպես ռենտգեն-լաբորանտ վերապատրաստվելու որոշումս և երկու տարի աշխատեցի Երևանի «Հակատուբերկուլյոզային դիսպանսերում»։ Տարեսկզբին հիմնարկության փակման պատճառով մնացի անգործ։ Երբ Առողջապահության նախարարությունը սկսեց կամավորներ փնտրել՝ պայմանավորված  համավարակի տարածմամբ, ես ևս դիմեցի՝ աշխատանքի անցնելով Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական կենտրոնում՝ որպես ռենտգեն-լաբորանտ։

-Ընտանիքի անդամներն ինչպե՞ս հաղթահարեցին այս ընթացքը։

-Ես ամուսնացած եմ։ Փոքր որդիս ութ տարեկան է, մեծը՝ տասը։ Դրա համար մշտապես պահպանել եմ զգոնությունս, որ հանկարծ չվարակվեմ ու վարակը չտանեմ տուն։ Անհանգստանում էի նաև տան մեծահասակների համար։ Երբ արդեն մեզ հյուրանոց տրամադրեցին, երեխաներին տեսնում էի հազվադեպ, այն էլ՝ դրսում։ Բնականաբար, շատ կարոտում էինք միմյանց, որին ավելանում էր լարվածությունն ու անհանգստությունները։ Այժմ վերադարձել եմ տուն՝ խստորեն պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները։

-Ի՞նչ հոգեկան ապրումներ ունեցաք այս ամիսներին։

-Սկզբում, երբ ամեն ինչ դեռ նոր էր, իհարկե, վախենում էի։ Բայց ժամանակի ընթացքում ծանոթացա համավարակի նրբություններին և հմտացա։ Իհարկե, ռիսկը մեծ է, որովհետև վիրուսակիր հիվանդները գալիս են ռենտգեն հետազոտության՝ հաճախ ոչ մի  բուժում չսկսած։ Եվ մենք անմիջապես շփվում ենք նրանց հետ՝ մինչև բաժանմունք ճանապարհելը կատարելով ռենտգեն հետազոտությունը։ Բայց անհանգստությունս անհամեմատ թուլացավ, երբ համոզվեցի՝ եթե վստահ ես, որ պահպանել ես հակահամաճարակային բոլոր կանոնները, չես վարակվի և չես փոխանցի ուրիշներին։

Առաջին շաբաթներին հիվանդների թիվը փոքր էր․ օրական ընդունում էինք առավելագույնը 25 հոգի։ Մտածում էինք, որ  մարդիկ զգոն և ուշադիր կլինեն, բայց հիվանդների քանակն աստիճանաբար ավելացավ։ Այժմ օրական հետազոտում ենք 50-60 հոգու, երբեմն՝ 70։ Որպես մայրիկ՝ տխրում եմ, երբ հետազոտում ենք հիվանդ երեխաների։ Իսկ մեծահասակ տատիկ-պապիկների դեպքում նեղվում եմ նրանց անօգնականությունից։ Լավ է, որ ունենք հատուկ խնամքի սենյակ մեծահասակների համար, որտեղ նրանք ստանում են իրենց բուժումը։

Բնականաբար, սա ֆիզիկական և հոգեբանական լուրջ ծանրաբեռնվածություն է, որին այժմ ավելանում է շոգն ու  անգամ հանգստանալու հնարավորություն չունենալը։ Անընդհատ հիվանդների հոսք կա թե՛ մեր բաժանմունքներից, թե՛ դրսից, որ գալիս են շտապօգնության մեքենաներով։ Եվ դու պիտի կարողանաս հիվանդների հոսքն այնպես արագորեն կազմակերպել, որ ժամանակի կորուստ չլինի։

Արդյունքում ամեն կերպ պիտի կարողանանք պահպանել մեր հոգեկան հանգստությունը՝ աշխատանքային օրը քիչ թե շատ թեթև անցկացնելու համար։ Հակառակ դեպքում հոգեկան ծանրաբեռնվածությունն ավելի բացասական հետևանքներ կարող է ունենալ։

-Ճառագայթային ախտորոշումը մարդու մարմնի տարբեր օրգանների ուսումնասիրությունն է։ Համավարակի այս օրերին, հաշվի առնելով մարդկանց լարվածությունը, կարծում եմ՝ ցանկացած բժշկական գործողություն հաջողությամբ ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է նաև  հոգեբանական ախտորոշում։ Ի՞նչ բացահայտեցիք մեր հասարակության մեջ այս ընթացքում, որ մինչ այդ տեսանելի չէր։

-Ես շատ զարմացած եմ․ չէի կարծում, որ մենք այսքան անուշադիր ու անհետևողական ենք։ Փորձը ցույց տվեց, որ վարակվածների մեծ թիվը հենց չհավատալու, վիրուսի նկատմամբ ունեցած անտարբերության և կանոններին չհետևելու պատճառով եղավ։

Մարդիկ մեզ մոտ են գալիս արդեն իսկ խճճված, լարված, անգամ լալիս են, երբեմն նաև բարկանում, որ պոլիկլինիկաներում կամ նախորդ հիվանդանոցներում չկարողացան օգնել և այսպես բազում դժգոհություններ։ Հիվանդներ էլ կան, որ հոգեպես ընկճվում են ու հարց բարձրացնում՝ ինչու հենց իրենց հետ պիտի նման բան պատահեր։ Դրա համար էլ, երբեմն մինչև ռենտգեն հետազոտություն անելը, մենք երկար հոգեբանական զրույց ենք ունենում հիվանդի հետ։ Լինում են դեպքեր՝ սթրեսի ու վախի պատճառով մարդն անգամ չի կարողանում տեղից կանգնի, որ նկարվի։ Ճիշտ է, այս ամենը շատ հոգնեցուցիչ է, բայց կարևորն արդյունքն է։

-Որքանո՞վ էին մեր  բուժաշխատողները պատրաստ համավարակի նման զարգացումներին։

-Ես կբերեմ հենց Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի օրինակը, որի օրթոպեդներն ու վնասվածքաբանները, որպես ինֆեկցիոնիստներ վերապրոֆիլավորումից հետո, բավականին արագ կարողացան մտնել  նոր դերի մեջ ու մինչև այսօր հրաշալի կատարում են իրենց աշխատանքը  կորոնավիրուսով վարակված  հիվանդների հետ։ Նման արագությունն ուղղակի ողջունելի է։ Էլ չեմ ասում, թե բուժաշխատողներից յուրաքանչյուրն ինչպես է աշխատում իր ուժերի առավելագույն չափով՝ մոռանալով գիշերն ու ցերեկը։ Այս ամենից հետո պարզապես տհաճ է, երբ խոսվում է բուժաշխատողների թերացումների մասին։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչքան դժվար ու ժամանակատար է մի բժշկի համար հետևել միանգամից 30-40 հիվանդի, էլ չեմ խոսում բուժքույրերի հոգնածության մասին։ Բայց մարդիկ շարունակում են անտրտունջ աշխատել։ Ուստի հասարակությունը պարտավոր է հասկանալ ու գնահատել բժշկի ծանրաբեռնվածությունը։

-Ի՞նչն է բուժաշխատողներին օգնում ուժեղ մնալ, և ինչի՞ց նրանք կարող են ընկճվել։

-Բուժաշխատողներին օգնում է սերն իրենց աշխատանքի նկատմամբ։ Նման ծավալի վարակվածության դեպքում միայն սերը կարող է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Այս պահին մենք ունենք թե՛ հին, թե՛ նոր բուժաշխատողներ։ Բոլոր նրանք, որոնք շարունակում են անտրտունջ աշխատել, հայրենասերներ են։ Նրանք մարդիկ են, որ հետ են վերադառնում անգամ տուն գնալուց մեկ օր հետո։

Բուժաշխատողին կարող է ցավեցնել հիվանդության վատ ընթացքը։ Երբեմն հիվանդությունը կարող է րոպեների ընթացքում աննկարագրելի փոխվել՝ կարծես ջուրը գցելով բժշկի ողջ չարչարանքը։  Մենք կարող ենք ընկճվել նաև այն մարդկանց պատճառով, որոնք հիվանդության պատճառով շատ նյարդային են դառնում․ հաճախ անգամ դժվարանում է նրանց կառավարելը։

-Վերջին ամիսներին հասարակությունը կամ գովերգում է բժիշկներին, անգամ երգեր ձոնում կամ  ինչ-որ մի թերացումով պայմանավորված միանգամից քննադատում և վատաբանում։

-Յուրաքանչյուր ոլորտում էլ սխալներ լինում են, առավել ևս՝ հիմա, բայց ինձ համար անընդունելի է, որ այսօր, հատկապես կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոններում աշխատող որևէ բուժաշխատողի հանդեպ, կլինի բժիշկ, բուժքույր, մայրապետ, թե լաբորանտ, կարող են հնչել բացասական կարծիքներ ու վիրավորանքներ։ Մեր հիվանդանոցի անգամ բանվորներ են տքնաջան աշխատում։ Ինչպե՞ս կարելի է չգնահատել այն մարդկանց աշխատանքը, որոնք ժամերով մնում են  համապատասխան հագուստի մեջ, աշխատում աննկարագրելի ծանրաբեռնվածությամբ և գերհոգնած գնում տուն։  Ես սա ասում եմ ոչ միայն որպես բուժաշխատող, այլև որպես քաղաքացի։

-Երբ ամեն ինչ անցյալում մնա, ի՞նչ կփոխվի մեր բժիշկների կյանքում։  

-Այս ամենի ավարտից հետո նախ մեր բժիշկներին անհրաժեշտ կլինի արձակուրդ՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես վերականգնվելու համար։ Նրանք այժմ տանջվում են յուրաքանչյուր հիվանդի հետ, անկախ նրանից լավ է վիճակը, թե վատ։

Համավարակի ավարտից հետո մեր բուժաշխատողներն առավել հմուտ ու պրոֆեսիոնալ կլինեն։ Ես համոզված եմ՝ թե՛ բուժաշխատողների, թե՛ բոլորի համար փորձություն հանդիսացող այս վիճակից մենք պատվով դուրս կգանք։ Նաև հույս ունեմ՝ վիրուսի նահանջից հետո այսօրվա վերապրոֆիլավորված հիվանդանոցները կդառնան բազմապրոֆիլ, և ոչ մի բուժաշխատող չի կորցնի իր աշխատանքը։

-Տիկին Ջավադյան, չե՞ք հոգնել։

-Ես գիտեմ, որ սա իմ աշխատանքն է, գիտեմ, որ դռնից այն կողմ մեկ այլ մարդ էլ է անհամբեր սպասում հետազոտվելու իր հերթին։ Ու այդ մտքից ոգեշնչված՝ ես չեմ հոգնում։ Թերևս միայն այն ժամանակ եմ զգում հոգնածություն, երբ նստում եմ հանգստանալու։

Նշեմ նաև, որ ես լավատես եմ․ մտածում եմ՝ ամեն հաջորդ օր անպայման պիտի լուսավոր լինի, և ես էլ չպիտի հոգնեմ, չպիտի վախենամ աշխատանքի ծավալից։ Շատ վաղուց արդեն ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց մարդկանց օգնելու մեծ ցանկության։ Մեծ բավականություն եմ ստանում, երբ կարողանում եմ օժանդակել նրանց թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

-«Խեղդվում եմ այս դիմակից, չեմ կարող դնել» ի՞նչ եք զգում, երբ ամեն անգամ լսում եք այս նախադասությունը հիվանդանոցից դուրս։

-Մարդիկ չեն հասկանում, որ իրենք դնում են սովորական պաշտպանիչ դիմակ, այն էլ, առավելագույնը 1-2 ժամ։ Նաև մաքուր օդում, երբ շուրջը մարդ չի լինում, կարող են դիմակը հանել, կատարել որոշակի վարժություններ շնչառության կարգավորման համար և նորից դնել դիմակը։ Իսկ ահա բուժաշխատողներս դնում ենք ռեսպիրատոր դիմակ և 7-8 ժամ անընդմեջ։ Այսքանից հետո ուղղակի վիրավորական է, երբ ոչ թե բուժաշխատողներն են բողոքում, այլ մյուսները։

-Ի՞նչ հորդորով կդիմեք մեր հասարակությանը։

-Որքան էլ բուժաշխատողներն իրենք են ընտրել իրենց աշխատանքը, շատ կցանկանայի՝ հասարակությունն առավել հետևողական լինի։ Ուստի ես մարդկանց դիմում եմ և՛ կոչով, և խնդրանքով, որ նրանք կրեն այդ պաշտպանիչ դիմակները թե մաքուր օդում, երբ տարածքում իրենք մենակ չեն, թե՛ առավել ևս փակ տարածություններում։ Այս վիրուսը բավականին արագ է տարածվում, և մեզնից յուրաքանչյուրը վարակվելու դեպքում կարող է վարակել իր ընտանիքի անդամներին։ Իսկ եթե կարող ենք այս ամենին վերջ դնել, ապա ինչու չհետևել սանիտարահիգենիկ կանոններին։ 

-Տիկին Ջավադյան, ի՞նչ կմաղթեք Բուժաշխատողի օրվա առթիվ։

-Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում ոլորտի աշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին, բոլորին՝ իրենց կատարած ահռելի աշխատանքի համար։ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կենտրոնի ռենտգեն բաժանմունքի բոլոր աշխատողներին էլ մեր բաժնի վարիչ Ալլա Արգամովնայի գլխավորությամբ առանձնահատուկ մաղթանքներ եմ հղում։

Մեր բոլոր բուժաշխատողներին ցանկանում եմ քաջառողջություն, մեծ ուժ ու եռանդ թագավարակի դեմ պայքարելու այս դժվարին գործում։

Արփի Խաչատրյան

Բուժաշխատողի օր Անահիտ Ջավադյան նոր կորոնավիրուս Հայաստան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ՀՀ համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին դիմակայելու հնարավորություններ է ստեղծում․ արաբագետ
Օգոստոսի 5-6-ը կկայանա Եվրոպայի առցանց պատանեկան առաջնության ընտրական մրցաշար
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 45 հազար դեպք  է գրանցվել
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ.հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է
Թրամփի խորհրդականը բուժվել է կորոնավիրուսից
ԴիԿապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ
ԱՀԿ-ն թարմացրել  է  աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը  
Մասնագիտական և մարդկային արժանապատվություն
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան
Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է ամիսներով հետաձգվել․ Թրամփ
COVID-19- ից պաշտպանվելու համար շոգ եղանակին դիմակներն  ավելի  հաճախ  պետք է փոխվել․  գիտնական
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)
Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Ավելին
Ավելին