f

Անկախ

Կրկին արտագաղթ Հայաստանից․ պատճառներն ու հնարավոր զարգացումները


Կրկին արտագաղթ Հայաստանից: Քաղաքական սուր ճգնաժամին զուգահեռ՝ սա երկրում առավել քննարկվող թեմաներից է։

Բանն այն է, որ 2021թ. փետրվարի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով բացեց օդային սահմանը, որը փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դա այնպիսի աժիոտաժ ստեղծեց, որ ավիատոմսերի գները մինչև 10 անգամ թանկացան։ Բայց նույնիսկ այդ պայմաններում մեկնել ցանկացողների թիվը չպակասեց։

Մարտի սկզբին հայտարարվեց, որ ավիաթռիչքները ևս մեկ ամիս կկատարվեն, ինչի շնորհիվ միայն որոշ չափով գները հանդարտվեցին։

Բոլոր մանրամասները ստեղծված իրավիճակի մասին՝ պատճառները, մեկնողների թիվը, նրանց սպասելիքները, նաև Հայաստան վերադարձողների պատմությունները։

 

Իրավիճակը՝ թվերով

Միայն փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58.297 ուղևոր, Հայաստան է ժամանել 31.901 ուղևոր: Անցած տարի նույն ժամանակահատվածում մեկնել է 99.065, ժամանել՝ 96.970 ուղևոր:

Երկու դեպքում էլ մեկնողներն ավելի շատ են, բայց այս տարի՝ ոչ թե երկու, այլ 26 հազարով:

«Ցավոք, չենք կարող տեղեկություն տրամադրել ըստ երկրների՝ տարանցիկ չվերթների պատճառով», — ասում է Զվարթնոց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

Ռուսաստանի տոմսերի գները

Եթե նախկինում մեկ ուղղությամբ տոմսը հնարավոր էր գնել մինչև 30-40 հազար դրամով, ապա այս տարվա փետրվարին տոմսերի գները մեկ շաբաթում հասան 200-450 հազար դրամի:

«Նման գներ չեմ հիշում իմ աշխատելու տարիներին։ Եթե 150 հազարով տոմս առաջարկեինք, արդեն թանկ էր համարվում: Նախորդ տարիներին Երևան-Մոսկվա չվերթի հիմնական գները տատանվել են 70-90 հազար դրամի սահմաններում», — պատմում է ավիագործակալության տասնյակ տարիների աշխատակից Ռուզաննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ մարտին արդեն տոմսերի գները հարաբերականորեն նվազել են մինչև 150-200 հազար դրամ․ 

«Ընտանիքով մեկնողների գրեթե տոմսեր չեմ վաճառել: Հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողներն էին տոմսեր գնում։ Ասում էին, որ ամեն տարի գնացել են աշխատելու ու անհամբեր սպասում էին, թե երբ են սահմանները բացվելու, որ կրկին մեկնեն: Ինչքան էլ բարձրանում էին տոմսերի գները, մարդիկ գնում էին, ասելով, թե ավելի լավ է գնան, այնտեղ աշխատեն, քան մնան Հայաստանում առանց աշխատանքի, իսկ այդ գումարն այնտեղ կաշխատեն»:

Հարցազրույցներ օդանավակայանում

«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքի սպասող ուղևորներից Աբգար Մարտիրոսյանը պատմում է, որ 16 տարի է՝ գնում է Ռուսաստան, Իվանովո, ասֆալտի աշխատանք է անում։ Մենակ չէ, 300 հոգանոց բրիգադի կազմում է աշխատելու: Տոմսերի գնի բարձրացումը չի ազդել որոշման վրա, քանի որ մեկնումն ապահովում է պատվիրատուն:

Աբգարն ասում է՝ մտադիր չէ Ռուսաստանում մնալ․

«Մենք ինչքան էլ գնանք, մեկ է, հետ ենք գալու. մեր ընտանիքներն այստեղ են, իրենց տանելու միտք չկա»:

Իսկ Անդրանիկ Շահինյանը 30 տարի է գնում-գալիս, ու նա էլ ընտանիքը տանելու մասին չի մտածում․

«Իմ հայրենիքում ձիգ եմ կանգնում, այնտեղ՝ էն չի: Իմ աշխատած գումարները ուղարկում եմ տուն, որ ընտանիքս ծախսի։ Դա էլ մեր ներդրումն է Հայաստանին»:

23-ամյա Նաիրի Սարգսյանը Ռուսաստանում շինարարական հիպերմարկետում մենեջեր է աշխատում։ 2020թ. ամռանը բարեկամներից մեկի մահվան պատճառով վերադարձավ Հայաստան և այլևս չկարողացավ մեկնել․

«Այս ընթացքում չկարողացա աշխատավայր գտնել, որտեղ կստանայի նույն աշխատավարձը, ինչ Ռուսաստանում եմ վաստակում: Անհամբեր սպասում էի սահմանների բացմանը»։

Ստաժավոր խոպանչիների կողքին կանգնած են նորեկները: 30-ամյա Կարեն Սահակյանը առաջին անգամ է մեկնում արտագնա աշխատանքի, Եկատերինբուրգից վարորդ աշխատելու հրավեր է ստացել։

«Հայաստանում աշխատել եմ իրավապահ համակարգում, բայց աշխատավարձը չէր բավականացնում՝ ամեն ինչ թանկացել է։ Հիմա մենակ եմ գնում, տեսնենք, թե ինչ կլինի,  հետո կմտածեմ ընտանիքիս տանելու մասին», — ասում է երկու երեխաների հայրը։

30-ամյա Արևիկ Տոնոյանը եկել է ճանապարհելու ամուսնուն: Նա էլ է առաջին անգամ մեկնում, վարորդ է աշխատելու։ Այստեղ աշխատանք ունի, բայց աշխատավարձը չի բավարարում, դրա համար է մեկնում։

«Ամուսնության 10 տարի, 3 երեխա… Առաջին անգամ ենք բաժանվելու, չգիտեմ՝ ընթացքը ինչպես կլինի, բայց ահավոր ծանր եմ տանում: Մտադրություն դեռ չկա իր հետ մեկնելու, բայց եթե այնտեղ կայանա, գործերը լավ գնան, գուցե մենք էլ մեկնենք», — ասում է Արևիկը:

Փորձագետը՝ պատճառների ու սպասելիքների մասին

Հայկական Կարիտասի միգրացիայի ծրագրի շահերի պաշտպան, փորձագետ Տաթևիկ Բեժանյանը հիմնականում երկու պատճառ է առանձնացնում, թե ինչու է փետրվարին մեկնողների մեծ հոսք նկատվել․

«Մենք հետազոտություն արեցինք հուլիսին միգրանտների շրջանում և պարզեցինք, որ նրանց մեծ մասը չի կարողանում համարժեք աշխատավարձով աշխատանք գտնել այստեղ, այնպես որ, նրանք սպասում էին, թե երբ են բացվելու սահմանները, որ մեկնեն։ Երկրորդ պատճառն այն է, որ ՌԴ-ն հայտարարեց, թե ընդամենը մեկ ամսով է բացում սահմանները, դրա համար բոլորը շտապում էին մեկնել»:

Նա չի բացառում, որ Հայաստանը տարվա վերջին ունենա «երկարաժամկետ միգրացիոն հոսքերի աճ՝ ի հաշիվ կարճաժամկետ միգրացիոն հոսքերի»: Այսինքն, ժամանակավոր միգրանտները որոշեն ընտանիքն էլ տեղափոխել: Դրա մասին վկայում են փորձագետի իրականացրած ուսումնասիրությունները դպրոցներում։

Պարզվում է, որ շատ ծնողներ պահանջում են երեխաների կիսամյակային գնահատականները նախապատրաստել, ինչը սովորաբար արվում է այլ երկրի դպրոց երեխաներին տեղափոխելու ցանկության դեպքում:

Տաթևիկ Բեժանյանը համոզված է, որ երկրում անկայուն վիճակի հետևանքով մեկնելու ցանկությունը բնական միտում է, այդ թվում և բարենպաստ պայմաններում ապրող քաղաքացիների համար։ Նրանք պարզապես չեն տեսնում իրենց և իրենց երեխաների համար ցանկալի ապագա: Սակայն իրավիճակի բարելավման հետ նրանք սովորաբար վերադառնում են:

Կորոնավիրուսի համավարակը 2020թ. բերել է նրան, որ վերջին 5 տարիների կտրվածքով Հայաստանն առաջին անգամ ունեցել է երկիր մուտք գործած իր քաղաքացիների առումով դրական սալդո (42,786), իսկ օտարերկրացիների առումով` բացասական (-30,693):  Վերջին հինգ տարվա տվյալները՝ աղյուսակում։

Սակայն Տաթևիկ Բեժանյանի տվյալներով՝ 2020թ․ աշնանը Արցախյան պատերազմի ժամանակ ավելի շատ մարդ է վերադարձել Հայաստան, քան դրանից հետո: Անկումը սկսվել է պատերազմում պարտությունից հետո.

«Եթե սկզբում ասում էին «գնանք մեր հայրենիքը փրկենք», ապա ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո մտածում են՝ «գնանք երկրից, որ երեխաների ապագան դասավորվի»:

Ըստ փորձագետի՝ 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն ուներ միգրացիոն հոսքերի նման միտումներ, ու այսօրվա արտագաղթն անխուսափելի է․

«Բայց 2021թ. շատ դժվար է որոշել, թե ինչ ուղղությամբ կգնան զարգացումները։ Մեկնելու ցանկություն կա շատերի մոտ, բայց աշխարհում դեռևս հաղթահարված չէ կորոնավիրուսը, աշխարհի երկրները տնտեսապես կայուն չեն և պատրաստ չեն միգրանտների ընդունել»:

Ներգաղթի մասին

Վերջին շրջանում արտագաղթի մեծ հոսքի հետ նկատվում է նաև ներգաղթ, թեև՝ ոչ մեծ ծավալով։ Հայաստանում մշտական ​​բնակություն են հաստատում հայկական սփյուռքի ներկայացուցիչները։

44-ամյա լիբանանահայ ֆինանսիստ Վրեժ Բոյաջյանը 2020թ. օգոստոսից տեղափոխել է Հայաստան և իր բիզնեսը հիմնել այստեղ:

Իր գործակալությունը միջազգային առաքման ծառայություններ է մատուցում։ Մեծ ծրագրեր ուներ ու դրանց իրականացմանն էր պատրաստվում, երբ սկսվեց պատերազմը: Սակայն լավատեսորեն է մեկնաբանում իրավիճակը, կարծում է, որ պատերազմն իր բիզնեսը հզորացրել է:

«Հայկական տնտեսությունը ճիշտ է, տուժել է, բայց պետք չէ մոռանալ, որ եթե Հայաստանի մեջ ունենք 3 մլն հայ, ապա Հայաստանից դուրս՝ 7 մլն հայ։ Ու նրանք ցանկանում են զարգացնել հայրենիքը, ավելի շատ են սկսել գնել հայկական արտադրանք: Այս գործընթացը բերում է արտահանման բարձրացմանը, որտեղ էլ օգնության է գալիս մեր ընկերությունը: Հայ արտադրողն իր թիրախ խումբը չպետք է սահմանափակի միայն տեղացիներով, պետք չէ մոռանալ դրսի հայերին»:  

Կրկին արտագաղթ Հայաստանից

Լավատեսորեն է տրամադրված նաև 32-ամյա Արթուր Գալստյանը։ Նա Իրանից է տեղափոխվել է Հայաստան 2020թ. սեպտեմբերի 26-ին` Արցախյան երկրորդ պատերազմի նախորդ օրը:

Արթուրը պլանավորում էր արագ ստանալ քաղաքացիություն և աշխատանք գտնել, սակայն պատերազմը խառնեց բոլոր պլանները։ Քաղաքացիության հարցը դեռ չի լուծվել, աշխատանք էլ չի գտնում։ Ուր դիմում է, ասում են, թե նոր մարդ դեռ չեն կարող վերցնել՝ անորոշ վիճակ է։ Ասում է՝ բոլորովին չի հուսահատվում․

«Ես եկել եմ Հայաստան մեծ հույսերով: Երկու տարվա ընթացքում իմ իրանահայ ընկերներից 6 հոգին տեղափոխվել են Հայաստան, այստեղ աշխատում են, սովորում են, ընտանիք են կազմել, շատ գոհ են: Ինձ էլ քաջալերել են, որ ես նույնպես գամ»:

Արթուրը մասնագիտությամբ սննդի տեխնոլոգ է և մեծ պոտենցիալ է տեսնում Հայաստանում այս ոլորտում: Հիմա աշխատանք է փնտրում հենց իր մասնագիտությամբ։

«Պետք է ճկուն լինել, ոչ թե ասել, որ միայն 2+2=4, այլ նաև 5-1=4, 16:4=4: Պետք չէ սահմանափակվել մի ուղղությամբ, հազար ու մի ձև կա հասնելու նպատակին, մեկ ձևի վրա ֆիքսվելով՝ հաջողության չես հասնի։

Իրանացիները մի ասացվածք ունեն. «Եթե դու մի գործ ես ուզում սկսել, պատրաստ եղիր ամեն դժվարության»: Ես որոշել եմ գալ Հայաստան ու պատրաստ եմ ամեն ինչին. աշխատանք չունենալուն, պատերազմին, երկրաշարժին»,- ասում է Արթուրը:

Մանե Պապյան, Երևան

արտագաղթ Հայաստան Հասարակություն Տեսանյութ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին