f

Անկախ

«Մտավորականություն», որ վերածվել է կախման կետի


Մի ավագ ընկեր ունեմ, որ խորհրդային տարիներին բարձրաստիճան պաշտոնյա է եղել, հիմա հասարակական գործիչ է, ամեն օր լուրերը կարդալուց ու լսելուց հետո զանգահարում է ու «միտինգ» անում՝ ընթացք տալով զայրույթին: Համբերատար լսում եմ, թեպետ վստահ եմ, որ ինձնից բացի, նույն  զրույցն անում է ևս մի 10-15 հոգու հետ: Մարդ է, պայթում է, պիտի հնար տաս, որ սիրտը դատարկի: Եվ ամեն անգամ նրա ելույթն ավարտվում է այսպես. «Լավ, մենք մտավորականություն ունե՞նք, թե չունենք, դրանց սիրտը  ո՞նց է տանում, ինչո՞ւ են լռում, իսկ մեր ժամանակ….»:

Օրերս ֆեյսբուքի էջիս եկավ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի գրառումը: Ուրախացա, մտածեցի՝ կարդամ ու փոխանցեմ ընկերոջս: Ավաղ: Այդ գրառումը զգացմունքային մարդու համար չէր, ամուր նյարդեր պիտի ունենայիր այն կարդալու համար, էլ ո՞ւր ուղարկեի մեկին, որի նյարդերը, ինչպես ասացի, ամեն օր տեղի են տալիս:

Անկեղծ ասած, եթե հեղինակի անունը գրված չլիներ, կմտածեի, որ այն կա՛մ հայտնի ՊՈԱԿ-ի աշխատողների մտքի թռիչքն է, կա՛մ այն ռոմանտիկ կիսադեմով և ուռցրած շրթունքներով տիկնանց հերթական զեղումը, որոնք տանել չեն կարողանում, երբ իրենց սիրելի վարչապետի հասցեին որևէ քննադատական խոսք է հնչում: Բայց գրված էր:

Հենրիկ Հովհաննիսյանի ստորագրությամբ իշխանամեծար  հրապարակումներ էլի ենք կարդացել, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, բայց երբեք այսպիսի մակարդակ չի եղել: Սկզբնական զարմանքից ու շփոթմունքից հետո մի անախորժ զգացում է նստվածք տվել, որից հնարավոր չէ ձերբազատվել: Այդպիսի դեպքերում, իհարկե, լավագույն միջոցը պատասխանելն է, բայց ինչի՞ն պատասխանես:

Ծայրից ծայր հայհոյանք է ընդդիմության հասցեին, որը իշխանություններին քննադատելու համարձակություն ունենալու համար արժանացել է «բութ»,  «տգետ», «տհաս», «դավաճան», «վայրահաչող», «դուք ոչ մի կապ չունեք քաղաքականության հետ», «դուք ի՞նչ գիտեք ինչ է հայրենիքը, «զուրկ եք մարդկային խղճից» և այլ որակումների, իսկ նրանց համակիրները՝ «նրանց հետևից քարշ եկողներ», «մոլորվածներ», «ողորմությամբ ուրախացողներ», «գավառական քաղքենիներ», «բնիկներ» և այլն: Ակնարկներ է անում Մարգարիտա Սիմոնյանի, Հրանտ Բագրատյանի, ինչ-որ գործարարի հասցեին, որոնցից մենք՝ քաղաքացիներս, պետք է հեռու մնանք: Ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ փաստարկներ, միայն պիտակներ:

Այն, որ Հենրիկ Հովհաննիսյանը հիացած է Նիկոլ Փաշինյանով, նորություն չէ: Դեռ հեղաշրջման օրերին գրեց. «Նիկոլ, ինձ հիացնում է քո քաղաքական տաղանդը, իմացությունը, կամքը և սոկրատյան հանգստությունը քո ստուգապես կողմնորոշված պատասխաններում։ Դու գերազանցել ես մեր անկախության շրջանի բոլոր քաղաքական գործիչներին»:  Ի՞նչ կա որ, յուրաքանչյուր կարծիք գոյության իրավունք ունի: Նա կարող է ամեն օր սիրո խոստովանություններ անել ու ներբողներ ձոնել իր հավանած քաղաքական գործչին, բայց ո՞վ է արտոնել, որ պիտի անվանարկի նրանց, ովքեր իր պես չեն մտածում: Եվ ո՞վ է իրավունք տվել նրան, որ խոսի մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս անունից ու իրեն վերապահի «հոգևոր հայրենիքի ծառայի» իրավունքը: Ինչո՞ւ է որոշել, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջ կյանքում կարող է ընդդիմադիր լինել, իսկ նրան ընդդիմադիրներ չպետք է լինեն, միայն նրա համար, որ ինքը պաշտո՞ւմ է Փաշինյանին: Այսօրվա ընդդիմությունը, պարզվում է, բռնված է «պաշտոնասիրական ու ընչասիրական ողորմելի կրքերով», հետաքրքիր է, իսկ ի՞նչ կրքերով էր բռնված Նիկոլ Փաշինյանը, երբ առաջնորդում էր ամբոխը, մանավանդ՝ 2008-ին:  Սա գիտնականի, մտավորականի մտածողություն ու կեցվա՞ծք է: Ծառայի՞,  գուցե, որ իշխանությունը շփոթել է հայրենիքի հետ, բայց այդ դեպքում մեր մե՞ղքը որն է:

Պարոն Հովհաննիսյանը գրում է. «Դուք չեք ուզում տեսնել ժողովրդի հաղթանակը, որ իրականանում է ժողովրդի ընտրած իսկապես ժողովրդավար կառավարության գործելակերպի շնորհիվ։ <….> Մեր իշխանությունն արել է հնարավորն ու անհնարինը պաշտպանության համար, արել է այն, ինչ չի արվել մեր նոր պատմության ընթացքում»:

Ամոթ է, ժողովրդավարը ո՞րն է, միանձնյա իշխանությո՞ւնը, ամոթ է, այն սերունդը, որ այդ նոր պատմության ականատեսն է եղել ու իր աչքով է տեսել ամեն ինչ, դեռ ողջ է: Եթե գիտնականն այսպես օրը ցերեկով խեղաթյուրում է իրականությունը, ապա ինչպե՞ս հավատաս նրա աշխատություններին, որոնք վերաբերում են հեռավոր անցյալին:

Գուցե մեզ՝ «տգետներիս» ու «տհասներիս» բացատրի՞, թե ինչպես է մեր ժողովուրդը հաղթանակ տարել «իսկապես ժողովրդավար» կառավարության գործելակերպի շնորհիվ: Ի՞նչ գործելակերպի, և մեր ժողովուրդն ինչպե՞ս է հաղթանակ տարել նաև մինչև հիմա «ոչ ժողովրդավարների» օրոք:  Կամ գուցե բացատրի, թե մեր իշխանությունը «հնարավոր ու անհնարին» ի՞նչ է արել մեր պաշտպանության համար: Բանակին մատակարարած մայկա-տրուսիկո՞վ, դրանի՞ց է բարձրացել  զինվորների մարտունակությունը, երկու տարի շարունակ Ադրբեջանից խաղաղություն աղերսելո՞վ, Արցախի խնդրի այն երևակայական լուծումո՞վ, որը բավարարելու է ադրբեջանցի ժողովրդին, տապալած բանակցություններո՞վ, թե՞ կարծում է՝ մեր հրամանատարներն այս երկու տարվա մեջ ծնվեցին ու ձեռք բերեցին իրենց հմտությունները, այն հրամանատարները, որոնց Փաշինյանը դեռ երեկ համեմատում էր ցորեն գողացող մկան հետ:

Գիտնականը քամահրանքով է խոսում «օտարախոս քաղքենիների» մասին, իսկ ի՞նչ է, կարծում է՝ պաշտելի հայախոս վարչապետը, որ միջազգային ամբիոններից գերադասում է կմկմալով անգլերեն հանդես գալ, որ Նար-Դոսին Թումանյանից չի տարբերում, որ դատավորներին վնգստացող է անվանում, Սահմանադրական դատարանը՝ բուդկա, ընդդիմախոսներին՝ շնաբարո դուրսպրծուկներ և ժամանակ առ ժամանակ սպառնում է նրանց ասֆալտին փռել, պատերին ծեփել, քյաբաբ առ քյաբաբ պինցետով քաշել (որ մեկն ասես), իր բառամթերքը ոսկեղենիկ հայերենի՞ց է պեղել: 

Այս ամենը, իհարկե, կարելի էր չտեսնելու տալ, եթե չասվեր անվանի գիտնականի շուրթերով, եթե մտավորականության կարկառուն ներկայացուցիչը բարոյականության այսպիսի անկում չցուցաբերեր և մյուս մտավորականներն էլ քար լռություն չպահպանեին: Եվ մեր ողբերգությունը թերևս դեռ այն չէ, որ ապիկար կառավարություն ունենք, այլ այն, որ այսպիսի մտավորականություն ունենք:

Պարոն Հովհաննիսյանը մեկ-երկու տեղ կախման կետեր է թողել, օրինակ. «Ով հայոց «ընդդիմություն» և ձեզ ընդդիմադիր հայտարարող հայեր, <…> դուք կու՞յր եք, թե կույր եք ձևանում, բու՞թ եք, թե՞․․․»: Կամ «Պատմությունը ոսկե տառերով է գրելու ժողովրդի ընտրյալի անունը, իսկ վայրահաչողներին ու դավաճաններին․․․»: Այդ կախման կետերը թողել է, որ ընթերցողը ենթադրի, թե ինչ խիստ բացասական, նվաստացնող բառ պիտի գրեր հեղինակը, որ իրեն թույլ չի տվել:

Այս գրառումով ահավասիկ մեր մտավորականը վերածվել է այդ կախման կետին: Ափսոս:

Անահիտ Հարությունյան

 

Անահիտ Հարությունյան Հենրիկ Հովհաննիսյան Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ՀՀ համար Ադրբեջան-Թուրքիա տանդեմին դիմակայելու հնարավորություններ է ստեղծում․ արաբագետ
Օգոստոսի 5-6-ը կկայանա Եվրոպայի առցանց պատանեկան առաջնության ընտրական մրցաշար
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 45 հազար դեպք  է գրանցվել
Պայթյունը որոտացել է Բեյրութի հայկական թաղամասի հարևանությամբ.հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը զոհվել է
Թրամփի խորհրդականը բուժվել է կորոնավիրուսից
ԴիԿապրիոն բացառիկ պայմանագիր է կնքել Apple-ի հետ
ԱՀԿ-ն թարմացրել  է  աշխարհում  կորոնավիրուսով վարակվածների թիվը  
Մասնագիտական և մարդկային արժանապատվություն
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ընթացքում ձերբակալված Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան
Ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է ամիսներով հետաձգվել․ Թրամփ
COVID-19- ից պաշտպանվելու համար շոգ եղանակին դիմակներն  ավելի  հաճախ  պետք է փոխվել․  գիտնական
Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)
Ինչո՞ւ են բացում Ամուլսարը. Վահան Իշխանյան
Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել
Եթե վագոն-տնակները 30 մետր հետ տանեն, ապա համաձայն ենք հանդիպել Կառավարության անդամների հետ. Բունիաթյան
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Լիբանանյան նավահանգստում  հզոր պայթյուն է տեղի ունեցել
Դատավորների ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ․ԲԴԽ-ն պարզաբանում է
Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական. Սամվել Մարտիրոսյան
Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան
Բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկել ապրիլյան պատերազմում թշնամու երեք տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանին
Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ, ես պարզապես հետևում եմ. Ռոմանոս Պետրոսյան
Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Booking.com-ը կորոնավիրուսի համաճարակի պատճառով  կկրճատի իր աշխատակիցների մեկ քառորդին
Ավելին
Ավելին