f

Անկախ

Մեզ համար Քաշաթաղը հայրենիք էր, և ոչ մի բան չի կարող փոխարինել կորսված հայրենիքը․ Ռոբերտ Մաթևոսյան


Կորսված 3700 քմ տարածք, 53 բնակավայր, տնտեսական և մշակութային ժառանգության ահռելի կորուստներ, 13 հազար տեղահանված․ Քաշաթաղի շրջանի հանձնման թվային կողմն է սա, իսկ մարդկային ճակատագրերը անտեսված են վիճակագրության  ներքո։

Արցախի Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության 25 տարվա պետ Ռոբերտ Մաթևոսյանը շրջանը հանձնելուց ի վեր իր օրը սկսում է ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբում․ փորձում է ինչ-որ կերպ աջակցել հայրենազրկված ու դժվարին կացության մեջ հայտնված քաշաթաղցիներին, որոնց ժամանակին նաև ինքն է խրախուսել հաստատվել Արցախում։

Մաթևոսյանը Քաշաթաղի առաջին վերաբնակներից է եղել։ Ազատագրված Քաշաթաղում վերաբնակեցման գործընթացը սկսկվել է դեռ 1994-ի փետրվարից՝ զինադադարի կնքումից էլ առաջ։ Մաթևոսյանը պատմում է, որ առաջին վերաբնակները եղել են իրեն շատ մտերիմ մարդիկ, որոնց հետ 1988-ին շարժում էր անցել։

«Միշտ Քաշաթաղով հետաքրքրվում էի, բայց առիթ չէր լինում իրենց միանալու։ 1995-ին ես եղել եմ ՀՀ ԿԸՀ անդամ։ Երբ ընտրությունները կեղծվեցին, մոտս խորը հիասթափություն առաջացավ։ Պարզ էր, որ արտերկիր գնալ չէի կարող, բայց պայմանականորեն Հայաստանում  մնալ նույնպես։  Իմ փրկության օղակը դարձավ Քաշաթաղ տեղափոխվելը։ 1995-ի կեղծված  խորհրդարանական ընտրություններից  և հանրաքվեից հետո որոշեցի միանալ իմ ընկերներին և տեղափոխվեցի Բերձոր։ Սկզբից Վարչակազմի  քարտուղարությունում աշխատեցի, այնուհետև նշանակվեցի վերաբնակեցման վարչության պետ։ Վերաբնակեցման հետ կապված հարցերը համակարգել եմ մինչև պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 27-ը»,- պատմում է Մաթևոսյանը։

Քաշաթաղցիների խնդիրների մասին է «Անկախը» զրուցել Ռոբերտ Մաթևոսյանի հետ։

-Պարոն Մաթևոսյան, ի՞նչ խնդիրներ ունեն Քաշաթաղից տեղահանվածները։ Եվ պետական ցուցաբերվող աջակցությունը որքանո՞վ է բավարար։

-Քաշաթաղի շրջանից պատերազմի հետևանքով տեղահանվածները երեք խմբի են բաժանվում։ Քաշաթաղն  ընդհանուր առմամբ 53  համայնք ուներ։  Հարավային շրջանների  29 համայնքների  բնակչությունը չի կարողացել որևէ գույք դուրս հանել,  հազիվ երեխաների հետ պատերազմական գործողություններից մի քանի ժամ առաջ կարողացել են դուրս գալ։

Երկրորդ խումբն այն բնակավայրերն են, որոնք նոյեմբերի 9-ի կապիտուլյացոն պայմանագրով են հանձնվել Ադրբեջանին, պայմանական 19 համայնք։ Եվ վերջին 5 համայնքը, որոնք համարվում են Արցախի վերահսկողության տակ մնացած, Բերձոր քաղաքն է, Աղավնո, Սուս, Քարեգահ  և Աղանուս համայնքներն են։

Այս խմբերից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները։ Ամենամեծ խնդիրն  այն 30 համայնքների բնակչությանն է։ Նրանք  կազմել են Քաշաթաղի շրջանի բնաչության մոտ կեսը՝ 50 տոկոսը։ Քաշաթաղի շրջանի բնակչությունը   13 հազար էր, մոտ 6-7 հազար բնակչություն ապրել է այդ 30 համայնքներում։ Դրանք եղել են  շրջանի ամենահարուստ համայնքները՝ Կովսական, Իշխանաձոր, Միջնավան, Երիցվանք և այլն։

Եթե քաշաթաղի  շրջանից ունենք 12-13 հազար փախստական, ամբողջ Արցախից ունենք 100 հազարի կարգի փախստական, և այս մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց վաղվա օրը։ Մարդիկ չունեն ապրելու տեղ, ապրում են վարձով, չունեն աշխատանք, չունեն ապագա։ Չգիտեն՝ իրենք նոր տուն կստեղծեն, թե ոչ, աշխատանք կունենան, թե ոչ։  Նրանք անգամ չունեն փախստականի կարգավիճակ։

Հյուսիսային 19  և մնացյալ 5 համայնքների  բնակչությունը որոշակի ժամանակ ունեցավ իր գույքը հանելու։ Մյուսների համեմատ միակ առավելությունը սա է։ Բայց էլի  նույն խնդիրներն իրենք էլ ունեն՝ ոչ աշխատանք, ոչ ապագա, իրենք էլ չգիտեն, թե վաղն ինչ է լինելու։ Ավելին, այն 5 համայնքների բնակիչները 300 հազարների աջակցությունից չեն  օգտվելու,  բայց խոսք կա, որ 250 հազար դրամի չափով աջակցություն կստանան պատերազմի հետևանքով բնականանների ավերվածությունը վերացնելու համար։

Բայց նորից եմ ասում՝ այդ աջակցությունները շատ չնչին են, որովհետև  մարդիկ առաջին հերթին տուն են կորցրել։  Շատերը վերջին տարիներին բավականին մեծ վարկեր վերցրեցին, իրենց բնակարանները վերանորոգեցին, կենցաղային տեխնիկա ապառիկով գնեցին, հիմա մեծ խնդրի առաջ են կանգնած, թե ինչպես փակեն այդ վարկերը։ Արցախբանկը պաշտոնապես հայտարարել է, որ  մինչև հունվար սառեցնում է վարկերը, բայց մնացած բանկերը անգամ նման հայտարարություն չեն արել։

Համար մեկ խնդիրը բնակարանների փոխհատուցման հարցն է, երկրորդը աշխատանքի հարցն է։ Բավականին շատ մասնագետներ կան Քաշաթաղից, օրինակ 53 դպրոց ենք ունեցել և այդ դպրոցների մանկավարժները՝ մոտ 1000 ուսուցիչ գործազուրկ են դարձել, այլ ոլորտների մասնագետներ ևս ունենք, որոնք կարող են պետքական լինել մեր երկրին։

-ՀՀ և ԱՀ պետական մարմինների միջև պատշաճ համագործակցություն արդյո՞ք կա։ Որքանո՞վ են անխափան իրականացվում աջակցության ծրագրերը։

-Շատ վատ է։ Խնդիրներն առաջին հերթին ռեգիստրի հետ են կապված։ Անձնագրային վարչությունները ժամանակին ծնողի անչափահաս երեխային  պետք է այդ նույն հասցեում գրանցեին, բայց չեն արել։ Այս պահին ծնողը հասանելիք դրամական աջակցությունը ստանալու համար  անհարմարությունների մեջ է ընկնում, կաբինետից կաբինետ, քաղաքից քաղաք են անցնում, որ այդ խնդիրը լուծեն։

Շատ ուշացումով Հայաստանի անձնագրերի և վիզաների վարչությունը որոշում կայացրեց, որ տեղում մարդիկ կարող են մոտենալ  և այդ խնդիրները լուծել, բայց դրանից հետո էլ անհարմարություններ են լինում։ Մարդիկ չեն կարողանում երեխաներին հասանելիք  գումարները ստանալ։ Այս պահին մոտ 20 տոկոսը դեռևս զրկված է աջակցության գումարներից։

Մյուս անհարմարությունը կապված է 16 տարին  լրացած անձանց հետ, որոնց անձնագիր ստանալու համար հորդորում են  գնալ Ստեփանակերտ։ Ի վերջո 21-րդ դարն է, հարցումով կարող են այդ խնդիրը լուծել, ոչ թե Գյումրիից կամ Արթիկից մարդուն ուղղորդեն Ստեփանակերտ։ Այս սոցիալական ծանր  պայմաններում Ստեփանակերտում էլ մնալու տեղ չկա։ Եթե ծնողն իր երեխայի հետ  հասնի Ստեփանակերտ, մեկ գիշեր մնա, մինչև անձնագիրը կստանան և վերադառնա, ամենամեղմ հաշվարկներով կծախսի 50 հազար դրամ։ Այդ պատճառով շատ  ծնողներ չեն կարողանում իրենց երեխաներին անձնագիր հանել, ինչի  պատճառով նաև զրկվում են դրամական աջակցություններից։

Մյուս խնդիրը՝ անգամ եթե անձնագիրը հանեն, ծրագիրը սահմանում է, որ շահառուները սեպտեմբերի 27-ի դրությամբ պետք է բնակվելիս լինեն Արցախում։ Մինչդեռ, եթե անձնագիրը  հանեց դեկտեմբերին, ստացվում է, որ ինքը դեկտեմբերին դարձավ բնակիչ և ծրագրի շահառու չէ։

Խնդիրները բազմաթիվ են, անընդհատ բարձրաձայնում ենք։

Դժվարությունն  առաջացած խնդիրը պատկան մարմիններին հասցնելն է, այսինքն համապատասխան ճանապարհ գտնելը։ Եթե հասցնենք, ինձ թվում է օպերատիվ կարձագանքնեն։ Շատ դեպքերում չի աշխատում մեխանիզմը, թե ինչպես հասցնենք խնդիրն իրենց։

-Պարոն Մաթևոսյան, Ձեր պաշտոնավարման 25 տարիների ընթացքում ինչպե՞ս է ընթացել Քաշաթաղի վերաբնակեցման գործընթացը։ Եվ ինչո՞վ է  կարևորվել հատկապես Քաշաթաղի վերաբնակեցումը։

-Քաշաթաղի շրջանում եթե մեկ անգամ հայը շրջի, զգալու է  հայկական հոտը։ Հոչանցի հովտում կամ նույն Աղավնոյի հովտում  այնքան հին խաչքարեր ու եկեղեցիներ կան, որ Հայաստանի որևէ այլ տարածքում այդքան պատմամշակութային կամ այլ հայկական արժեքներ գոյություն չունեն։ Եթե որևէ մեկը  կարծում է, որ դա Ադրբեջանի տարածք է, շատ սխալվում է, դա բուն հայկական տարածք է  եղել, որը սովետական տարիներին նվիրվել է Ադրբեջանին։ Երբևէ այնտեղ ապրողը և մեծացողը չի մտածել, որ դա ադրբեջանական տարածք է, քանի որ այնտեղ միայն հայկական հետք է առկա։ Եվ այդ պատճառով, երբ հաստատվում  էինք այնտեղ, գիտեինք, որ հայրենիքի այդ հատվածը պետք է ուժեղացնենք։ Բայց այդքան  հույս ու  հավատից, ապրումներից հետո կորցրեցինք այդ ամենը։

Իրականում ամեն քաշաթաղցի այնտեղ հոգի  ու կյանք է դրել։  Իմ երեխաները ծնվել են Քաշաթաղում։ Իմ 3 երեխաներն էլ այնտեղ են ծնվել, տղաս հիմա էլ  սահմանում է, հայրենիքն է պաշտպանում։ Մենք երբևէ չենք հավատացել, որ մի օր կարող  է նման դավաճանական քայլ լինել։ Մեր երեխաները հայրենասիրությամբ էին մեծանում։

1995-ից մինչև 2020թ․ ղեկավարելով վերաբնակեցման ոլորտը նաև իմ անձնական պատասխանատվությունն էի զգում  քաշաթաղի շրջանի 13 հազար բնակիչների առջև։ Ժամանակին իրենց խրախուսել եմ՝  ասելով, որ  ամեն ինչ լավ է լինելու, որ Քաշաթաղում կարող են իրենց ապահով զգալ, ապահովության խոստումներ եմ տվել։

Եկավ 2020 սեպտեմբերը, պատերազմ, տարածքների հանձնում։ Ինչ-որ առումով պատասխանատվություն էի զգում այդ բնակիչների առջև, ինձ մոտ անգամ ինքնասպանության միտք առաջացավ, ուզեցել եմ ինքնասպան լինել, բայց հետո ինձ հաղթահարել եմ՝ մտածելով, որ դեռ պետք եմ, այդ մարդկանց  պիտի օգնեմ։ Այդ պատճառով համաձայնեցի գալ  ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբ։

Վերաբնակեցման և հաջողությունների, և դժվարին տարիների  փուլեր են եղել։ Սկզբում՝ 1994-2003թթ․   հախուռն էր,  այն ժամանակվա վերաբնակիչներն առաջնորդվում  էին  հայրենասիրական մղումներով։ Տարեցտարի ավելանում էին եկողները։ 2003-2010թթ․ նկատվեց բնակչության արտահոսք։ 2010-ից նորից առաջընթաց եղավ,  նոր բնակավայրեր, ենթակառուցվածքների կառուցվեցին։ Վերջին  2 տարին նորից  վերաբնակների թվերը ցածր էին։  Միայն 2020-ի առաջին  կիսամյակում 9 ընտանիք է եկել Քաշաթաղի շրջան։ Այն պարագայում, երբ 2011-ին եկել է 220 ընտանիք։ Թվի նվազման պատճառներից էր նաև այն, որ  հեղափոխական իշխանությունների համար նման խնդիր դրված չէր։

Վերջին տարիներին Քաշաթաղի համայնքների մեծ մասն արդեն ինքնաբավ էր։ Վերաբնակեցման  առաջին տարիներին բնակչության սոցիալական վիճակը որոշվում էր նրանով,  թե որտեղից ինչ դրամական  օժանդակություններ կլինեն, իսկ արդեն վերջին տարիներին սեղծվել էին բարձր եկամտաբերությամբ տնտեսություններ՝ մասնավոր այգիներ, ֆերմաներ, մանավանդ այն համայնքներում, որտեղ պատերազմը շատ  վնաս հասցրեց։  Այդ 30 համայնքներում բնակչությունն ապրում էր միջին հայաստանյան գյուղերից ավելի բարձր կենսամակարդակով։

-Հայրենիք կորցնելուց բացի նաև նյութական մեծ կորուստներ ենք ունեցել։ Նյութական վնասների գնահատում տեղի ունեցե՞լ է։

-Փորձում ենք հաշվարկել, թե ինչ կորուստներ ունենք։ Դա ժամանակատար գործընթաց է, միայն Քաշաթաղի շրջանը 3700 քմ է։ Սեփականատերերի և պետական կորուստները դեռ պետք է հաշվարկվեն։

-Դուք նշեցիք, որ  տեղահանված արցախցիների համար ապագան անորոշ է։ Ամեն դեպքում՝ ապագայի ինչպիսի՞ տեսլական ունեք թե դուք, թե Քաշաթաղցիները, որոնց հետ ամեն օր առնչվում եք։

-Ինձ թվում է՝ շատերը ձգտում են վերադառնալ, կարոտը կա, այս ընթացքում շատերի հետ եմ զրուցում, կարոտը զգացվում է։  Եվ, եթե Աստծո հաջողությամբ մեր տարածքները կարողանանք  նորից հետ վերցնել, այնտեղի վերաբնակեցումը արագ կիրականացվի։

-Պարոն Մաթևոսյան, այս օրերին պաշտոնական մակարդակով պարբերաբար հայտարարվում է, որ Սյունիքի մարզում սահմանագծման հետևանքով իրենց տներից զրկված քաղաքացիներին կփոխհատուցեն։ Որպես այդ կորուստը զգացած մարդ՝ արդյ՞ոք հայրենիքը կարելի է փոխհատուցել գումարով։

-Իհարկե ոչ,  այդ կորուստը փոխհատուցել հնարավոր չէ։ Նույնն է, որ մոռանամ, որ հայ եմ ու գնամ եվրոպաներում ապահով ապրեմ որևէ ճամբարում։ Ոչինչ  չի կարող  փոխարինել հայրենիքին, մեզ համար Քաշաթաղը հայրենիք էր, և ոչ մի բան չի կարող փոխարինել կորսված հայրենիքը։

Արցախ Քաշաթաղ Բերձոր Ռոբերտ Մաթևոսյան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարն Արցախի տարածքում ամենահին հայկական քաղաքի մասին խոսում է 100 տարի առաջվա վիճակագրությամբ. Թ. Պողոսյան
Չենք մասնակցել բովանդակային քննարկումներին, բնականաբար, չենք մասնակցելու նաև ԲԴԽ անդամների ընտրությանը. Իվետա Տոնոյան
Արցախի Ջաբրայիլի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Դատարանը մերժեց Ռ․ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից
Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով
Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին
«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը
Արագածոտնի մարզի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ նույն մարզի 18-ամյա բնակչի սպանության կասկածանքով
«Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 եւ կազմաքանդման 3 ամյակն է»․ Մխիթարյան
Գործող իշխանությունը Ադրբեջանի ներկայացուցչությունն է ՀՀ-ում, թքած ունեմ, թե ինքն ինչ կարծիք ունի. Բաբայան
Դանակահարություն Աշտարակ քաղաքում. 19-ամյա երիտասարդը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին
Հունվարի 21-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Դիլիջանում տուն է հրդեհվել. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Հավանաբար Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար նրա եղբորը վարձահատույց են լինում. Արսեն Բաբայան
Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ
«Վերջացնես դու, ես չեմ վերջացնելու. Ռազբորկա էր, վերջացրեցինք». Ակցիայի մասնակիցը՝ ոստիկանին
ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան»
Այն պատգամավորները, որ ճողոպրելով մտնում են ԱԺ, իրենք ո՞նց են քարոզարշավ անելու. Հայկ Մամիջանյան
Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի
Արամ Գաբրելյանով. Փաշինյանը որպես քաղաքական գործիչ և որպես մարդ կորած է
Պարգև արքեմիսպոկոս Մարտիրոսյանի՝ այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով. Տեր Վահրամ
Արայիկ Հարությունյանը Մանե Թանդիլյանի հետ քննարկել է սոցիալական ծրագրերի ընթացքը
Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան
Ծառայություններ՝ «մեկ պատուհանի» սկզբունքով․ գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր կայքը
Ավելին
Ավելին