f

Անկախ

Մեր սարի սմբուլը՝ «հայկական ֆեմինիզմ»


Հանրակրթության և մասնավորապես  հայոց պատմության չափորոշիչների, թուրք պատմաբանների հետ դրանց հեղինակների վաղեմի համագործակցության և հրատարակած աշխատությունների քննարկումների խորապատկերում մեր իրականություն ներխուժեց ևս մի անտեղի, փուչ բանավեճ:

Ակադեմիական շրջանակներն իրավացիորեն մեղադրում էին հայ-թուրքական հրատարակությունների հեղինակներին  պատմության փաստերի ու իրողությունների աններելի բացթողումների, անստույգ տվյալների և անգամ միտումնավոր խեղաթյուրումների համար: Վերջիններս էլ, ինչպես հայտնի դարձավ,  ժամանակին թուրք գործընկերների հետ գրած աշխատության մեջ մեղադրել են հայկական դասագրքերի հեղինակներին միլիտարիզմի,  հայրիշխանական հասարակության դիրքերից հայ կնոջն անտեսելու, պատմության դասագրքերում կանանց անունների սակավության, ընդհանուր առմամբ «ֆեմինիզմի բացակայության» համար:

Եվ ահա պատմաբաններն էլ ափիբերան արդարանում էին՝ բացատրելով, թե մեզանում մշտապես որպիսի մեծարման է արժանացել կինը: Ու իբրև ապացույց այն իրողության, որ կին պատմական դեմքերը բնավ անտեսված չեն հայ պատմագիտության մեջ, անպայման հիշատակում էին  ամենաթարմ օրինակները՝ Արտակ Մովսիսյանի՝ հայոց թագուհիների մասին աշխատությունն ու Էդիկ Մինասյանի երկու գրքերը հայ կանանց ազգային ազատագրական շարժման մասին։

Նրանք, ովքեր կարդացել են չափորոշիչների հեղինակների՝ թուրք գործընկերների հետ գրած «Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» աշխատությունը, հավաստում են, որ այն հիմնականում ֆեմինիզմի մասին է: Դա դեռ քիչ է, չափորոշիչների հեղինակները նաև պատրաստել են զեկույց՝ «Մոնիթորինգի արդյունքների ներկայացում. ազգայնականությունը և սեքսիզմը պատմության դասագրքերում Թուրքիայում և Հայաստանում», որը 2017 թ. ապրիլի 22-ին ներկայացվել է Ստամբուլում՝ «Պատմություն» հիմնադրամում։

Եթե տվյալ չափորոշիչների հեղինակները մեր դասագրքերն ուսումնասիրել ու վերլուծել են այնպես, ինչպես Արտաշեսի և Սաթենիկի մասին ավանդությունը (նրանց ընկալումով Արտաշեսը, որ շիկափոկ պարանով ցավեցրել է Սաթենիկի մեջքն ու նրան կնության տարել, հայրիշխանական  հասարակության ցայտուն օրինակ է), ապա   կասկած չկա,  որ այսպիսի մտածելակերպով մեր անցյալում,  գիտական և ուսումնական աշխատություններում ինչ ասես կգտնեն՝ սկսած ֆեմինիզմից ու սեքսիզմից մինչև ազգայնականությունն ու միլիտարիզմը:

Փաստացի գործ ունենք ասպարեզ բերված կեղծ թեզի հետ, որը հերթական անցողիկ խոսքուզրույց չէ, այլ պետական հովանավորչությամբ, ժամանակիս քաղաքական ուժի ճնշման տակ գիտություն ներխուժելու և հաստատվելու հետևողականություն է դրսևորում: Ուստի աչք փակել դրա վրա և վերագրել սոսկ անգիտությանը հնարավոր չէ: Ինչքան փորփրում ես դրա արմատները, այնքան ավելի ես հակվում մտածելու,  որ նպատակները բավական հեռվից են գալիս և շատ հեռուն են գնում:

Մի հայկական ասացվածք կա՝ «ամեն խաղը խաղացինք, մնաց սարի սմբուլը»: Փաստորեն հազարումի հրատապ խնդիրները թողած՝ հիմա ստիպված ենք վերստին ապացուցել, որ ֆեմինիզմ   Հայաստանում երբեք չի եղել և չէր կարող լինել, այսինքն՝ ապացուցել չեղած բանի չգոյությունը:

Ի՞նչ է ֆեմինիզմը և ինչու չէր կարող ծագել Հայաստանում

Նախ պատասխանենք մի հարցի. ի՞նչ է տալիս ֆեմինիզմի առկայությունը կամ բացակայությունը մեր նկարագրին, հայոց պատմությանը և անցյալի հայ կանանց: Ոչինչ: Ֆեմինիզմի ներկայությունը ոչ հավելյալ փառք է բերում մեր կանանց, ոչ էլ նրանց հեղինակությունն ու ավանդն է դույզն-ինչ նվազեցնում: Խնդիրը սոսկ պատմական փաստի ճշգրիտ կամ անստույգ լինելն է:

Ի՞նչ էր ֆեմինիզմն իր ակունքներում. գաղափարախոսություն և շարժում հանուն կանանց իրավունքների, ընդ որում, ընտրական իրավունքների առումով բավական կատաղի և դաժան պայքար, որի համար մարդիկ նույնիսկ իրենց ազատությամբ ու կյանքով էին հատուցում: Երբ անցած դարի կեսերից միջազգային հանրությունը, ի դեմս միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ և այլն) որդեգրեց կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարության հիմնարար սկզբունքը, թվում էր, թե ֆեմինիզմը սպառված է, այլևս անելիք չունի: Բայց հարատևեց արդեն երկրորդ, նույնիսկ երրորդ ալիքներով ու բազմաթիվ ճյուղավորումներով: Քանի որ կանանց իրավունքների տեսանկյունից այլևս գրեթե պայքարի ասպարեզ չի մնացել, վերջին շրջանում ֆեմինիզմը սերտաճել ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպանության և ռասայական խտրականության դեմ  պայքարին և հիմնականում բողոքում է կանանց նկատմամբ բռնությունների դեմ: Բայց արդի ֆեմինիզմն այնքան է խճճվել իր տարատեսակների մեջ, որ նախկին գաղափարախոսությունից կարծես ոչինչ չի մնացել: Արդեն իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում. մի կողմից պնդում են, որ կնոջ մարմինն առուվաճառքի առարկա չէ, մյուս կողմից պահանջում են, որ ճգնաժամերի ժամանակ օժանդակություն ցույց տրվի ոչ միայն սովորական աշխատավորներին, այլև մարմնավաճառներին, քանի որ ճգնաժամի պատճառով նրանք էլ են կորցնում իրենց եկամուտները: Այնպես որ այսօր ֆեմինիստ է համարվում և,՛ օրինակ, Սիմոնա դը Բովուարը, և՛ այն կանայք, որոնք ի նշան բողոքի փողոց են դուրս գալիս բաց կրծքերով ու հետույքներով:

Եթե այսօր մարդն իր համոզմունքներով իրեն ֆեմինիստ է համարում, դա իր իրավունքն ու ազատությունն է, որ արժանի է անշուշտ միայն հարգանքի: Բայց նա իրավունք ունի՞ իր համոզմունքներն ու նախասիրությունները վերագրել ուրիշներին, մանավանդ նրանց, ովքեր ապրել են ավելի քան հարյուր տարի առաջ և այսօր հաստատելու կամ ժխտելու հնարավորություն չունեն: Մնում են փաստերը, այն նյութերը, որոնք արձանագրվել են թղթի վրա, որոնք պետք է կարդալ առանց կանխավարկածների, անկողմնակալ, դրանց հետ վարվել ամենայն բարեխճությամբ: Սա է խնդիրը:

Այժմ պատասխանենք մյուս հարցին՝ ինչու  ֆեմինիզմը Հայաստան չմտավ՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ դրա գոյությունը փաստելու համար պետք է վկայակոչենք գաղափարախոսություն և շարժում, հանուն կանանց իրավունքների պայքար ընդդեմ պետության, քանի որ յուրաքանչյուր իրավունքի պահանջատիրություն ուղղված է պետությանը: Երբ ֆեմինիզմը ծագեց ու ծավալվեց Արևմուտքում, ի՞նչ պետությունից պիտի պահանջեին հայ կանայք իրենց իրավունքները, Օսմանյան Թուրքիայի՞ց, թե՞ Ռուսական կայսրությունից: Հայերն ապրում էին սեփական հողի վրա, բայց ոչ սեփական պետության մեջ: Նրանք կարող էին, իհարկե, այդ կայսրություններում մյուս ազգերի կանանց հետ ձեռք ձեռքի տված ֆեմինիստական շարժում ծավալել: Բայց նման բան տեղի չի ունեցել:

XIX  դարում հայությունը, որ պետականություն չուներ, ուրիշ գերխնդիր ուներ՝ ինքնության պահպանումն ու ազատագրումը: Եվ հենց այդ ազգային ազատագրական պայքարին էին լծված հայ կանայք, ինչպես և տղամարդիկ:

Ինչ վերաբերում է մյուս հարթությանը՝ հայության ներքին կյանքին, ապա այստեղ էլ հայ կանայք առհասարակ իրավունքների համար պայքարի խնդիր չունեին, որ պայմանավորված էր նախ ազգային մտածելակերպով, որին բնորոշ են կանանց հասարակական բարձր դիրքն ու սեռային ներդաշնակ հարաբերությունները (բոլոր գրավոր հուշարձանները՝ թե՛ գրական, թե՛ պատմական, թե՛ իրավական, դա են փաստում): Անշուշտ, հայ հասարակության սերուցքը՝ մտավորականությունը, քաջատեղյակ էր Արևմուտքի կանանց շարժումներին ու գաղափարախոսությանը, ինչն էապես խթանում էր կանանց եռանդը, բայց այդ եռանդը ելք էր փնտրում ոչ թե որպես պայքար հանուն իրենց քաղաքական ու քաղաքացիական իրավունքների նվաճման, այլ որպես մասնակցություն համընդհանուր ազգային շարժմանը, տքնաջան աշխատանք հանուն ընդհանուր ազգային նպատակների իրականացման:

Ամենաուշագրավն այն է, որ այդ շրջանում գոյություն ուներ «Կանանց հարց», որը ասպարեզ էին բերել, ի դեպ, տղամարդիկ: Եվ այդ հարցը, ըստ էության, մասնակցության, պատասխանատվությունը կիսելու հրավեր էր, կոչ, աղերս ու պարտադրանք՝ ստանձնելու ազգային ազատագրական պայքարի բաղադրիչներից մեկի՝ լուսավորության դժվարին գործը: Կանանց վերապահված պատասխանատվությունն ինքնին հանգեցնում էր նրանց իրավունքների ճանաչման, և կանայք էլ իրենց ազատությունների ու իրավունքների իրացումը պայմանավորում էին ազգային ազատագրական պայքարի հաղթանակով, ապագա անկախ պետության հաստատմամբ: Ահա ինչու հայ կանանց իրավունքները ձեռք բերվեցին ոչ թե համառ պայքարով, ինչպես Արևմուտքի շատ երկրներում, այլ  նախապես այդ իրավունքներից բխող պատասխանատվությունը ստանձնելով:

Այս ամենի մասին մանրամասն գրվել և 2005 թ. երեք լեզուներով հրատարակվել է   տողերիս հեղինակի «Երևելի տիկնանց դարը» գրքում (հայերեն տարբերակն արդեն հասանելի է Ազգային գրադարանի շտեմարանում, ռուսերեն և անգլերեն հրատարակությունները հասանելի կդառնան մոտ օրերս, ինչի համար հատուկ շնորհակալություն գրադարանի աշխատակիցներին): Ընդ որում, գրքում ներկայացված են ոչ միայն հեղինակի քաղած տվյալները ժամանակի աղբյուրներից, այլև բոլոր նախորդ ուսումնասիրողների դիտարկումները՝ համապատասխան հղումներով, բացի այդ, գրքին կցված են  օգտագործված աղբյուրների և գրականության ընդարձակ ցանկեր:

Որտեղի՞ց է  փչում քամին

Զուգադիպություն է, թե ոչ, բայց համացանցում նյութերի որոնումները մեզ կրկին տարան Թուրքիա: Պարզվում է, որ մեր անցայում ֆեմինիզմ  որոնող տեղական պատմաբանները միայնակ չեն, այդ շարժումը Թուրքիայում դեռ 90-ականներից է սկսվել և թափ առել 2000-ականներին: Մարդիկ այնտեղ հաջողացրել են նույնիսկ գիտական շրջանառության մեջ դնել այսպես կոչված «հայկական ֆեմինիզմ» եզրույթը:  

«1990-ական թթ․ կեսերին մի խումբ համալսարանական երիտասարդ հայ կանայք ֆեմինիզմի շուրջ աշխատանքների ընթացքում հայկական աղբյուրներն են ուսումնասիրել։ Դա ոչ միայն երևան է հանել Օսմանյան կայսրությունում գլուխ բարձրացրած բազմալեզու ֆեմինիստական շարժումները, այլև հայ ֆեմինիստ կանանց՝ 100 տարի չընթերցված գործերը  վերստին ձայն և հոգի են առել։ Այդ կանայք  գործից առաջ համայնքի հետ կիսվել են միության գործունեությամբ, հետո իրենց սիրողական աշխատանքը տեղափոխել են գիտական միջավայր»,- կարդում ենք Akunq.net-ում պոլսահայ Ալին Օզինյանի՝ թուրքերենից թարգմնաբար հրապարակված «Ֆեմինիզմի պատմագրությունը և հայ ֆեմինիստները» հոդվածում, որը նվիրված է հայ իրականությունում «ֆեմինիզմը» հայտնաբերած հետազոտողների՝ պոլսահայ պատմաբան, Մասաչուսեթսի համալսարանի գիտաշխատող Լեռնա Էքմեքչիօղլուի, Մելիսա Բիլալի և ուրիշների գործունեության լուսաբանմանը, որոնք իբրև թե սրբել են XIX դարի հասարակական գործիչ կանանց վրայից մոռացության փոշին, նրանց ձայնը լսելի դարձրել, երևան են հանել հայ ֆեմինիստ կանանց, որոնց «մեծամասնության մասին չեն լսել ոչ միայն աշխարհում, այլև ակադեմիական շրջաններում», կամուրջ են գցել անցյալի և ներկայի միջև և այլն:

2006 թ. «Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել նրանց «Արդարության ճիչը-Օսմանյան կայսրությունից մինչև Թուրքիայի Հանրապետություն հինգ հայ ֆեմինիստ գրողները» հետազոտությունը, որը, ըստ Օզինյանի, հայ ֆեմինիստ կանանց նվիրված միակ մանրակրկիտ և առաջին աշխատությունն է: Հիշեցնենք, որ դրանից ճիշտ մի տարի առաջ՝ 2005 թ. արդեն լույս էր տեսել «Երևելի տիկնանց դարը», որը փաստորեն նույն կանանց մասին էր, դարձյալ մանրակրկիտ, մի տարբերությամբ, այդ կանայք ներկայացված էին ոչ թե որպես ֆեմինիստներ, այլ երևելի ազգային գործիչներ:

Որպեսզի ցույց տանք՝ սույն խումբը, ոտք դնելով գիտական միջավայր, զինված բավական ցաքուցրիվ տեղեկություններով և պարզունակ եզրահանգումներով, այդպես էլ մնացել է սիրողական մակարդակում, բերենք մի քանի օրինակ միայն, որոնք մեջբերում է Օզինյանը:

Ըստ այս խմբի, Սրբուհի Տյուսաբը ներկայացված է իբրև «1859 թ․ Սուրբ Հռիփսիմյան օրիորդաց դպրոցի, իսկ 1864 թ․ «Աղքատների օգնության կանանց համայնք»-ի հիմնադիր»:

Տյուսաբը դպրոց չի հիմնադրել, իսկ «Աղքատների օգնության կանանց համայնքը», որ ամենայն հավանականությամբ «Աղքատախնամ տիկնանց ընկերության» անվան անհաջող թարգմանություն է հայերենից թուրքերեն ապա նորից հայերեն,  հիմնադրել է ոչ թե Տյուսաբը, այլ նրա մայրը՝ Նազլը Վահանը:

Սիպիլի՝ Զապել Ասատուրի մասին նույնպես անստույգ տեղեկություններ են տրվում, իբրև թե բացի «Ազգանվեր հայուհյաց ընկերությունից», նա հիմնադրել է ինչ-որ «Միացյալ համայնք» և «Դպրոցասեր կանանց միություն», հետո իբր թողել է դրանք և 1908 թ. վերաբացել «Ազգանվերը»:

Եթե տիկինները նկատի ունեն «Միացյալ ընկերություն հայոց»-ը, ապա դա կանանց կազմակերպություն չէր, «Դպրոցասեր տիկնանց ընկերությունն» էլ հիմնադրել են ուրիշ կանայք՝ Հռիփսիմյանց վարժարանի երեք շրջանավարտներ, այս ընկերությունն էլ 1894-ից փակվել էր և վերաբացվել 1908-ին:

Էլպիս Կեսարացյանի «Կիթառը» (1862) ներկայացվում է որպես կանանց հասցեագրված առաջին պարբերականը հայ իրականության մեջ:

Իսկ ի՞նչ անենք «Հավերժահարսը», որ հրատարակվել է նույն թվականին Զմյուռնիայում, մի կո՞ղմ դնենք:

Գրում են, թե Զապել Եսայանը միակ կինն էր, որ 1909 թ. ջարդերից հետո այցելեց Կիլիկիա:

Մինչդեռ առաջին այցելողներից էր նաև «Ազգանվեր հայուհյաց ընկերության» անդամ Արշակուհի Թեոդիկը, որ հասցրեց այնտեղ դպրոց ու որբանոց բացել և այցելել բանտարկված հայրենակիցներին, իսկ վերադառնալուց հետո հրատարակեց «Ամիս մը ի Կիլիկիա» փայլուն վավերագրական գիրքը:

Եվ այսպես շարունակ: Էլ չասենք ծայրից ծայր կարմիր գծի պես անցնող պարզունակ մոտեցումը. եթե որևէ կին այն ժամանակներում հասարակական կամ հրապարակախոսական գործունեություն է ծավալել, ուրեմն պայքարել է կանանց իրավունքների համար, հետևաբար ֆեմինիստ է: Եվ միաժամանակ չեն զլանում զգուշացնել նաև, որ թեպետ տվյալ կանայք իրենց ֆեմինիստ չէին հռչակում, բայց ժամանակակից չափանիշներով նրանք իսկ և իսկ ֆեմինիստ էին: Ի՞նչ չափանիշներ, որո՞նք են ժամանակակից ֆեմինիզմի չափանիշները, գուցե հարգարժան տիկնայք բացատրե՞ն:

Ո՜նց կարելի է այսպես ոտաբոբիկ ու ցնցոտիներով մտնել գիտական աշխարհ և կեղծ թեզերով ու անստույգ տեղեկություններով խճողել այն: Լավ, մի՞թե այս ազգային գործիչներին ավելի բարձր պատվանդանի վրա դնելու համար հարկ էր նրանց ֆեմինիստի հանդերձներ հագցնել: Ֆեմինիզմն ավելի բարձր երևույթ է, քան ազգասիրությո՞ւնը, կանանց իրավունքների համար պայքարն ավելի՞ վեր է, քան պայքարը հայրենիքի ազատագրության և բոլոր հայրենակիցների, և՛ կանանց, և՛ տղամարդկանց արժանապատիվ կյանքի համար: Թե՞ ուրիշ, ծածուկ, առայժմ անտեսանելի ենթատեքստեր կան: Ուշադրություն դարձնենք. վերը նշված «Ակունքի» հրապարակման մեջ Օզինյանը գրում է. «Այս նոր մոտեցումը [XIX դարի հասարակական գործիչ կանանց որպես ֆեմինիստ ներկայացնելը-Ա.Հ] Հայոց ցեղասպանության հարցում ավելի արդյունավետ էր կարծես այդ երկու թեմաները և դրանց «բացահայտումը» սնուցում էին մեկմեկու և բազմաթիվ այլ հարցեր»: Ինչպե՞ս:

Վերջապես մի մեջբերում, առանց մեկնաբանության, Էռնա Էքմեքչիօղլուից, որ նա ասել է 2018 թ. «Ամերիկայի ձայնի» հետ զրույցի ժամանակ. «Օսմանյան հայերի համար հարցն այն էր, թե ինչպես կարող էինք թուրքական մեր միջավայրում ժամանակակից լինել: Մտածեցին, որ եթե մեր կանայք կրթություն չստանային եւ ազատություններ չունենային, ապա չէինք կարողանալու եվրոպականանալ եւ հասնել այնտեղ, որտեղ ձգտում էինք՝ անկախության»:

Անահիտ Հարությունյան

Հասարակություն Հայաստան Հայոց պատմություն ֆեմինիզմ կանանց շարժում անցյալից խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ)
«Թավշյա հեքիաթ 5»․ Արթիկում վերելակների գործարան չբացվեց, խոստացված 800 աշխատատեղով կարի ֆաբրիկան էլ ունի 57 աշխատակից (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով
Ռուսաստանում կորոնավիրուսի 6,065 նոր դեպք է հայտնաբերվել
Լոս Անջելեսի մերձակայքում  երկրաշարժ է  տեղի  ունեցել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի  թիվը գերազանցել է 200 հազարը
Բժիշկը՝  քնի որակը  բարձրացնող մթերքների մասին
ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. ԱԻՆ-ը մանրամասնում է
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին
Դիլիջանի Մյասնիկյան փողոցում քաղաքացին գլորվել և ընկել է ձորը
Երեկվա Աշոտիկի տեսանյութի մասին…
Անկախությունը գերագույն արժեք է
Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է
ՄԵՐ «ԱՅՈ»-Ն ԿՀԻՇԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ էր գողացել ու բռնվել. Վանաձորի ոստիկանների բացահայտումը
Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և ՍԴ նիստերին․ ՍԴ աշխատակազմ
Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Աբովյան քաղաքում մոտ 3000 քմ տարածքում այրվում է սնկի մշակման մոտ 3000 խմ կուտակած թափոն
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. կա տուժած
Այգուտ գյուղում այրվել է մոտ 170 հակ անասնակեր
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին