f

Անկախ

Ջաջուռը՝ Մինասի երկրորդ վերածննդին սպասելիս


Անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը, որը նաև նկարչի տուն-թանգարանի տնօրենն է, տարիներ ի վեր մի գաղափար է փայփայում՝ վերականգնել Ջաջուռի հայրական տունը և դրա կողքին կառուցել նոր թանգարան, ինչը կդառնա մեկ ամբողջական մշակութային համալիր՝ իր շուրջ համախմբելով արվեստասերներին աշխարհի բոլոր անկյուններից։ Բայց այն, ինչի մասին երազում է մեծ արվեստագետի որդին, առայժմ թղթի վրա գծագրված նախագիծ է, որի իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, պետական աջակցություն և բիզնես հետաքրքրություն։ Ի տարբերություն մեծ արվեստագետի ու մեծ գաղափարի՝ պահանջվող ֆինանսական ներդրումներն անհամեմատ ավելի փոքր են։ Բայց միևնույն է, այսօր նույնիսկ չնչին գումար ակնկալելը, այն էլ պետությունից, իրատեսական չէ։ Մնում է գտնել բարձր արվեստն ու առաջադեմ գաղափարները գնահատող ներդրողների։

Մինասի թանգարանը նույնիսկ պահոց, ջեռուցում և զուգարան չունի

2005 թվականին, երբ «Լինսի» հիմնադրամի միջոցներով Ջաջուռում վերաբացվեց 88-ի երկրաշարժի հետևանքով ավերված Մինասի թանգարանը, դա մեծ իրադարձություն էր նրա ընտանիքի համար։ Թվում էր, թե երկրաշարժից հետո թանգարանն այլևս չի վերաբացվելու։ Սակայն 17 տարվա պայքարն ի վերջո տվեց արդյունք տվեց։

Թանգարանը վերաբացվեց, բայց ստացավ նախորդ թանգարանի արժեքավոր հավաքածուի չնչին մասը։ Այս թեման Արման Ավետիսյանի համար ամենացավոտն է։ Ասում է՝ այդպես էլ ամբողջական հավաքածուն չի վերադարձվել նոր թանգարանին։

«Թանգարանում այսօր Մինասից ընդամենը 9 աշխատանք կա։ Ժամանակին եղել են մի քանի տասնյակ նկարներ, 2-3 քանդակ և մի այլ նշանավոր նկարիչների բազմաթիվ աշխատանքներ՝ Սարյանից սկսած։ Ո՞ւր է այդ ամբողջը։ Ո՞ւմ է տրվել։ Այդ ամենը պետք է վերադարձվի Մինասի թանգարան»․-ասում է նա։

Սա մի թեմա է, որն առանձին հոդվածի նյութ կարող է դառնալ։ Մինասի որդին պատրաստվում է մոտ ժամանակներում կրկին բարձրացնել հարցը և ի վերջո պարզել՝ երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ որքա՞ն աշխատանք է տեղափոխվել Մինասի թանգարանից և որտե՞ղ են այժմ այդ աշխատանքները։

Այս իմաստով, կարելի է ասել, Մինասի թանգարանի վերաբացումը զուտ խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ չի ներկայացնում այն ամբողջական միջավայրը, այն հարուստ հավաքածուն, որ ժամանակին եղել է նրա թանգարանում։

Այս ամենից բացի, մինչ օրս լուծված չեն թանգարանի համար կենսական անհրաժեշտության խնդիրները, որոնցից ամենահրատապը ջեռուցման հարցն է։ Գյուղը գազաֆիկացված չէ, հետևաբար տարածքը գազով տաքացնել հնարավոր չէ։ Արման Ավետիսյանն առաջարկել է արևային էներգիայի տարբերակը։ Առայժմ արձագանք չկա։ Մնում է Ջաջուռի հերթական ցրտաշունչ ձմեռը դիմավորել ավանդական ձևով՝ թանգարանը տաքացնել էլեկտրական «պլիտաներով» և հատված-հատված, իսկ արժեքավոր կտավները խցկել մեկ սրահում՝ ապահովելով կայուն ջերմաստիճան։

Թանգարանը չունի նաև պահոց, ինչը թանգարանի դեպքում պարզապես զավեշտալի է։ Առհասարակ, կառույցն արդյունավետ չէ իր կառուցվածքով, որտեղ տարածությունը կարծես կոտրված է հսկա պատերով, և ցուցասրահներն ասես թաքնված են խորշերում։ Լուսավորության խնդիրը նույնպես լուծված չէ։ Թանգարանում նույնիսկ նորմալ զուգարան չկա։ Եղածն էլ նախատեսված չէ մեծաքանակ հյուրերի համար։ Իսկ վերջին տարիներին ներքին տուրիզմի աճի շնորհիվ թանգարանի այցելուների թիվն ավելացել է, և անհարմարություններ են առաջանում, հատկապես, որ տարածքի ջուրը հաճախ է կտրվում։

Վերջին տարիներներին տանիքի վնասման հետանքով նաև անձրևաջրերն են հոսում դեպի թանգարան՝ վնասելով շենքը։ Բարեբախտավար, դեռ չեն հասել նկարներին։ Այս տարի «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին հանգանակված փոքր գումարների միջոցով հնարավոր է եղել կոսմետիկ վերանորոգումներով տեղումների հոսքը ժամանակավորապես դադարեցնել։ Բայց շենքն ունի հիմնանորոգման լուրջ խնդիր, որը հնարավոր չէ լուծել հիմնադրամի միջոցներով։  

Ինչևէ, իրավիճակը հաստատ այն չէ, ինչին արժանի է հայ գեղանկարչության ամենաառանցքային ու ամենավառ կերպարներից մեկը՝ Մինասը, արվեստագետ, որի թողած ժառանգությունը գնալով ավելի ու ավելի բարձր հորիզոններ է նվաճում ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային գեղանկարչության երկնակամարում, իսկ նրա թանգարանը գտնվում է տեխնիկապես նման աղքատիկ վիճակում։ 

Տուն, թանգարան, արվեստի կենտրոն, որտեղ այցելուն կվարակվի Մինասով

Այն, ինչի մասին երազում է Մինասի որդին, թանգարանային մի նոր կոնցեպտ է, որը կարող է վարակիչ դառնալ Հայաստանի բոլոր թանգարանների համար՝ Խորհրդային Միության փլուզումից հետո հազիվ գոյատևող կառույցներին նոր շունչ ու վերածնունդ հաղորդելով։

Ջաջուռում ենք։ Մինասի որդին ուղեկցում է հոր տուն, որը կառուցվել է 1925 թվականին և որտեղ 1928-ին ծնվել ու մեծացել է հայրը։ Գյուղի կենտրոնական հատվածում գտնվող երկհարկանի, Ջաջուռի սև տուֆից կառուցված տան ամրության մասին վկայում է երկրաշարժից ճկված, բայց դիմակայած ու մինչ օրս կանգուն դիրքը։ Եվ չնայած շենքի ներսում երևում են պատերի հսկայական ճաքերն ու որոշ փլուզված հատվածներ, բայց մեկ է, գտնվելով տան ներսում՝ հանկարծ մտքումդ վերականգնվում են 1930-40-ականների պատկերներն, ու Մինասի մանկությունն ու պատանեկությունն աչքիդ առաջ է գալիս։

Մինչև երկրաշարժը տունը կյանքով լի էր։ Արման Ավետիսյանն ասում է՝ պապը 102 տարեկանում է մահացել, երկրաշարժից մի քանի ամիս առաջ։ Մինասն այստեղ մշտապես ապրել է մինչև 17 տարեկանը։ Հետո տեղափոխվել է Երևան սովորելու, որից հետո՝ Լենինգրադ ու կրկին վերադարձել Երևան։ Սակայն այստեղ նա ստեղծագործել է, և Ջաջուռի թեման առանցքային է նրա ստեղծագործության մեջ։

Մինասի կտավների կարմիր լեռները Ջաջուռի լեռներն են։ Որդին ասում է՝ տարվա մեջ մի քանի օրեր կան, երբ Ջաջուռում լեռներն ամբողջովին կարմիր են ներկվում։ Հենց այս ֆանտաստիկ տեսարանն էլ ոգեշնչել է հանճարեղ նկարչին։

Մինասի տան ներսում մի հատված կա, որտեղ տուֆաշար պատերը ծածկված չեն ցեմենտով։ «Սա հորս գաղափարն է եղել,-պատմում է որդին,-նա ասում էր՝ տունը եկեղեցու պես պիտի սրբատաշ քարից լինի․․․»։

Հայրական տան վերականգնման համար, ըստ նախնական հաշվարկների, մոտ 50-60 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ։ Սակայն այն ծառայելու է ոչ որպես թանգարան։ Թանգարանի համար անհրաժեշտ հարմարություններն այստեղ հնարավոր չէ ապահովել, հատկապես, եթե պահպանվելու է տան ամբողջական տեսքը։

«Ըստ մեր նախագծի՝ Մինասի տունը դառնալու է արթ-ռեզիդենցիա, որտեղ կայցելեն արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից, կապրեն և նույնիսկ Մինասի արվեստանոցում կնկարեն։ Իսկ տան կողքին՝ գետնի տակ, կկառուցվի թանգարանը»։

Ինչու՞ գետնի տակ, որովհետև անհրաժեշտ է, որ այն լինի տան կողքին, բայց միաժամանակ չփոփոխի միջավայրը։

Այս ամենից բացի, տարածքում նախատեսվում են փոքրիկ քոթեջներ, որոնք ծառայելու են իբրև հյուրատուն ու արվեստանոց, նախատեսվում են ռեստորան, սրճարան և այլն։

Թե՛ տան, թե՛ թանգարանի նախագծերն արդեն կան։ Դրանք ժամանակակից, էկոլոգիական լուծումներով կառույցներ են (խոտածածկ տանիքներ, ջրերի մաքրման համակարգ և այլն), որոնք բոլորովին նոր որակ կհաղորդեն մշակութային կենտրոնին և կդառնան տուրիզմի տեսանկյունից չափազանց գրավիչ վայր։ Այստեղ կանցկացվեն տարբեր միջոցառումներ, և այն իսկապես կարող է դառնալ հայաստանյան ամենաակտիվ տուրիստական ուղղություններից մեկը։

Սա արդեն համակարգ է, որը կարող է մեր երկրին օգուտ բերել թե՛ տնտեսապես, թե՛ մշակութային առումով և իհարկե՝ առաջին հերթին Մինասին առավել արժանի ձևով ներկայացնելու տեսանկյունից։ Իսկ այս համակարգից ակնկալվող տնտեսական մուլտիպլիկացիոն էֆեկտը պակաս կարևոր չէ հեռավոր ու սոցիալապես խոցելի բնակավայրի համար։

Հրեական առաջարկը, որ չուներ հասցեատեր․․․

Գաղտնիք չէ, որ աշխարհում կերպարվեստի ոլորտը համակարգում են հրեաները՝ այդ հզոր ռեսուրսն օգտագործելով ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հսկայական օգուտներ ստանալու նպատակով։ Հայ ժողովուրդն ունի ահռելի մշակութային ժառանգություն, որը կարող է մարտահրավեր նետել մշակույթի ցանկացած ոլորտի և դառնալ մրցունակ աշխարհում, սակայն դուրս է մնացել այդ բազմաշերտ արթ շուկայից։

Մինասի որդին հիշում է․ դեռևս 1995 թվականին Ֆրանսիայում կազմակերպված մի ցուցահանդեսի ժամանակ մի ազդեցիկ հրեա բանկիր, որը նաև արթ բիզնեսով էր զբաղվում, իրեն ուղիղ տեքստով ասաց․ «Դուք հրաշալի արվեստ ունեք, որը կարող է դառնալ լուրջ մրցակից եվրոպական արվեստագետների համար, որոնց մենք հանրայնացնում ենք։ Բայց մենք երբեք չենք զիջի մեր գալերեաներն ու մեր կապերը ձեզ․․․»։ Ասաց՝ գնա Երևան ու ասա, որ մենք պատրաստ ենք աշխատել հայերի հետ և հանրայնացնել հայ նկարիչներին, բայց պիտի աշխատենք 50/50։ Դե, իհարկե, ես եկա Երևան, բայց չգիտեի, թե ո՞ւր պիտի գնամ և ո՞ւմ պիտի դա ասեմ»,-ծիծաղում է Արման Ավետիսյանը։

Հ․ Գ․

Անկախ ամեն ինչից՝ վերջին տարիներին աշխարհում աճում է Մինասի նկատմամբ հետաքրքրությունը։ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում, որտեղ հատկապես հայկական մեծ համայնքներ կան, նրա արվեստն ավելի ու ավելի է արժևորվում։ Ինչի՞ արդյունք է դա, դժվար է ասել։ Իտալացի հայտնի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն, որը Մինասին ֆանատիկորեն է սիրում ու գնահատում, համոզված է՝ Մինասը հայկական կերպարվեստի ամենաբարձր գագաթն է։

Ցավոք, Հայաստանում Մինասի հանդեպ վերաբերմունքը գոնե պետական մակարդակում համարժեք չէ նրա մեծությանը։ Բայց իշխանություններն անցողիկ են, իսկ  Մինասի գույնը՝ հավերժ դրոշմված համաշխարհային կերպարվեստի ներկապնակում։

Մինաս Մինաս Ավետիսյան մշակույթ կերպարվեստ խմբագրի ընտրանի Ջաջուռ

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին