f

Անկախ

Այս համակարգը աշխարհի շատ երկրներում է կիրառվել և ձախողվել․կրթության փորձագետը՝ առաջարկվող փոփոխության մասին


Հանրային քննարկման  ներկայացված  հանրակրթության պետական չափորոշիչը կրթական համայնքում բուռն քննարկումների տեղիք  է տվել։ Առաջարկվող բարեփոխումների ուժեղ և թույլ կողմերի  մասին է «Անկախը» զրուցել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։  

-Պարոն Խաչատրյան, չունենալով կրթության ռազմավարություն` հերթական կրթական բարեփոխումն ենք նախաձեռնում։ Որքանո՞վ է նման մոտեցումը տրամաբանված։

- Իհարկե, տրամաբանված չէ, մանավանդ հեղափոխությունից հետո։ Մենք ոչ միայն չունենք ռազմավարություն, մենք նույնիսկ չենք  գնահատել նախորդ ժամանակաշրջանում տեղի ունեցածը։ Նախորդ իշխանությունները մոտ 20 տարի ղեկավարել են երկիրը։ Հիմա  տեղի է ունեցել հեղափոխություն։ Ո՞րը պետք է լիներ առաջին քայլը։ Վերլուծել՝ նախորդ 20 տարիներին ինչ խնդիրներ ենք ունեցել և դրանց արդյունքում Հայաստանը հիմա ինչ մարտահրավերների առաջ է կանգնած։

Ռազմավարությունն այդ գնահատման վրա պետք է մշակվի, ոչ թե իջնի երկնքից։ Իրավիճակային գնահատում պետք է անես, որ հասկանաս, թե ինչ խնդիրներ ունի քո երկիրը, քո բառը հատուկ եմ շեշտում, որովհետև մենք ինչ անում ենք, մեր երկրի համար պետք է անենք։ Հիմա մենք այս երկու քայլերը չենք արել, միանգամից երրորդ քայլն ենք անում։

Նույնը և բարձրագույն կրթության ոլորտում ենք արել, այնտեղ էլ չկա ռազմավարություն, բայց մշակվել է  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որտեղ որոշված է, որ այդ երկու ոլորտները մեկ օրենքով պետք է կարգավորվեն։ Ինչի՞ հիման վրա։ Ես չեմ ասում՝ սխալ որոշում է, ես հարցնում եմ, թե որն է հիմնավորումը։

Հիմա նույնը սա է։ Մենք ինչպե՞ս եկանք հանգեցինք այս չափորոշչին։ Կարծում եմ, որ հերթականությունը խախտել ենք։ Եթե հիմա ռազմավարություն գրենք, պետք է փորձենք ռազմավարությունը հարմարեցնել մեր չափորոշչին։

- Այնուամենայնիվ,  բավականին ծավալուն փաստաթուղթ է մշակվել։ Որպես փորձագետ   փաստաթղթում ի՞նչ ուժեղ և թույլ կողմեր կառանձնացնեք։

- Ուժեղ կողմն այն է, որ անցում է կատարվում  կոմպետենցիաների վրա հիմնվող մոտեցման։ Իհարկե, ես սա պայմանական եմ համարում ուժեղ կողմ, որովհետև դա դեռ ոչինչ չի երաշխավորում։ Ես նույնիսկ վստահ էլ չեմ, որ այս պահին մեր համակարգը լիարժեք հասկանում է, թե ինչու է պետք այդ անցումը։

Իսկ այդ համակարգին անցնել պետք է, որովհետև  կոմպետենցիաների վրա հիմնվող կրթությունը երկու ուժեղ կողմ ունի, առաջինը՝ այն փորձում է  ավելի համակողմանի կրթական համակարգ ստեղծել, որտեղ ոչ միայն կլինեն գիտելիքներ և հմտություններ, այլ նաև արժեքներ, դիրքորոշումներ և այլ նման բաներ։ Երկրորդ առավելությունն այն է, որ կոմպետենցիոն  կրթությունը կարևորում է ոչ միայն այն, ինչ գիտես, այլ նաև այն, թե  իմացածդ ինչպես ես կիրառում։ Կոմպետենտ բառը բիզնեսից է եկել,  նշանակում է մարդ, որն իր գործի վարպետն է։ Հիմա կրթական համակարգը փորձ է արվում տանել դեպի վարպետացում։ Բայց նորից եմ ասում, մենք պետք է  հիմնավորենք, թե ինչու է մեզ պետք այս համակարգը։

Իսկ թույլ կողմն այս պահին այն է, որ  կոմպետենցիաները և վերջնարդյունքներն իրար չեն բռնում։ Այդ 8 կոմպետենցիաները և վերջնարդյունքները դեռևս պետք է  համահունչ դառնան։  Օրինակ՝ մենք ունենք սովորել սովորելու կարողունակություն։ Ո՞ր վերջնարդյունքներն են բերելու այս կոմպետենցիայի  ապահովմանը կրտսեր դպրոցում, միջին դպրոցում և ավագ դպրոցում։ Սա պետք է հստակ տեսնենք։

Չափորոշիչ գրելու  թիվ մեկ սկզբունքն այն է, որ փաստաթուղթը պետք է գրվի շատ հետևողական ձևով, այսինքն՝ մի բանից պետք է  տրամաբանորեն բխի մյուս բանը, դրանից այն մյուսը։ Եթե դրանց միջև կան անհամարժեքություններ, այդ փաստաթուղթը չի կարող սահուն ձևով իրագործվել։

Մյուս խնդիրն այն է, որ պետք է նշենք, թե ինչ է նշանակում կոմպետենցիաների վրա հիմնվող ուսուցում։ Երբ չափորոշիչ ես գրում, այն, ըստ մանկավարժական տեսության, ունենում է երեք բաղկացուցիչ։ Առաջինը՝ վերջնարդյունք, այսինքն՝ ուր ես ուզում հասնել, երկրորդ՝ ինչպես ես դա գնահատելու և երրորդ՝  ինչ մանկավարժական մտեցումներով ես դրան հասնելու։ Այս փաստաթղթում վերջնարդյունքների և գնահատման մասը կա, բայց երրորդ մասը, թե ինչպես պետք է դա արվի, չկա, միայն նշված է առարկայացանկ։ Մինչդեռ պետք է, որ թեկուզ մի էջանոց նկարագրություն լինի։

Ինչո՞ւ է սա  կարևոր։ Որպեսզի  ես, որպես ուսուցիչ, հասկանամ, թե ինչ է  կոմպետենցիոն  կրթության մանկավարժությունը,  ինչն եմ ես հիմա այլ կերպ անում, որը փոխելուց հետո կարող եմ անցնել այս նոր համակարգին։

- Պարոն Խաչատրյան, պաշտոնապես հայտարարվել է, որ  փաստաթուղթը սահմանում է  կարողունակություններ, իսկ ապահովման ձևը թողնվում է դպրոցին։ Որքանո՞վ են  դպրոցները պատրաստ նման պատասխանատվության։

- Այստեղ գալիս է հաջորդ ծուղակը։ Եթե դպրոցները չապահովեն, կարո՞ղ է  նրանց քավության նոխազ դարձնենք և ասենք՝ այս բարեփոխումը ձախողվեց, քանի որ դպրոցները չկարողացան ապահովել։ Դա արդեն չեղավ պետական մոտեցում։ Երբ ինչ-որ բան ես փոխում, պետք է ապահովես դրա իրականացումը։ Չես կարող  մարդկանց ասել՝ ինչ ուզում եք արեք, բայց իմացեք, որ վերջում դուք եք պատասխան տալու։

- Նշվում է, որ չափորոշչով դպրոցներին մեծ անկախություն և ճկունություն է տրվում։ Ի՞նչ է դա նշանակում։

- Այս դեպքում հասկանում են, որ դպրոցներն իրավունք ունեն ազատ ընտրություն կատարելու առարկաների միջև, որովհետև դրվում են նվազագույն և առավելագույն  շեմեր։ Այսինքն՝ դպրոցները կարող են իրենք որոշել, թե քանի  ժամ են տալիս յուրաքանչյուր  առարկային։ Օրինակ՝ նախարարությունն ասում է՝ կարող եք առարկաների տվյալ խմբին տալ ժամերի 15-20 տոկոսը, հիմա դպրոցը  15  տոկոսը կհատկացնի,  16 թե 20,  կորոշի դպրոցը։

Նաև աշակերտն է ընտրելու հնարավորություն ստանում։

- Աշակերտների ընտրության առումով։ Ժամանակին ավագ դպրոցն էլ աշակերտին ընտրության մեծ հնարավորություն էր խոստանում, որը սուղ ֆինանսավորման պատճառով հաճախ հնարավոր չէ։ Արդյոք վտանգ կա՞, որ այս պարագայում էլ հոսքային ձախողված ուսուցման կրկնությունուն կունենանք, եթե բավարար ֆինանսական միջոցներ չհատկացվեն։

- Հոսքայինի առանձնահատկությունն այն է, որ թեև չի արգելվում, բայց նման ուսուցում կարող են կազմակերպել միայն առանձնացված ավագ դպրոցները։ Սովորական միջնակարգ դպրոցը չի ստանում այնքան ֆինանս, որ հոսքային ուսուցում իրականացնի։ Հիմա նախարարությունն ասում է, որ ֆինանսավորումն ավելանալու է, որպեսզի բոլոր դպրոցներում, լինի Երևանի կենտրոնի ավագ դպրոց թե հեռավոր գյուղի ավագ դասարան, աշակերտները հնարավորություն ունենան ինքնուրույն ընտրելու։  Սակայն, հաշվի առնելով համավարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամը, չգիտեմ, թե որքանով այդ ֆինանսավորումը կլինի։ Այստեղ բազմաթիվ հարցեր կան։

Ասում ենք՝ ուսուցչին ազատություն ենք տալիս։ Ազատությունն իր հետ բերում է պատասխանատվության աճ, իսկ դա ենթադրում է նաև բարձր աշխատավարձ։ Չափորոշիչն ուսուցչին հնարավորություն է տալիս ծրագիր գրել և դասավանդել։ Բայց եթե  ուսուցիչը պետք է ստանա ցածր աշխատավարձ,  22 ժամ դաս պարապի  և բովանդակություն ստեղծի, դա կլինի բավական ծանր աշխատանք։

- Իսկ առաջարկվող կամավոր  ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացումը այս խնդիրը որքանո՞վ կարող է լուծել։

- Կամավոր ատեստացիան հարցի լուծում չէ, այն բազմաթիվ այլ հարցեր է ստեղծելու, այդ թվում և անհավասարություն։  Շատ դժվար է ապացուցել, թե ինչ է նշանակում լավագույն ուսուցիչ։ Ո՞նց ենք  չափում։  Եթե նույնիսկ շատ արդար անցնի այս պրոցեսը,  ոչ մի երաշխիք չկա, որ ընտրվել են լավագույնները, և որ այդ լավագույնները կապահովեն  ֆանտաստիկ լավ արդյունք։

Ի վերջո, ինչի՞ համար ես բարձր վճարում ուսուցիչների մի մասին։ Եթե վճարում ես, որ այդ մի մասը լավ ապրի, սխալ է։ Իսկ եթե նպատակն աշակերտի առաջադիմությունը լավացնելն է, եթե օրինակ՝ 20 տոկոսին բարձր ես վճարում, 80 տոկոսին ցածր, չէ՞ որ աշակերտը նաև այն ցածր վճարվող ուսուցչի մոտ է սովորում։

- Ստացվում է, որ այս տրամաբանությամբ աշակերտը  մի առարկան լավ կիմանա, 4-ը՝ վատ։

- Դա լավագույն դեպքում։ Այսինքն մի առարկայի ուսուցիչը մոտիվացված կլինի, մյուս չորս առարկաների ուսուցիչները ոչ մի մոտիվացիա չեն ունենա։ Ենթադրենք՝   դեմոտիվացված ուսուցիչները  մաթեմատիկայի և հայոց լեզվի ուսուցիչներ են, իսկ այդ բարձր աշխատավարձ ստացողն  անգլերենի ուսուցիչը։ Եթե երեխան ուզում է դառնալ մաթեմատիկոս, ի՞նչ է ստանում այս ամենի արդյունքում։

 Ընդ որում, այս համակարգը աշխարհի շատ երկրներում կիրառվել է և ձախողվել։ Պետությունը հասկացել է, որ ուսուցիչների մի մասին բարձր աշխատավարձ տալը շատ թանկ է նստում իր վրա, բայց այդ ծախսված գումարը համարժեք չէ ստացված արդյունքին։ Որովհետև դպրոցը համակարգ է, միայն մի քանի  ուսուցչով չի որոշվում։

- Պարո՛ն Խաչատրյան, Ձեր կարծիքով ի՞նչ է պետք, որ այս բարեփոխումը նախորդների պես չմնա թղթի վրա, այլ իրագործվի։

- Երեք բան է պետք։ Առաջինը՝ համապատասխան ֆինանսավորում։ Հենց սա չեղավ, ասելու են՝ հարգելի ուսուցիչներ, մենք ձեզ վերապատրաստել ենք, եթե  չի ստացվում, ուրեմն դուք եք մեղավոր։

Երկրորդը՝ պետք է երկրի կրթական մթնոլորտի  փոփոխություն։ Այսօր Հայաստանում կրթությունն արժեզրկված է։ Մի երկրում, որտեղ կրթությունն արժեզրկված է,  չես կարող շատ բանի հասնել։

Եվ երրորդը՝ պետք է իրագործում։ Այնպես չէ, որ նախկին բարեփոխումների ժամանակ չի եղել վերապատրաստման մոդուլ  կամ գնահատման կարգ, այդ ամեն ինչն այսօր էլ կա թղթի վրա։ Կարևոր է, թե ոնց ես իրականացնում։ Իմ կարծիքով՝ կրթական համակարգում այսօր բավականին հիասթափված վիճակ է։ Հիմա կարողանալո՞ւ ենք մարդկանց այդ վիճակից դուրս բերել։ Եթե ոչ,  ինչքան էլ սիրուն բան գրվի, դա  մարդուն չի ոգևորի։

 

 

կրթություն Սերոբ Խաչատրյան

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների
Տարաշածրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է
Ինչոր մարդիկ, որոնք կարծում եմ գյումրեցի չէին փող էր բաժանել «Իմ քայլը», ուրիշ ոչինչ. Վազգեն Մանուկյանը՝ Գյումրիի՝ ճանապարհը փակելու մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցին
«Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով»․ Վազգեն Մանուկյան
Հայաստանում տոտալ ոչնչացված է ցանկացած հեղինակութուն․ Վազգեն Մանուկյան
Դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից պահանջներ ներկայացնելու փորձը. ՄԻՊ
Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info
Ռուսաստանում  մեկ  օրում կորոնավիրուսի 24,715 դեպք  է  հայտնաբերվել
«Ես համաձայն եմ, որ Նիկոլը պրոյեկտ է». Վազգեն Մանուկյան
Միգրանտների թիվն աշխարհում 20 տարվա ընթացքում աճել է 108 միլիոնով
Վազգեն Մանուկյանի դեմ Գյումրու մատույցներում կազմակերպված ակցիայի հեղինակը գյումրեցիներին քաջ հայտնի Արտյոմ Թումանյանն է նույն ինքը 《բաթաթով տղեն》
Գյումրիում պարոն Վազգեն Մանուկյանի հետ պատասխանում ենք մեր հարյուրավոր քաղաքացիների հարցրեին
Մակրոնն Էրդողանին առաջարկել է կարգավորել հարաբերությունները
Ասում են՝ կան մարդիկ, որ Նիկոլի կողմից են. ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված. Վազգեն Մանուկյան
Հունվարի 11-ին տեսա՞ք՝ ոնց էին նայում մեր երկրի ղեկավարին, դա վերաբերմունք է նաեւ մեր նկատմամբ. Վազգեն Մանուկյան
Ամանորյա պարգեւատրումներ են ստացել գլխավոր դատախազն ու տեղակալները. այն կազմում է ավելի քան 1,7 մլն դոլար․ «Փաստինֆո»
Մոսկվայում Փաշինյանը պետք է պայման դներ՝ մինչև գերիների հարց չլուծվի, այլ հարց չքննարկել, այլապես դուռը «շրխկացներ» Վազգեն Մանուկյանուկյան
Աննա Հակոբյանը Մոսկվայում գաղտնի հանդիպել է մի կնոջ հետ, որը եղել է ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով. Mediaport
ՀՌՀ կողմից Արմնյուզ, 5-րդ ալիք և Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ.փաստաբան
Սեյրան Օհանյանը խեղաթյուրել է փաստերը, նրա գրառման բովանդակությունը տարակուսանքի տեղիք է տալիս․Դատախազություն
Մեր հանդիպման նպատակն է. քննարկել, թե երկիրն ինչ վիճակում է եւ միասին մտածենք, թե ոնց կարելի է երկիրն այս վիճակից հանել
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է գյումրեցիների հետ․ ուղիղ
Ամփոփվել են 2020 թվականին կատարած աշխատանքների արդյունքները
Ինձ այս պահին վարձատրությունը այդքան էլ չի հետաքրքրում․ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն հանդիպել է «Իմ քայլի» հետ
Ավելին
Ավելին