f

Անկախ

Ի՞նչ ԱՐԵՑ Վրաստանը և ի՞նչ ՉԱՐԵՑ Հայաստանը․ կորոնավիրուսային գոլ ՀՀ իշխանություններին


Մինչ Հայաստանը կորոնավիրուսով վարակակիրների ու մահերի թվով նոր ռեկորդներ է սահմանում և աշխարհի կողմից ճանաչվում որպես ամենավտանգավոր երկրներից մեկը, հարևան Վրաստանը հաղթահարում է վիրուսը և պատրաստվում շուտով բացել սահմանները զբոսաշրջիկների համար։

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հունիսի 18-ին առողջապահության նախարարի տարեկան զեկույցի ներկայացումից հետո հայտարարեց, որ երկրի առողջապահական համակարգը վերջին 4 ամիսների ընթացքում շատ լավ է աշխատել և հաջողությամբ հաղթահարել համավարակի վտանգը:

Իսկ թե ինչպե՞ս Վրաստանին հաջողվեց արդյունավետ պայքարել ու կանխել վարակի տարածումը, վկայում են այն գործողություններն ու համալիր միջոցառումները, որոնք արվեցին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և ամենակարևորը՝ դեռևս վարակը երկիր ներթափանցելուց առաջ։

Փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, սակայն մինչ այդ արդեն դրսից ժամանած բոլոր անձանց 2 շաբաթով մեկուսացնում էին։ Շատ կարևոր էր, որ նոր վարակակիրներն ի հայտ էին գալիս մեկուսարաններում և վերահսկելի էին։ Մինչ օրս էլ նույն պրակտիկան շարունակվում է․ դրսի ժամանած բոլոր անձանց 2 շաբաթով պարտադիր մեկուսացնում են։

Չնայած երկրում վարակակիրների թիվը չէր անցնում 3 տասնյակը, այնուամենայնիվ, մարտի 18-ից արգելվեց բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, սահմանները փակվեցին։ Ուսումնական հաստատություններն անցան հեռավար ուսուցման, փակվեցին գրեթե բոլոր հաստատությունները։ Բաց էին միայն պետական ծառայությունները, բանկերը, մթերային խանութները, դեղատներն ու բենզալցակայանները: 

Իսկ մարտի 21-ին Վրաստանը հայտարարեց արտակարգ դրություն մեկ ամսով, երբ հասկացավ, որ վարակակիրների թիվն ավելանում է, և հնարավոր է, որ վարակի օջախները դուրս գան վերահսկողությունից։

Մարտի 30-ի դրությամբ Վրաստանում գրանցված էր շուրջ 100 հիվանդ, և արդեն հայտնի էր դարձել, որ Մարնեուլ և Բոլնիս քաղաքներում կան մի քանի վարակակիրներ։ Պետությունն անմիջապես փակեց քաղաքների ելքն ու մուտքը, և Մարնեուլն ու Բոլնիսը հայտարարվեցին կարանտինային գոտիներ։

Անկախի հետ զրույցում Վրաստանի առողջապահական համակարգի աշխատակիցներից մեկը պատմում է, որ այդ օրերին հատուկ խմբերն այցելելում էին այդ երկու քաղաքներ և տուն առ տուն մտնելով՝ տեղում ստուգում իրավիճակը, ջերմաչափում բոլոր քաղաքացիներին, ջերմողներին անմիջապես մեկուսացնում, թեստավորում, ախտահանում քաղաքների փողոցները, հաստատված վարակակիրներին հոսպիտալացնում, կասկածելիներին մեկուսացնում և պահում խիստ հսկողության տակ, իսկ երկու շաբաթ անց արդեն թեստավորման դրական արդյունքով բոլոր հիվանդներին հոսպիտալացվում։ Գլխավոր ձեռքբերումն այն էր, որ երկու քաղաքների վարակակիրները չէին հասցրել դուրս գալ իրենց բնակավայրերից և վարակը տարածել։ Փաստորեն վարակի օջախները տեղում չեզոքացվել էին։ Հետագայում Մարնեուլի և Բոլնիսի հաջողված օրինակը տարածվում է նաև այլ քաղաքների վրա։

Մարտի 31-ին երկրի ողջ տարածքում սահմանվեց կարանտինային ռեժիմ, իսկ երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 06։00-ն՝ պարետային ժամ։

Կասեցվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը, տաքսիների գործունեության վրա խիստ կանոնակարգումներ սահմանվեցին (ոչ ավել, քան 2 ուղևոր և այլն), ելք ու մուտքի արգելք սահմանվեց երկրի 6 խոշոր քաղաքների համար, անձանց ելումուտը տնից սահմանվեց միայն ծայրահեղ դեպքում, անձնագրի առկայությամբ, տարեցների դեպքում՝ առավել ծայրահեղ դեպքերում։

Այս խիստ միջոցառումների պատճառը նաև այն էր, որ երկրում հաստատվել էր վարակի 3 դեպք, որոնց աղբյուրը հայտնի չէր։

Թբիլիսիում բնակվող մեր հայրենակիցներից մեկը պատմեց, որ այդ օրերին արգելված էին հավաքույթները, հարսանեկան կամ թաղման արարողությունները։ Երբ այդ ընթացքում մահացել էր նրա պապը, հոգեհանգստի և թաղման արարողություն, որպես այդպիսին, տեղի չէր ունեցել։ Մասնակցել էին միայն ամենամոտ հարազատները։

«Շատ մեծ տուգանքներ էին սահմանված։ Եթե, օրինակ, ժամը 9-ից հետո տնից դուրս գայիր, կտուգանվեիր  3 հազար լարիով  (մոտ հազար ԱՄՆ դոլար), իսկ պետական պաշտոնյաների համար տուգանքն ավելի մեծ էր՝  15 հազար լարի (շուրջ 5000 ԱՄՆ դոլար): Եթե խախտումը կրկնվեր, սպառնում էր ազատազրկում 3 տարի ժամկետով»։

Այնուամենայնիվ, տեսնելով, որ վարակը ոչ թե նահանջում է, այլ ավելանում, Վրաստանի իշխանություններն ավելի կոշտ մեթոդների դիմեցին։

Ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից սկսած, ամբողջությամբ արգելվեց թեթև մարդատար մեքենաների տեղաշարժը ահմանափակումները չէին տարածվում միայն բեռնափոխադրող և առաքման ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա): Արգելվեց նաև առանց դիմակի մուտքը հասարակական փակ վայրեր։ Վերահսկողությունն իրականացվում էր ոչ միայն ոստիկանական ավտոմեքենաների միջոցով, այլև ուղղաթիռներով։

Նշենք, որ ապրիլի 17-ի դրությամբ, երբ երկրով մեկ սահմանված էր խստագույն ռեժիմ, վարակակիրների թիվն ընդամենը 370 էր, մահացածներինը՝ 3։

Ապրիլի 21-ին մեկամսյա արտակարգ դրության ժամկետն ավարտվում էր, սակայն Վրաստանի իշխանությունները որոշեցին ռիսկի չգնալ ու ևս մեկ ամսով երկարաձգեցին արտակարգ դրությունն ու պարետային ժամը՝ չեղարկելով դրանք միայն մայիսի 23-ին։ Այդ օրվա դրությամբ երկրում վարակակիրների թիվը 728 էր, մահվան դեպքերը՝ 12։ Չնայած քաղաքացիների համար վերացվեցին որոշակի սահմանափակումներ, մի շարք օրենքներ ու կանոններ պահպանվում են մինչ օրս։ Օրինակ՝ պարտադիր է բժշկական դիմակ կրելը փակ հասարակական տարածքներում, ներառյալ առևտրի կենտրոններում, պարտադիր է սոցիալական հեռավորության պահպանումը և այլն։

Մայիսի վերջից սկսած երկիրը կամաց-կամաց վերադառնում է բնականոն հուն՝ հաջողությամբ հաղթահարելով համավարակը։ Տարբեր ոլորտների վերաբացման համար սահմանված է 6 փուլ, որից մնացել է միայն վերջինը։

Առայժմ փակ են, սակայն շուտով կվերաբացվեն զվարճանքի կենտրոնները, սպորտային ակումբները, մշակութային կենտրոնները, շահումով խաղերի և խաղատների ոլորտը, Թբիլիսիի հյուրանոցները (Թբիլիսիից դուրս գտնվող հյուրանոցներն արդեն բաց են), ուսումնական հաստատությունները և այլն։ Իսկ հուլիսի վերջից կվերականգնվի նաև օդային կանոնավոր հաղորդակցությունը և զբոսաշրջիկների մուտքը երկիր։ Սակայն Վրաստանը զբոսաշրջիկներ կընդունի միայն այն երկրներից, որոնք  գտնվում են «կանաչ» գոտում, այսինքն հաղթահարել են վիրուսը և համաճարակաբանական տեսանկյունից անվտանգ են։ Հայաստանի համար սահմանը կմնա փակ։

Հատկանշական է, որ հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբացումը կատարվում է խստագույն նորմերով ու չափորոշիչներով։  Ընդ որում, կառավարությունն այդ չափորոշիչները մշակում է յուրաքանչյուր ոլորտ համակարգող ասոցիացիաների, մասնագիտական խորհուրդների հետ քննարկումների արդյունքում, որպեսզի դրանք դեկլարատիվ բնույթ չկրեն և գործնականում կիրառելի լինեն։

Օրինակ, չափազանց խիստ կանոններ են սահմանված գեղեցկության սրահների, էսթետիկ բժշկության կենտրոնների գործունեության համար։ Վրաստանում ցանկացած գեղեցկության սրահ կամ էսթետիկ կենտրոն մտնելիս պետք է նախ անցնեք «դեզոբարիերի» վրայով, որը խորությամբ ախտահանում է կոշիկները։ Որից հետո պետք է հագնեք բախիլներ, ախտահանեք ձեռքերը, ստուգեք ջերմությունը, ապա նոր ներս անցնեք։

Կենտրոններում սահմանված է 2 մետր սոցիալական հեռավորություն։ Եթե սալոնը փոքր է, ապա, օրինակ, մատնահարդարների միջև պետք է անպայման դրված լինի պաշտպանիչ ապակի։ Իսկ մատնահարդարի ու հաճախորդի միջև ցանկացած դեպքում պետք է լինի պաշտպանիչ ապակի։ Վարսահարդարը պարտավոր է լինել պլաստիկ դիմակով։ Սպասասրահներում սպասելն արգելված է։

Չնայած իրավիճակը վերահսկելի է, միևնույն է՝ 10 հոգուց ավելի հավաքույթներն արգելված են։

Ուշագրավ է նաև այն, որ վարակի տարածման հենց սկզբից Վրաստանում մեկնարկեց միջազգային չափորոշիչներին համապատասխանող ախտահանիչ խցիկների արտադրություն։ Այն տեղադրվում է մուտքի մոտ, և մարդը ներս մտնելուց առաջ մի քանի վայրկյան անցկացնելով այնտեղ՝ ամբողջությամբ ախտահանվում է։ Շատ հաստատություններ արդեն կիրառում են այդ խցիկները։

Երթուղային տրանսպորտը նույնպես վերաբացվեց խիստ կանոններով։ Ուղևորները պարտադիր պետք է լինեն դիմակով, տրանսպորտ մտնելիս ախտահանեն ձեռքերը սրահում տեղադրված ախտահանիչների միջոցով, կողք-կողքի նստելն արգելված է, պետք է նստեն շախմատային դիրքով և այլն։ Քանի որ Վրաստանում վաղուց հասարակական տրանսպորտի վարորդը ուղևորի հետ չի առնչվում գումարային հարցերով (վճարումը կատարվում է քարտով կամ կտրոնով), վարորդի և ուղևորների միջև կա պաշտպանիչ ապակի։ Երթուղային տրանսպորտում արգելված է միացնել կոնդիցիոներ, բոլոր պատուհանները պետք է բաց լինեն։ Կանգառներում ուղևորների քանակը հսկում է ոստիկանը։

Հունիսի 8-ից բացվեցին նաև մոլերը, բացօթյա ռեստորաններն ու սրճարանները։ Օրինակ՝ մոլերի համար սահամանվել են հետևյալ չափանիշները․ հաճախորդները պետք է լինեն դիմակով ու ձեռնոցով, պետք է ջերմաչափվեն, մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինի «դեզոբարիեր», պետք է լինի օդափոխության ավելի հզոր համակարգ, ընդհանուր տարածքները պետք է մաքրվեն ու ախտահանվեն նոր չափորոշիչներով և այլն։

Մի կարևոր նկատառում․ եթե, օրինակ, երևանյան մոլերում թույլատրվում է հագուստը փորձել, Վրաստանում այն խստիվ արգելված է։ Իսկ եթե հագուստը գնում ես ու վերադարձնում, ապա այն չի կախվում խանութում, այլ տարվում է ախտահանման։

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ համավարակի դեմ պայքարում Վրաստանի հաջողության կարևոր գործոնները եղել են վարակը երկիր մուտք գործելուց առաջ իրականացված կանխարգելիչ միջոցառումները, վարակը մուտք գործելուց հետո օպերատիվորեն օջախների հայտնաբերումն ու խիստ վերահսկողությունը, կարանտինային իրական և ոչ ֆորմալ ռեժիմի սահմանումը, հակահամաճարակային առավել ընդգրկուն մեթոդների կիրառումը և ամենակարևորը՝ չափազանց զգոնությունը։

Արդյունքում այսօրվա դրությամբ  Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 919 է, որոնց մեծ մասն արդեն ապաքինվել է։ Ստացիոնար բուժում է ստանում ընդամենը 260 հիվանդ։ Մահվան դեպքերի թիվը 14 է։

Պատահական չէ, որ մերիկյան The Washington Post պարբերականը վերջերս Վրաստանը ներկայացրեց որպես կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից մեկը՝ ընդգծելով, որ երկրի կառավարության կողմից ճիշտ ժամանակին ընդունված միջոցառումները (օրինակ՝ դեռևս հունվարի վերջից սահմանված պարտադիր ջերմաչափումն օդանավակայաններում և միջազգային չվերթների սահմանափակումը) օգնել են կանգնեցնել վիրուսի տարածումը:

Չնայած այս լավատեսական ցուցանիշներին՝ Վրաստանի առողջապահության նախարարը օրերս հայտարարեց, որ իրենք այս ընթացքում մեծ փորձ են ձեռք բերել և պատրաստվում են դիմակայել վարակի երկրորդ ալիքին, որը հնարավոր է բռնկվի հոկտեմբեր ամսին։ Սակայն Վրաստանում համոզված են, որ այս անգամ մահաբեր վիրուսի դեմ պայքարն առավել արդյունավետ կընթանա և ամենակարևորը՝ հանրային կյանքի հնարավորինս քիչ սահմանափակումներով։

Հայաստան Վրաստան կորոնավիրուս կորոնավիրուսի դեմ պայքար

Այլ հոդվածներ հեղինակից

Օգոստոսի 5-6-ը կկայանա Եվրոպայի առցանց պատանեկան առաջնության ընտրական մրցաշար
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 45 հազար դեպք  է գրանցվել
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ.հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է
Թրամփի խորհրդականը բուժվել է կորոնավիրուսից
ԴիԿապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ
ԱՀԿ-ն թարմացրել  է  աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը  
Մասնագիտական և մարդկային արժանապատվություն
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան
Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է ամիսներով հետաձգվել․ Թրամփ
COVID-19- ից պաշտպանվելու համար շոգ եղանակին դիմակներն  ավելի  հաճախ  պետք է փոխվել․  գիտնական
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)
Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Իսպանիայում ավելի քան  300 հազար  մարդ  վարակվել է   կորոնավիրուսով
Ավելին
Ավելին