f

Անկախ

Որոշումներ հանուն ձևի և ոչ բովանդակության․ ինչպիսի՞ն կլինի ուսումնական կիսամյակը դպրոցներում


Դպրոցներում ուսումնական տարին մի քանի օրից կմեկնարկի, սակայն անորոշություններին ոչ սկիզբ կա, ոչ վերջ։ Եթե հաշվի առնենք, որ Ֆինանսների նախարարությունը պահուստային ֆոնդի համար լրացուցիչ միջոցներ է փնտրում՝ հանրակրթական դպրոցների գոնե մեկամսյա հակահամաճարակային միջոցառումները ֆինանսավորելու համար, պարզ է դառնում, որ ԿԳՄՍ նախարարության ուղեցույցներն ու հայտարարությունները պարզապես «բարի» ցանկություններ են, որոնք չունեն իրականացման հիմքեր։

Ստացվում է, որ ԿԳՄՍՆ-ն որոշումներ է կայացրել՝ մոռանալով, որ այդ որոշումների իրականացման համար ֆինանսական միջոցներ են պետք։

Հերթով քննարկենք ԿԳՄՍՆ ուղեցույցի խնդրահարույց կետերը։

Այսպիսով՝ դպրոցները պարտավորվում են աշակերտներին ապահովել դիմակներով, իսկ բոլոր մուտքերի մոտ պետք է լինեն ախտահանիչ նյութեր։ Դպրոցի շենքն ամբողջությամբ պետք է ախտահանվի յուրաքանչյուր հերթափոխից առաջ և օրվա վերջում։ Նաև դպրոցը պարտավորվում է ապահովել աշակերտների մուտքը շենք իրենց դասարանի մոտակա մուտքից՝ ապահովելով ջերմաչափումը։ Այս ամենը բավականին լուրջ ֆինանսական բեռ է հատկապես քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցների համար, որոնք աշակերտների թվով ֆինանսավորմամբ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Պատկերացնելու համար, թե ինչ ծանր բեռ է դրվում դպրոցների վրա, բավական է նշել, որ երևանյան դպրոցներից մեկի տնօրենը ԶԼՄ-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ օրական միայն 65 հազար դրամի դիմակ են ստիպված լինելու գնել, որպեսզի կարողանան ապահովել ԿԳՄՍՆ պահանջը։

Եվ եթե պետությունն անգամ պատրաստ չէ այդ բեռը մեկ ամսով իր ուսերին վերցնել, ինչպե՞ս են դպրոցներն այդ բեռը կրելու։

Մյուս խնդիրը ուսուցիչների վարձատրությունն է։ Ինչպես հայտնի է, 20-ից ավել աշակերտ ունեցող  դասարանները խմբերի են բաժանվելու, իսկ ռիսկային խմբում գտնվող և ինքնամեկուսացած աշակերտների հետ մանկավարժները դասերը հեռավար են անցկացնելու։ Ստացվում է, որ ուսուցիչն աշխատելու է եռակի ավել, սակայն նույն վարձատրությամբ։ Եվ ԿԳՄՍՆ պնդումները, թե ուսուցիչների ծանրաբեռնվածությունը չի ավելանալու, բոլորովին էլ իրականությանը չի համապատասխանում։ Եթե ուսումնական ծրագիրը չի բեռնաթափվել, վերջում ուսուցչից նույն վերջնարդյունքներն են պահանջելու, ինչ և նախորդ տարիներին, ստացվում է, որ ուսուցչի գործն իրականում ավելի է բարդացել․ երկու խմբի բաժանված և շաբաթական երեք անգամ դասի հաճախող երեխաների հետ պետք է կարողանա այնքան պարապել /այդ թվում և լրացուցիչ/, որ շաբաթական 6 օրվա համար նախատեսված կրթական ծրագրի վերջնարդյունքներն ապահովի։

Բնականաբար, եթե տարեվերջին գոհացնող կրթական արդյունքներ արձանագրվեն,  կստացվի, որ ԿԳՄՍՆ շնորհքն է և հերթական անգամ նախարարն ու փոխնախարարները  պարգևավճարի կարժանանան, իսկ եթե ձախողվի, ապա մեղավոր կլինեն ուսուցիչները՝ ինչպես միշտ դառնալով քավության նոխազ։

Դպրոցների ֆինանսական խնդիրները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում։ ԿԳՄՍՆ ուղեցույցի համաձայն ռիսկային խմբում գտնվող մանկավարժները կարող են հրաժարվել դասավանդելուց՝ առաջիկա կիսամյակում պահպանելով իրենց աշխատավարձը։ Սոցիալական պետության համար խելամիտ որոշում է, եթե, իհարկե, պետությունն ապահովի որոշման իրագործման համար անհրաժեշտ ֆինանսները։ Եթե ուսուցիչը նման որոշում կայացնի, դպրոցը պետք է նրան փոխարինող գտնի։ Ստացվում է, որ աշակերտների թվով ֆինանսավորվող դպրոցը նույն ժամաքանակի համար պետք է վճարի կրկնակի, իսկ թե միջոցներ որտեղից է հայթայթելու, անհայտ է։ Եվ բնական է, որ այս պայմաններում հազիվ թե լինեն ուսուցիչներ, որոնք կհամարձակվեն տանը մնալ՝ հրաժարվելով դասավանդելուց։

ԿԳՄՍՆ մյուս վիճահարույց որոշումը դասաժամերին դիմակներ կրելն է՝ անկախ տարիքից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս դիմակ կրել 12 տարեկանից բարձր երեխաներին։ Իսկ 6-11 տարեկան երեխաների պարագայում դիմակ կրելու որոշում կայացնելիս պետք է  հաշվի առնել մի շարք հանգամամքներ, այդ թվում և նման որոշման ազդեցությունը երեխայի սովորելու և հոգեբանական զարգացման վրա։

Դժվար թե Հայաստանում նման որոշում կայացնողները կարող են հիմնավորել, որ դիմակ կրելու արդյունքն ավելի կարևոր  ու ծանրակշիռ է, քան դիմակ կրելու բացասական հետևանքները։

Համեմատության համար նշենք, որ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը վերջերս հայտարարեց, որ դասերի ժամերին դիմակ կրելը բացառվում է, քանի որ այդպես ոչ ուսուցումը, ոչ ուսուցանումը պատշաճ իրականացնել հնարավոր չէ։ Այս երկրում, որը հիվանդացության բացարձակ  ցուցանիշով  աշխարհում 13-րդն է, վիրուսի առումով ռիսկային բնակավայրերի դպրոցներում դիմակներ կրելը պարտադիր կլինի դասամիջոցներին, շենքի միջանցքներում և այն հատվածներում, որտեղ հնարավոր չի լինի պահպանել սոցիալական հեռավորությունը։

Պակաս աբսուրդային որոշում չէ երեխաներին դասամիջոցներին դասարանից դուրս գալու հնարավորությունից զրկելը։ Նախ, նման որոշում կայացնողը ենթադրաբար երեխաներ չունի, այլապես կհասկանար, որ չի կարող երեխան ժամեր շարունակ անշարժ նստել։ Երկրորդ, արդյո՞ք հաշվի առել են, թե վիրուսից իբրևէ թե պաշտպանելով ինչ այլ առողջական խնդիրների հիմք են ստեղծում մատաղ սերնդի մոտ։

Ինչևէ, հարցերն ու անորոշություններն ավելի շատ են քան պատասխանները։ Իսկ թե ինչպես կկազմակերպվեն դասերը, արդյոք ուղեցույցը կյանքի կկոչվի, ցույց կտա ժամանակը։ Գուցե այս պարագայում էլ պահանջները զուտ ձևական բնույթ են կրելու  և իրողությունը բոլորովին այլ է լինելու, ինչպես հանրային տրանսպորտի պարագայում է։

 

 

 

կրթություն ԿԳՄՍՆ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

«Հայաստանի Հանրապետություն». Անկախությունը պայքար է, աշխատանք ու հաղթանակներ
Ջորջ Օրուելը հաստատ պտտվել է դագաղում
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը չի դադարում գլխավոր խմբագիր և ընդդիմադիր գործիչ լինելուց, նա կենսական պահանջ ունի մշտապես մեկին թիրախավորելու և իր նեգատիվ հույզերը նրա վրա տեղափոխելու
Հարցազրոյց մը «Կոմիտաս»ի կիսանդրիի զետեղման առիթով Մոնթրէալի մէջ կայացած անոր հեղինակ Տք. Մկրտիչ Տարագճեանի հետ
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ
«Ժողովուրդ». Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը. աղմկահարույց բացահայտում
«168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել Ծառուկյանի մոտ
«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում
«Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան
«Ժողովուրդ». Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին
«Ժողովուրդ»․ Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրա­կացություններին, որից հետո կհայտարարվի նախաքննության ավարտի մասին
Ըստ Նիկոլի, քաղաքականության իմաստը իշխանությունը վերցնելն է, իսկ իշխանության նպատակը երկրորդական է
Արդյունքում 60-ից ավել մարդ դարձավ գործազուրկ, իսկ ոլորտը 10-15 տարով հետ մղվեց
Մեր երկրի սոցիալական վիճակը նկրագրող թվերի ուսումնասիրությունը հակասական տրամադրություններ ու վերաբերմունք է ծնում
«Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ». Անահիտ Հարությունյան
17-ամյա աղջկա մոտ տեսողական խնդիրներն առաջացել են Գարդասիլի պատվաստումից հետո. Pastinfo.am
Ռուսաստանում կորոնավիրուսի 5 905 նոր դեպք է հայտնաբերվել
«Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել ՄՀՀ-ում կազմակերպված փառատոնի համար. Tert.am
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթն ավարտվեց
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին
«Ինձ համար այս իշխանությունը ի սկզբանե ընդունելի չէր» Հյուրը'' ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է
Բայդենը  Ռուսաստանին  հակառակորդ է համարում
Ավելին
Ավելին