f

Անկախ

5 և 10 մլն դրամ տուգանք՝ վիրավորանքի և զրպարտության համար․ մասնագետներն ահազանգում են՝ օրենսդրական փոփոխությունը կարող է վտանգել խոսքի ազատությունը


ԱԺ փոխխոսնակ  Ալեն Սիմոնյանն առաջարկում է վիրավորանքի  և զրպարտության համար դրամական պատժի չափը հնգապատկել՝ դարձնելով համապատասխանաբար 5 և 10 մլն դրամ։ Պատգամավորն օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ էր դրել այս տարվա հունիսին։ Իսկ օրերս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։

«ՀՀ  քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել` խստացնել  խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները: Նման կարգավորումը միտված է պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը, կեղծ զրպարտչական և  (կամ) վիրավորական արտահայտություններից: Խոսքի արտահայտությունն ընդունելով որպես բարձարագույն արժեք ժողովրդավարական հասարակությունում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փաստել, որ այն բացարձակ իրավունք չէ և  կարող է սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության նպատակով:  Խոսքի ազատության սահմանափակումը կարող է լինել իրավաչափ, եթե այդ սահմանափակումը պաշտպանում է որևէ անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, եթե այդ սահմանափակումը սահմանված է օրենքով և եթե այդ սահամանափակման դեպքում նախատեսված պատասխանատվությունը համաչափ է ժողովրդավարական հասարակության չափանիշների տեսանկյունից: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ  յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը»,- այսպես է պատգամավորն  օրենքի նախագծում հիմնավորում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։

«Ներկայումս բավականին լայն տարածում է գտել համացանցի միջոցով անձանց կարծիքն ազատ արտահայտելու համար անհիմն վիրավորելը, որը դրսևորվում է անպարկեշտ և  անբարո արտահայտություններ հնչեցնելով, ինչն իր բացասական հետևանքներն է թողնում հանրության շրջանակներում: Բացառություն չի կազմում նաև անձանց հրապարակային զրպարտելու ինստիտուտը, որը դրսեւորվում է իրականությանը չհամապատասխանող, անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող տվյալներ հրապարակային ներկայացնելով»,- ասված է օրինագծի հիմնավորման մեջ։

Օրինագծի համաձայն՝ լրագրողը պարտավոր է հրաժարվել այնպիսի տեղեկատվության հրապարակումից, որը  չի համապատասխանում իրականությանը, սպեկուլյատիվ բնույթ ունի, լրիվ չէ և  ունի առևտրային ուղղվածություն: 

«Անապացույց մեղադրանքները, վստահության չարաշահումը, մասնագիտության կամ ԶԼՄ-ների օգտագործումն անձնական կամ խմբակային շահերի նպատակով, փաստերի խեղաթյուրումը, ցանկացած սուտ տեղեկատվության կանխամտածված մատուցումը լրագրողի կողմից  դիտվում է որպես լրջագույն մասնագիտական զանցանք: Լրագրողը պատասխանատվություն է կրում իր բոլոր հրապարակումների համար: Ինչպես լրագրողը, այնպես էլ յուարքանչյուր ոք պետք է հարգի սահմանադրական կարգը, ժողովրդավարական ինստիտուտները, գործող օրենքները, հասարակության համընդհանուր ճանաչման արժանացած բարոյական սկզբունքները, այլոց սահմանադրական իրավունքները և  ազատությունները, պատիվը և բարի համբավը՝  բացառելով անհատական որակումները»,- ասված է օրինագծում:

Օրինագծի հեղինակը, այն է՝ Ալեն Սիմոնյանն ակնկալում է, որ զրպարտության և վիրավորանքի համար պատժաչափը մեծացնելով անձանց համար կապահովվեն «լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ զրպարտության և վիրավորանքի համար դատական կարգով պահանջվող փոխհատուցման ավելացումը չի նպաստելու նման դեպքերի նվազմանը։ Դոյդոյանը շեշտում է՝ միջազգային փորձն էլ է հուշում, որ զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի գործում արդյունավետ է արտադատական պրակտիկան։

«Օրինագիծն  ընդհանրապես չի կանխելու վիրավորանքի ու զրպարտության ծավալների աճը։ Այսինքն՝ նա, ով մտածում էր, որ պետք է զրպարտի, շարունակելու է զրպարտել, իսկ նա, ով բարեխիղճ լրագրող է, հավատարիմ է լրագրողական սկզբունքներին, ինքն էլի չի անելու»,- ասում է Դոյդոյանը՝ հավելելով, որ նման քննադատվող օրինագծեր են ստեղծվում, քանի որ օրինագիծ մշակելուց առաջ մասնագիտական համայնքի հետ համապատասխան քննարկումներ տեղի չեն ունենում։

Հայաստանի ժուռնալիստների միությունն արդեն իսկ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությունը դատապարտող հայտարարությամբ՝ կոչ անելով այն չընդգրկել ԱԺ նիստերի օրակարգ։

«Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ: Այս նախաձեռնությունը գործող իշխանությունների  այն հերթական գործիքն է, որը կրկին միտված է սահմանափակելու ազատ խոսքն ընդհանրապես և մամուլի ազատությունը՝ մասնավորապես։ 

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ, որտեղ հստակ ամրագրված է, որ պետք է սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի,  անհրաժեշտ է ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:

  Արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և ցանկացած նմանատիպ օրենսդրական նախաձեռնություն ոչ միայն խաթարում է ստանձնված միջազգային պարտավորությունների անշեղորեն կատարումը, այլև մեծապես վնասում է ժողովրդավարության սկզբունքներին։

 Հայաստանի ժուռնալիստների միությունը, հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` դատապարտում է ցանկացած նման նախաձեռնություն, ներառյալ՝ Ալեն Սիմոնյանի   առաջարկած Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու  նախագիծը, և կոչ է անում այն Ազգային ժողովի օրակարգ չմտցնել»,- ասված է Ժուռնալիստների միության հայտարարությունում։

Ուշագրավ է, որ ԶԼՄ-ի վրա դրվող մեծ ֆինանսական բեռի հարցը քննարկվել է նաև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Անդրադառնալով թեմային՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը հայտարարել է․ «Ես զարմանում եմ, որ ասում են, որ լրատվամիջոցի համար դա նյութական ծախս է դառնալու ու հետո կարող է այդ լրատվամիջոցը փակվի, բայց ո՞նց կարելի է՝ լինել լրատվամիջոց, տարածել զրպարտություն կամ վիրավորանք, ու հետո մենք մտածենք այդ լրատվամիջոցի փակվելու կամ չփակվելու մասին, նման լրատվամիջոցը լավ կլինի, որ փակվի»։

Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի վիճակագրության համաձայն  2018 թ. մայիսից մինչ 2019 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում  ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է  զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում։ Ուշագրավ է, որ 2010-2014թթ․ ընդհանուր մոտավորապես հենց այդքան հայց է եղել ԶԼՄ-ների դեմ, այսինքն մեկ տարում աննախադեպ քանակությամբ հայցեր են գրանցվել։

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալների համաձայն՝ 2019 թվականին պետական կառույցների ու պաշտոնյաների կողմից 20 հայց է ներկայացվել լրատվամիջոցների դեմ, իսկ 2020 թ․ օգոստոսի 31-ի դրությամբ՝ ևս 12-ը։

 

Ալեն Սիմոնյան զրպարտություն վիրավորանք

Այլ հոդվածներ հեղինակից

Ըստ Նիկոլի, քաղաքականության իմաստը իշխանությունը վերցնելն է, իսկ իշխանության նպատակը երկրորդական է
Արդյունքում 60-ից ավել մարդ դարձավ գործազուրկ, իսկ ոլորտը 10-15 տարով հետ մղվեց
Մեր երկրի սոցիալական վիճակը նկրագրող թվերի ուսումնասիրությունը հակասական տրամադրություններ ու վերաբերմունք է ծնում
«Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ». Անահիտ Հարությունյան
17-ամյա աղջկա մոտ տեսողական խնդիրներն առաջացել են Գարդասիլի պատվաստումից հետո. Pastinfo.am
Ռուսաստանում կորոնավիրուսի 5 905 նոր դեպք է հայտնաբերվել
«Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել ՄՀՀ-ում կազմակերպված փառատոնի համար. Tert.am
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթն ավարտվեց
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ալ-Ախբար» թերթին
«Ինձ համար այս իշխանությունը ի սկզբանե ընդունելի չէր» Հյուրը'' ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է
Բայդենը  Ռուսաստանին  հակառակորդ է համարում
ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկը հորդորել է համաճարակի ավարտից հետո  ևս դիմակներ կրել
«Միասին պիտի հեռացնենք իրենց». վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթ Երեւանում,լուսանյար,տեսանյութ
Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն. Ավագանու անդամ
Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն
Միջնորդների վերաբերմունքում բեկում առաջացավ, երբ հասկացան, որ մենք Ղարաբաղը բեռ չենք համարում. Ռոբերտ Քոչարյան
Խնամատար մարմիններն ավելի հետևողական պետք է լինեն. Չոբանյանը` Խաշթառակի դեպքի մասին
Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ արժանացան պարգևների
Արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ
Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձեւավորվի. «Հայրենիքը» խորհրդի նիստ է անցկացրել
Պենտագոնում կիբերհարձակումների սպառնալիքը զանգվածային ոչնչացման զենքի հետ են  համեմատել
ՀՀ ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակը
Անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ
ՌԴ Ռոսպոտրեբնաձորը ուսումնասիրել  է սննդի մեջ COVID-19-ի հարուցիչների  առկայությունը
Հայտարարություն․ոստիկանություն
Ավելին
Ավելին