f

Անկախ

Կյանք  կա  անգամ  ամենածանր  փորձությունից, ամենախորը  անկումից  հետո.  Անի  Քոչար


Օրերս լույս տեսավ  ճանաչված լրագրող, խմբագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ  Անի Քոչարի  «Հանձնվել  չկա»  մոտիվացիոն գիրքը։

2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի:  Հոսպիտալացումից  երկու  օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն... Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։                               Այս պատմությունը  չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաև  ոգևորել  և օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։

«Անկախ»-ը զրուցել է Անի  Քոչարի հետ՝  իր առաջին գրքի, ծանր հիվանդության երկարատև բուժման, դժվարությունները հաղթահարելու մասին և ոչ միայն:

Օրերս  լույս  տեսավ   Ձեր   «Հանձնվել   չկա»  մոտիվացիոն  գիրքը։ Մեր  ընթերցողներին մի փոքր  կպատմե՞ք  գրքի մասին:

–Գրիքն  առաջին շաբաթն է, ինչ վաճառքում է։ Գիրքը ամենևին էլ հիվանդության մասին չէ, սա  բժշկական  գիրք չէ։ Այն չի պարունակում այսպես ասած բժշկական տեղեկատվություն և ծանրաբեռնված չէ  բժշկական տերմինալոգիայով, որը ըստ իս,  իմ ընթերցողին պետք  չէ։ Գիրքը այն մասին է, թե ինչպես պայքարել ամենաանելանելի դրության ժամանակ, ինչպես պայքարել մահացու հիվանդության ժամանակ, ինչպես դուրս գալ այն իրավիճակից, երբ թվում է, թե անդունդում ես և չունես  որևէ ելք։ Գիրքը շատ մեծ հավատ, հույս ու լույս է ներարկելու ցանկացած ընթերցողի մոտ, ով, կապ չունի, թե կյանքի ինչ  դժվարին փուլում է, ինչ հիվանդություն է հաղթահարում։  Այս գիրքը կօգնի  յուրաքանչյուրին, ով  գոնե մեկ անգամ բախվել է կյանքի հարվածներին, ով կարիք ունի, որ իրեն սիրտ տան, թև տան և ասեն, որ հանձնվել  չկա, ամեն բան լավ է լինելու։

Եվս  մեկ  կարևոր բան կուզեի ասել գրքի մասին։ Իրականում գուցե շատերին թվա, թե սա կյանքի ինչ-որ հաջողակ մի դրվագի մասին է, երբ մարդ հաղթահարել է մահացու ծանր հիվանդությունը  և մեծ ոգևորությամբ այդ ամենի մասին ցանկանում է բարձրաձայնել, տեղյակ  չլինելով կամ անհաղորդ լինելով բոլոր այն մարդկանց ցավին, ովքեր դժվարին հիվանդության դեմ պայքարում տանուլ են տվել։ Դա իրականությանը, առհասարակ, չի համապատասխանում։ Դժբախտաբար, ես այն մարդկանցից եմ, ովքեր շատ լավ գիտեն կորստի ցավը, շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում տանուլ տալ հիվանդության դեմ պայքարում։  Իմ ընտանիքին ծանոթ է այդ ցավը։ Եվ գիրքն էլ նվիրված է իմ զարմուհու՝  Մանեի  հիշատակին, ով քաղցկեղի հետևանքով  լքել է այս աշխարհը, բայց նա մեր բոլորի սրտերում է, մեր բոլորի հուշերում է։ Ես պարզապես ուզում եմ յուրաքանչյուրին ասել, որ պետք է այս գիրքին վերաբերել զուտ  որպես  կյանքի իրողության, և ոչ թե նրա, որ  ես մարտահրավեր եմ նետում այն մարդկանց ընտանիքներին, որոնցում հաջող ելք չի եղել։ Եվ ավելին  ասեմ. անգամ այդ ընտանիքները, ինձ թվում է, կարիք ունեն ընթերցելու այս գիրքը՝ հասկանալու համար, որ անկախ հանգամանքներից, անկախ պայքարի ելքից, պետք է շարունակել ապրել, հուսալ  և չդադարել հավատալ Աստծուն։  Այնպես որ, ես կարծում եմ, որ այս գիրքը առհասարակ շատ  մեծ  ուղերձ  ունի մարդկանց և հույս ունեմ,  որ այդ ուղերձը տեղ  կհասնի։

 

 –Գրելն  աշխարհի  հետ  հարաբերվելու  ձև  է, բայց  նաև  առանձնանալուԻնչպե՞ս որոշեցիք վավերագրությանը  բնորոշ  անկեղծությամբ  հուշագրություն  գրի  առնել :

–Երբ  արդեն հղացել էի այդ  միտքը գրքին հանձնելու,   չգիտեի, թե հետագայում  այն ինչ տեսք կունենա՝  նոթագրությունների, գրքի, կամ առհասարակ,  որևէ տեղ կհրապարակվի։  Պարզապես սկսել էի գրի առնել, մտածելով  որ հետագայում գուցե շատերին օգնի այն պայքարի  ճանապարհը, որ ես եմ անցել։ Եթե մարդ պարտվողական է տրամադրվում, մտածում է, որ իր մոտ ոչինչ  չի ստացվելու՝ ապա հենց այդպես էլ  լինում  է։

Երբ արդեն սկսել էի գրել,  օրեր անց  շատ պատահականորեն առաջարկ ստացա Արտակ Ալեքսանյանից  և  սկսեցինք աշխատել նախագծի շուրջ։ Գիրքը արդեն մեկ տարի է, ինչ գրված է։  Հետո,  գիտեք, երկար  ճանապարհ է անցնում մինչ հրապարակվելը.  խմբագրման, սրբագրման, ձևավորման, կազմի, լուսանկարի  ընտրության և այլն։ Իսկ հետո արդեն վրա հասավ  թագավարակը, ինչը  շատ ձգձգեց գրքի հրատարակումը և շնորհանդեսը։ Արդյունքում  այն արդեն տպագրված է և պատրաստ է լինելու յուրաքանչյուր մարդու սեղանի գիրքը։

 

 –Գրքի տեսքով  սա  Ձեր առաջին  փորձն էր: Մտավախություն  ունեցե՞լ  եքթե ինչպես կընկալվի  գիրքը մեր հասարակություն կողմից։

–Վախեր  կան մշտապես, ցանկացած նոր նախաձեռնությունից առաջ՝ կլինի դա ամսագիր, կլինի որևէ մատենաշար, թե  որևէ  գիրք։

Գրքի տեսքով սա իմ առաջին մուտքն է մարդկանց գրադարաններ։  Եվ  պետք է ասեմ,  որ ինձ համար շատ մեծ պատիվ կլինի, եթե գիրքն իսկապես յուրաքանչյուր ընտանիքի գրադարանում իր պատվավոր տեղը զբաղեցնի, և ես հասկանամ, որ զուր չէր այս նախաձեռնությունը։

Հայ  իրականության մեջ թերևս սա առաջին դեպքն է, երբ ինքնակենսագրության և հուշագրության ժանրում գիրք է հրապարակվում , որտեղ հեղինակը շատ բաց ու անկեղծ խոսում է  այնպիսի երևույթների ու իրադարձությունների մասին,  որոնց մասին մարդիկ երբեմն  անգամ ամենամտերիմների հետ չեն կիսվում,  « յոթ փակի  տակ»  են պահում:

Պետք է ասեմ, որ ինձ համար էլ այդքան հեշտ չէր խոսել այս մասին,  հրատարակչությանը տրամադրել նկարներ, որոնք ինձնից թաքուն արվել էին հիվանդանոցում։ Այդ շրջանում ես առհասարակ դեմ էի, որ ինձ լուսանկարեն, քանի որ ինքս իմ արտացոլանքից զարհուրում էի։ Եվ այդ լուսանկարները հրատարակչությանը տրամադրելը ևս իմ կողմից համարձակ քայլ էր։  Մշտապես մտածում էի, արդյոք մարդիկ ճիշտ կընկալեն շարժառիթը, արդյոք մարդիկ իսկապես կներթափանցեն քո ապրումների մեջ, կհասկանան, որ դու դա անում ես ոչ նրա համար, որ խղճահարություն հայցես։ Կարծում եմ, ես իմ կերպարով բազմիցս ապացուցել եմ,  որ այն մարդկանցից եմ,  որ երբեք չի փորձում մարդկանց խղճահարությունը առաջացնել,   ճիշտ հակառակը, երբ ամեն փորձությունից հետո ես ոտքի եմ կանգնել,  բարձրաձայնել եմ նաև այդ մասին։ Դա արել եմ զուտ նրա համար, որպեսզի օրինակ ծառայեմ բոլոր այն մարդկանց, ովքեր նույնպես դժվարին օրեր են ապրում, ովքեր նույնպես ծանր փորձություններով  են անցնում։ Եվ այդ իմաստով  միշտ մտավախություն կա, որ գուցե մարդիկ չընկալեն քո ազնիվ մղումները, թե ինչու ես դա անում։ Որովհետև ինքը գիրքը գեղարվեստական գրականություն չէ, որ ինչ-որ մեկը եթե  չհավանի, մտածես  որ  քեզանից գրող դուրս չի գա,  կամ էլ գուցե այդքան էլ հաջողված գիրք չէ։ Այս գիրքը իմ կյանքի պատմությունն է, կյանքի մի դրվագ, որը ցավով է տրվել։ Այն շատ մեծ հուզականությամբ  է հանձնվել գրքի էջերին, և պետք է ազնվորեն խոստովանեմ, որ ամեն էջը գրելիս արտասվել եմ։  Նույնը պատահել է գրքի առաջին ընթերցողների, խմբագիրների, այն մարդկանց հետ, ովքեր առաջին իսկ օրերից աշխատում էին ինձ հետ գրքի պատրաստման վրա։

Այնպես որ էմոցիոնալ առումով ինձ համար շատ պատասխանատու մի քայլ էր այս գիրքը հանրության սեփականությունը դարձնելը։  Հուսամ, որ հայ հասարակությունը իմ նկատմամբ կլինի ավելի նրբանկատ,  նկատի ունենալով թեմատիկան և այն զգացմունքները, որոնք դրված են այդ գրքում։

 

– «Հանձնվել   չկա»  գիրքը  հասարակության  ո՞ր   շերտին  է  ուղղված։

Ցանկացած  մարդու,  ով արդեն ընթերցել  գիտի։ Ցանկացած մարդ, ով արդեն իսկ բախվել է իր կյանքի առաջին փորձություններին և հարվածներին՝  կլինի դա տաս տարեկանում, տասնհինգ,  թե հիսուն։  Եվ սխալ պատկերացում կա, որ եթե գիրքը գրել է մի մարդ, ով հաղթահարել է դժվարին հիվանդությունը և այդ օրինակով  է ցույց տալիս խնդիրները հաղթահարելու ուղիները, ապա այս գիրքը իրենց համար չէ։  Ինչպես արդեն նշեցի, գիրքը ամենևին էլ  քաղցկեղի կամ որևէ այլ հիվանդության  մասին չէ, այլ չհանձնվելու,  լույսով, սիրով  ու հավատով պայքարելու  մասին է։ Ցանկացած մարդ կարող է այն դարձնել իր սեղանի գիրքը։  Գիրքը առաջին օրերն է, ինչ վաճառքում է, առկա է գրեթե բոլոր գրախանութներում։ Իսկ արտերկրի մեր հայրենակիցներին հասանելի կլինի օնլայն վաճառքը։

  Հիմա դժվար է ասել, թե այն ինչպես կընդունվի։ Բայց այն, որ նման գրքի կարիք մեր իրականության մեջ կա, դա միանշանակ է։  Մեր օրերում, երբ բոլորն են ապրում դժվարին ժամանակներում, մոտիվացնող գրականության կարիք, մոտիվացնող խոսքի կարիք, ոգեշնչման կարիք գրեթե բոլորն ունեն։ Հուսամ, որ  այս չափից ավել անկեղծ, չափից դուրս բաց տեքստով գրված գիրքը պետք է որ հասնի մարդկանց սրտերին։

 

Հիվանդության   ողջ  ընթացքում, ի տարբերություն  շատերի, Դուք  չեք  լռել հիվանդության մասին։ Պատմել եք  Ձեր ընկերներին  ու հետևորդներին, թե ինչերի  միջով եք անցել, ինչ  ծանր փուլեր եք հաղթահարել: Այդ ժամանակ մտածե՞լ եք, որ  Ձեր գրառումները կարող են օգնել, օրինակ ծառայել մյուսներին։ Գուցե այդ կերպ փորձում էիք  ինքներդ Ձե՞զ ոգեշնչել։

–Նախ պետք է ասեմ, որ դա միայն  տպավորություն է, թե  ես  հիվանդության և բուժման  ողջ ընթացքում մշտապես կիսվել եմ հետևորդներիս հետ։ Բուժման ընթացքում ես,  առհասարակ,  բլոգ  չեմ  վարել, գրառումներ չեմ  կատարել։ Ես կրկին հայտնվել եմ մարդկանց տեսադաշտում, երբ հիվանդանոցային բուժման փուլն ավարտվեց և վերադարձել էի տուն, որտեղ ևս մեկ տարի պետք է շարունակեի դեղորայքային բուժումը։ Ես սոցցանցերում ակտիվություն եմ ցուցաբերել, երբ արդեն հիվանդությունը նահանջել  էր, հաղթահարված էր։ Եվ ես փորձում էի իմ դրական օրինակով, իմ հաջող պատմությամբ  կիսվել, պատմել, ոգեշնչել այն մարդկանց, ովքեր դժվարին փուլերում էին, ովքեր նույնպես ունեին առողջական խնդիրներ։

Եվ պետք է ասեմ, որ, ի ուրախություն ինձ, դա հաջողվեց։ Եվ հարյուրավոր, եթե ոչ  հազարավոր մարդկանց համար դարձել եմ ոգեշնչման  աղբյուր։ Այնպես որ, այո, այդ ոգեշնչումը  ինչ-որ առումով նաև երկուստեք է, փոխադարձ է.  ես իմ լսարանին եմ ոգեշնչում, իրենք՝  ինձ։ Իսկ երբ զգում ես, որ արածդ ծառայում է իր նպատակին, ապա հասկանում ես, որ զուր  չեն ջանքերդ, զուր չէ այն ժամանակը, էներգիան և առողջությունը, որ դու տրամադրել ես այդ  գործին։

 

Հոգեպես  թուլացման, այլևս   չպայքարելու, հանձնվելու  պահեր  շա՞տ եք  ունեցել:

–Ոչ,  անկեղծ ասած իմ կյանքում ինչպիսի փորձություններ էլ որ եղել են, երբեք նման բան չեմ ասել, որ վերջ, հոգնեցի, էլ  չեմ  կարող պայքարել։ Բայց իմ կյանքում եղել է շրջան, երբ ես կռիվ ունեի Աստծո հետ և միշտ դժգոհում էի, թե ինչու է կյանքն այսքան դժվար, այսքան փորձություններով լի  և շատ անարդար։ Եվ հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ իրար հաջորդող սև գիծը  կարծես ավարտ  չուներ։ Սակայն արդյունքում ես մի բան հասկացա.   իրականում,  անկախ նրանից,  թե մեր կյանքում որքան շատ է ձգվում սև գիծը կամ փորձությունների անսահման շղթան, մենք երբեք չպետք է Աստծո հետ կռիվ տանք։ Եվ կյանքի շատ ճշմարտություններ բացահայտվում են այն պահին, երբ հասկանում ես, որ  վաղը կարող է  այլևս  չլինել։ Հասկանում ես, որ կյանքը շատ թանկ բան է անկախ նրանից, թե որքանով են մեծ փորձությունները։ Կյանքն ավելի զորավոր է և ստիպում է, որ պայքարես ու չհանձնվես։

 

Հնարավո՞ր  է, որ  գիրքը  թարգմանվի  այլ   լեզուներով։  

–Բնականաբար, ինչպես ցանկացած գրող, ես նույնպես երազանք ունեմ, որ գիրքը թևեր առնի և  ճախրի ողջ աշխարհով, հասնի հազարավոր, միլիոնավոր մարդկանց սրտերին։ Իմ երազանքն է, որպեսզի գիրքը թարգմանվի նախ և առաջ անգլերեն և գերմաներեն լեզուներով։ Այն խնդիրը, որը ես արծարծում եմ իմ մոտիվացիոն գրքում, կարող է ցանկացած լեզվով լինել։ Որովհետև թեման համամարդկային է. փորձությունները,  ցավը, վիշտը, տառապանքը,  հիվանդությունները  չունեն ազգություն,  չունեն ռասա,  չունեն որևէ պատկանելիություն։ Ու այս առումով գիրքը իսկապես կարող է դառնալ համամարդկային արժեք, մի շատ համեստ կնոջ պատմություն, ով իր օրինակով ցույց է տալիս, որ անգամ հազար անկումից, անգամ հազար սայթաքումից, անգամ հազար դժվարին փորձություններից հետո հնարավոր է ժպտալ և ասել, որ Տիրոջ գործերն անքննելի են։

 

Նշել  եք, որ պատրաստում  եք  նաև  Ձեր  երկրորդ  գիրքը։  Կներկայացնեքինչի՞   մասին է այն  լինելու

–Այո,  արդեն սկսել եմ  աշխատել երկրորդ գրքի  վրա։ Այն ևս  լինելու է ինքնակենսագրական և կարելի է ասել առաջին գրքի  տրամաբանական շարունակությունը։ Գրքի ողջ իմաստը լինելու է այն, որ կյանքը շարունակվում է։ Կյանք կա անգամ ամենածանր փորձություններից, ամենախորը անկումից հետո։ Այստեղ ևս իմ կյանքի օրինակով ցույց եմ տալու, որ երբեք ուշ չէ ապրել, երբեք ուշ չէ սիրել ու երջանիկ լինել, երբեք ուշ չէ  արարել։ Եվ կապ չունի, թե մեզ որքան է տրված, որևէ մեկը  չգիտի, թե վաղն իր հետ ինչ կպատահի։ Իմ երկրորդ գրքի միջոցով ևս  ցանկանում եմ մարդկանց վերադարձնել  հավատը,  ցույց տալ, որ պայքարելու և երջանիկ լինելու համար երբեք ուշ չէ։ Աշխատանքներն արդեն սկսել եմ,  բայց դեռ շատ վաղ է խոսել այդ գրքի մասին։ Դեռ պետք է շատ ընդգրկուն զբաղվենք  « Հանձնվել  չկա»  գրքով, քանի որ գիրքն  իրենից մի ամբողջ նախագիծ է ներկայացնում։  Պարզապես հիմա թագավարակը  մի փոքր ձախողեց իմ բոլոր անելիքները,  նախագծերն ու մտահղացումները։ Բայց առաջ Աստված, անպայման շարունակական բնույթ է կրելու և դեռ շատ-շատ  ուղերձներ ունեմ մարդկանց տեղ հասցնելու։ Իմ դառը փորձով ուզում եմ մարդկանց թև տալ, սիրտ տալ, հավատ վերադարձնել, հույս ներշնչել, և ասել, որ եթե ես կարողացել եմ, ապա դուք նույնպես կարող եք։

 

Եվ  վերջին  հարցը՝  ի՞նչ խորհուրդ  կտաք այն մարդկանց,  ովքեր քեզ պես պայքարում  են դարի  չարաբաստիկ  հիվանդության դեմ:

–Նախ բոլորին, առանց ավելորդ համեստության, խորհուրդ կտամ ընթերցել  «Հանձնվել չկա»  գիրքը։ Եվ  ոչ այն պատճառով, որ դա ես եմ գրել, ոչ այն պատճառով, որ այն իմ մասին է, և ոչ էլ այն պատճառով, որ Նյումեգ հրատարակչության  համար ուզում եմ հաջող վաճառք ապահովել։ Ամենևին  ոչ։ Պարզապես այս գիրքը յուրաքանչյուր մարդու գրադարանում պետք է  լինի մի պարզ պատճառով. այս աշխարհում չկա գեթ մեկ մարդ,  ում կյանքում եղած չլինեն դժվարին, բարդ փուլեր, սև գիծ, որը երբեմն այնքան է երկարում, որ թվում է, թե ավարտ չունի։ Այս գիրքը իրականում պետք է ոչ նրա համար, որ ընթերցողը ծանոթանա Անի Քոչար անձի, անհատի կյանքի ինչ-որ դրամատիկ շրջանին, այլ նրա համար, որպեսզի տեսնի,  թե կյանքում ինչպիսի  դժոխքից հետո մարդ կարող է նորից ժպտալ։ Սա մոտիվացիոն գրականության լավագույն օրինակ է, քանի որ այն հորինվածք չէ, այնտեղ  չկա գեթ մեկ դրվագ, որը չափազանցված է կամ գեղարվեստորեն գունազարդած։ Այն  ներկայացնում է կյանքի իրողություններ, որոնք կարող են յուրաքանչյուրին սիրտ տալ, թև տալ, հույս տալ, նաև հավատի ահռելի  չափաբաժին  ներարկել, որովհետև այս կյանքում առանց հավատի հնարավոր չէ  որևէ  բան  անել։

 

Հարցազրույցը՝   Թամարա  Թորոսյանի

 

 

Անի  Քոչար հարցազրույց գիրք

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին