Երկու օր է՝ ամբողջ համացանցը քննարկում է Փաշինյանի կողմից Շուշիի մասին գնահատականը, ինչն ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարն Արցախի տարածքում ամենահին հայկական քաղաքի մասին խոսում է հարյուր տարի առաջվա մի վիճակագրությամբ, որը ձևավորվել է ջարդերի, նույն ադրբեջանցիների ճնշման, էթնիկ զտելու քաղաքականության հետևանքով: Թե ինչու է այդպես ասում, միգուցե իր համար փորձում է գտնել ինչ-որ փաստեր, որ սրանից եմ վախեցել, դա նկարագրում է իր վախը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ քաղաքագետ Թևան Պողոսյանը:
«Անվախ կամ պատերազմի մեջ գտնվող ղեկավարը, նույնիսկ այդ թղթերին նայելով, մտածում է՝ ինչպես կարող է բանակցել, որ փաստարկը լավագույնս ներկայացնի բացատրելու համար՝ ո՞նց կարող է հայկական Շուշի քաղաքը չլինի հայկական»,-ավելացրեց քաղաքագետը:
Անդրադառնալով գերիների թեմային՝ նա նշեց, որ ցավալի է, որ գերիների թեմայի քննարկումը փորձում են շղարշի տակ դնել, ասելով՝ եկեք չխոսանք, որ ինչ -որ բան ստացվի: Նրա համոզմամբ՝ ինչ-որ բան կստացվի, եթե ինչ -որ գործողություններ արվեն. «Որևէ այլ երկրի առաջնորդ չի ցանկանում պարզապես սիրուն աչքերի համար փորձել նպաստել գերիների վերադարձին, ամեն երկրի ղեկավար առաջնորդվում է միայնումիայն իր երկրի շահերով, երբ մարդիկ կտեսնեն, որ հայկական կողմը գործողություններ է անում, և իրենց երկիրը կարող է օգտվել, այդ ժամանակ միգուցե կոգևորվեն և միգուցե ինչ-որ գործողություններ կարագացնեն»:
Ըստ նրա՝ գերիների հարցում երկու մոտեցում կարող է լինել․ պետք է կարողանալ ձևավորել ավելի մեծ գերիների քանակ, որպեսզի ադրբեջանական կողմին սկսի մտահոգել նրանց վերադարձի հարցը.
«Մենք տեսանք, որ Ադրբեջանը մի քանի տարի շարունակ գերիների պաշար էր ձևավորում, գալիս գողանում էր, երբ անցնում էին սահմանը, նրանց ներկայացնում էր որպես ռազմական գործողության մեջ մասնակցած սնձ, ասում՝ մենք էլ ունենք գերիներ, եկեք բոլորը բոլորի հետ փոխենք: Հիմա կա՛մ պետք է ուժային ձևով անել, կա՛մ պետք է առնվազն ձևավորվի այնպիսի կառավարություն, որ կարողանա 10 մլն հայության հետ այնպիսի իրավիճակ ձևավորել, որ Ադրբեջանի ցավը մեծ լինի, լավագույն օրինակը Ռամիլ Սաֆարովն է: Ադրբեջանը, ունենալով մեծ գումարներ, հասկացավ, որ Հունգարիային պետք է ֆինանսական օժանդակություն և բանակցեց առանց մեր ներազդեցությունը հաշվի առնելու, և Հունգարիան հանձնեց իրենց Ռամիլ Սաֆարովին: Գերիների վերադարձն այդ մեխանիզմներով է լինելու, դրա մասին խոսելով կամ չխոսելով՝ խնդիրը չի լուծվում»:
Թևանյանի խոսքով՝ իշխանությունը չի տիրապետում զոհվածների իրական վիճակագրությանը. «Մենք այստեղ թիվ են արտահայտում, որ 4000-ը չի անցնի, հաջորդ օրը Ռուսաստանը հրապարակում է, որ 2000-ից ավել անուններ կան: Այստեղից էլ գալիս է խնդիրը, այսօրվա կաթվածահար իշխանությունը չի տիրապետում ո՛չ թվերին, ո՛չ վիճակագրությանը, ո՛չ էլ իրականությանը, և դա՛ է իրենց ամենամեծ խնդիրը, ասում են՝ լռեք, որ ձեն հանեք, այդ մարդկանց ճակատագրերը ի՞նչ են լինելու»:
Նա նշեց, որ իշխանությունը ձգտում է արտահերթ ընտրություններ անել, քանի որ գիտակցում է, որ իշխանությունը, ամեն ավել օր մնալով, որևէ դրական բան չի բերելու, և փորձում են ժամանակ շահել. «Պետք է հասկանալ, որ բոլոր այն ճգնաժամերը, որոնք կանխատեսվում էին, չեն լուծվել, ավելի են խորացել՝ անվտանգության ռազմական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական, և ամենակարևորը՝ բարոյահոգեբանական ճգնաժամը խորանալու է իր ամեն ասած նախադասությամբ: