f

Անկախ

Ալիևը պետք է պատասխան տա 2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի casus belli-ի համար


2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմը կատարվեց сasus belli պատրվակով: Ըստ դիվանագիտական բառարանի  «կազուս բելլին» (լատ. casus belli — բառացի «պատերազմի առիթ»)  երկու պետությունների միջև պատերազմական վիճակի ծագման անմիջական պաշտոնական առիթն է (Дипломатический словарь в 3-х томах, Изд. «Наука», 1986 г., том II. К-Р, c. 6.): Համաշխարհային պատմության մեջ casus belli-ն բազմիցս է կիրառվել: Որպես առավել հանարաճանաչ օրինակներ կարող են ծառայել 1914−1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի և 1939−1945 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմի առիթները: Сasus belli-ն հնչել է նաև հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից Խորհրդային Միության դեմ Սառը պատերազմի պաշտոնական հայտարարության մեջ, Ուինսթոն Չերչիլի 1946 թ. ֆուլտոնյան ճառում:

Ադրբեջանի դեպքում сasus belli-ն նախագահ Իլհամ Ալիևի կողմից հրահրված ագրեսիայի հիմնավորումն է և 2020 թ. (սեպտեմբերի 27- նոյեմբերի 9) երկրորդ ուխտադրուժ և անողոք արյունահեղ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի արդյունքների արդարացումը:

Այո, Իլհամ Ալիևը պետք է պատասխան տա աշխարհի և իր ժողովրդի առջև сasus belli-ի համար: Դիտավորյալ, չհիմնավորված, անարդար և անխնա արյունահեղ պատերազմի համար: Սա չափազանցություն չէ: Յուրաքանչյուր պատերազմ ողբերգություն է այն ժողովուրդների համար, որոնց հողում է այն ընթանում: Բայց այս XXI դարի պատերազմը Եվրասիական մայրցամաքում պարզապես լայնամասշտաբ և ծանր պատերազմ չէր, այն մեծ ողբերգություն է թե՛ հայերի և թե՛ ադրբեջանցիների համար:  Իհարկե, այսօր ադրբեջանցիներին պարտադրված է հաղթանակի էյֆորիան, որի պատճառով նրանք դեռ չեն գիտակցում, թե ինչ իրական գնով են ստիպված եղել հատուցել, և գլխավորը՝ հանուն ինչի հատուցեցին իրենց հազարավոր երեխաների, թոռների, հայրերի կյանքով, որոնք չվերադարձան ռազմաճակատից:

Ինչպես արդեն գրել եմ «2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան  պատերազմը որպես XXI դարի աշխարհակարգի ճգնաժամի գործոն» հոդվածում. «…Պատերազմի արդյունքները ցնցող են: Խոսքը վերաբերում է մարդկային կորուստներին և սոցիալ-տնտեսական վնասներին, որոնք կարող էին և չլինել: 44 օր տևած մարտերում երկու կողմից զոհվել է մոտ 10 հազար մարդ: Նշանակում է՝ օրական 250 մարդ: Վիրավորների թիվը, որոնցից շատերը հաշմանդամ են դարձել ցմահ, երեք անգամ ավելի մեծ է» (ИА REGNUM, «Անկախ»):

Համեմատության համար նշենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան առաջին պատերազմում՝ երկու տարվա և հինգ ամսվա ընթացքում կամ 840 օրում՝ 1992 թ. հունվարի 2-ից մինչև 1994 թ. մայիսի 12-ը, երկու կողմի անդառնալի կորուստները կազմել են 40 հազար մարդ: Օրական զոհվել է 47 զինվոր: Եթե երկրորդ պատերազմն այնքան տևողություն ունենար, որքան առաջինը, ապա եղած ինտենսիվության դեպքում կորուստները կկազմեին ավելի քան 210 հազար մարդ: Դա Ղարաբաղի ողջ հայ բնակչության թվից գրեթե երկու անգամ ավելի մեծ է:

Միայն Ղարաբաղի հայերից պատերազմը փախստական և տեղահանված  դարձրեց ավելի քան 100 հազար մարդու: Սպանված և  գերեվարված հայերը ենթարկվել են խոշտանգումների, կտտանքների և գազանությունների, ընդհուպ գլխատումը: Շատ հայ ռազմագերիների, հակառակ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիային (1949 թ.), Բաքվի իշխանությունները մինչև հիմա պահում են առանց պատճառի: Հայկական կողմը, ըստ 2021 թ. մարտի 17-ի տվյալների, տեղեկատվություն է պահանջել Ադրբեջանից 112 հայ գերիների մասին: Ադրբեջանը տեղեկություններ է հայտնել միայն 72-ի մասին՝ հայտարարելով, որ մնացածներին չի կարողացել նույնականացնել: Մինչդեռ, ըստ հարազատների տվյալների, ադրբեջանցիների մոտ գերի է մնացել ավելի քան 300 հայ: Կարելի է միայն պատկերացնել, թե պայմանների ինչպիսի խախտումներով են նրանք պահվում, եթե չեն թողնում տեսակցել նրանց Կարմիր խաչի ներկայացուցիչներին:

Պատերազմի բազմաթիվ հեռուստա- և տեսակադրերը վկայում են, որ Ադրբեջանը գիտակցաբար և թիրախավորված է հրթիռային, օդային և հրետանային հարվածներ հասցրել Լեռնային Ղարաբաղի քաղաքների ու գյուղերի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներին: Նախ և առաջ հիվանդանոցներին ու ծննդատներին, դպրոցներին ու եկեղեցիներին, պատմա-մշակութային ժառանգության հուշարձաններին: 2020 թ. դեկտեմբերի 23-ին РИА Новости-ի հետ հարցազրույցում ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այդ կապակցությամբ այսպիսի գնահատական է տվել. «Հակառակորդի պատճառած վնասը պարզապես ահռելի է: Այն համեմատելի է հանրապետության մի քանի տարվա ՀՆԱ-ի հետ»:

Ադրբեջանը, բնականաբար, նույնպես համապատասխան կորուստներ է ունեցել: Բայց ո՞վ  սանձազերծեց պատերազմը ի հեճուկս 1994 թ. Բիշկեկում իր իսկ աղերսական խնդրանքներով ստորագրված անժամկետ զինադադարի համաձայնության, վարեց այն արգելված, կնշանակի հանցավոր մեթոդներով ու միջոցներով: Ստացվում է, որ նա նախապես ծրագրել է այդ ահռելի մարդկային և տնտեսական կորուստները: Իսկ 2020 թ. պատերազմը ԼՂՀ հայերի դեմ սանձազերծելու համար Իլհամ Ալիևը օգտվել է сasus belli-ից:

Բայց ի՞նչն է հետաքրքիր, Ղարաբաղում հրադադարի մասին մոսկովյան հայտարարությունից հինգ ամիս անց էլ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ինչպես նաև ՄԱԿ-ը պաշտոնապես Ադրբեջանի Հանրապետությունը չեն ճանաչել որպես ագրեսոր երկիր, որը պատերազմով կոպտորեն խախտել է բոլոր միջազգային համաձայնություններն ու նորմերը: Այնինչ մեծ հաշվով հայտնի է, թե ինչ պահանջես և ումից:

Մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, օրինակ, արել է գլխավորը՝ կանչել է հակամարտող կողմերին, պահանջել է կամ համոզել նրանց, մեզ համար նույն բանն է, դադարեցրել է պատերազմը, մեծ արագությամբ խաղաղապահներ է մտցրել, իհարկե, միայն 45-րդ օրը, երբ ԼՂՀ-ից մնացել էր միայն ԽՍՀՄ-ի ժամանակվա սահմաններով տարածքի 56 տոկոսը: Այնուհետև, ինչպես տեսնում ենք, չբարձրաձայնելով պատերազմի ծագման պատճառները, գնահատական չտալով արդյունքներին, կարծես այնտեղ տարերային կամ տեխնածին աղետ էր պատահել, անհապաղ, ընդ որում՝ առանց կռվող կողմերի մասնակցության, միայնակ ձեռնամուխ եղավ (բնականաբար, սեփական հարկատուների հաշվին) Ղարաբաղի հայերին նշանակալի մարդասիրական օգնություն ցույց տալուն, ղարաբաղյան ավերված տների ու ենթակառուցվածքների վերականգնմանը: Ռուսաստանցիներիս, առավել ևս հավատակից հայերի համար այդ առաքելությունը միանգամայն հասկանալի և ողջունելի է: Բայց ինչո՞ւ ոչ 1945 թ. Յալթայի խորհրդաժողովի և 1975 թ. Հելսինկյան համաձայնության ոգով, առանց, նախևառաջ, Ադրբեջանի՝ այդ ավազակության, ավերածությունների, ոչ միայն զինվորների, այլև խաղաղ բնակչության զոհերի մեղավորի մասնակցության: Իհարկե, այդ գործընթացին պետք է մասնակցի նաև Հայաստանը, որի պետական-քաղաքական ղեկավարությունն առայժմ ուժասպառ և ցավոտ ներքաղաքական հուսալքության մեջ է, բայց չէ՞ որ երկրի տնտեսական մեխանիզմը լիովին համարժեք ու գործունակ է: (Ո՞վ է պատասխան տալու Լեռնային Ղարաբաղի ողբերգության համար:)

Ղարաբաղյան հիմնախնդիրը 1992 թ. ի վեր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հովանավորության տակ է և հիմնականում առնչվում է հետխորհրդային միջպետական կազմավորումներին՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ: Երկրորդ  պատերազմի առաջին իսկ օրերից սպասվում էր, որ միջազգային համագործակցության և առավել ևս անվտանգության այս կամ բլոկի մեջ մտնող երկրները միասին կամ առանձին-առանձին չեն սահմանափակվի սառնասիրտ դիտորդի դերով: Սակայն, ինչպես արդեն հայտնի է, այդ սպասումները մինչ օրս չեն իրականացել:

2021 թ. մարտի 14-ին Իլհամ Ալիևը, Բաքվում ընդունելով Շվեդիայի արտգործնախարար և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը, առանց իսկ երկիմաստ ակնարկների տեղեկացրեց. «Մենք արդեն սկսել ենք ազատագրված տարածքների վերականգնումը: Ես արդեն հրապարակավ ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան: Մենք կատարել ենք մեր խնդիրը: Մենք ազատագրել ենք տարածքները (իր պնդումներով՝  «հայերի գրաված»), կատարել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ու ԵԱՀԿ-ի որոշումները»: Ապշեցնում է այն, որ Իլհամ Ալիևն իր ագրեսիվ պատերազմը ԼՂՀ-ի դեմ ներկայացնում է որպես Ադրբեջանի ծառայություն ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ու ԵԱՀԿ-ի որոշումների: Բայց չէ՞ որ դա բացահայտ սուտ է, քանի որ ՄԱԿ-ի որևէ բանաձև և ԵԱՀԿ-ի որևէ որոշում չի լիազորել Ադրբեջանին ղարաբաղյան կոնֆլիկտը լուծելու համար ռազմական գործողություններ ձեռնարկել:

Այնինչ ԵԱՀԿ գործող նախագահը նույնիսկ նշանակություն չտվեց այդ անակնկալ անցումներին, տեղնուտեղը գոհունակությամբ նշեց, որ ուրախ է վերադառնալ Բաքու այնքան տևական ժամանակից հետո, և ափսոսանք հայտնեց, որ չի կարողացել ժամանել աշնանը (ըստ երևույթին՝ նկատի ուներ պատերազմի ժամանակ). «Մեր կառավարությունն այն ժամանակ վտանգավոր համարեց թռիչքները, ուստի ես չկարողացա ժամանել»:

Այնուհետև Անն Լինդեն ահա թե ինչ ասաց. «Ինչպես գիտեք, մեր՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի գլխավոր առաջնահերթությունն է Եվրոպայում անվտանգության համակարգի պաշտպանությունը և աջակցությունն անվտանգության համակողմանի հայեցակարգին, որը անվտանգությունը կապում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ: Իհարկե, մենք կքննարկենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի կոնֆլիկտի կարգավորման  մեր ավանդն ունենանք ԵԱՀԿ տարածքում: Հետևաբար այդ համատեքստում, անշուշտ, մեզ համար առաջնահերթ հարցեր են միջազգային իրավունքը, մարդու միջազգային իրավունքները, կանանց մարդասիրական իրավունքը, խաղաղությունը և անվտանգությունը: Կարծում եմ՝ կարելի է միասին աշխատել այդ հարցերի ուղղությամբ»:

Եվ ոչ մի խոսք թե՛ Ղարաբաղի, թե՛ ադրբեջանական сasus belli-ի, թե՛ պատերազմի, թե՛ դրա հետևանքների, առավել ևս, հետպատերազմյան խնդիրների արդարացի լուծման հարցում ԵԱՀԿ-ի մտադրությունների մասին: Ափսոս: Չէ՞ որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի ազգամիջյան կոնֆլիկտը լուծված չէ: Այն շատ ավելի խոր և հիշաչար բնույթ է ստացել: Ադրբեջանի կողմից հայատյացությունը դույզն ինչ չի նվազել, ընդհակառակը՝ ուղղակի փոթորկոտ բնույթ է ձեռք բերել: Իլհամ Ալիևը դրա մեջ ամենաանմիջական մասնակցություն է ունենում՝ տիկնոջ և երկրի փոխնախագահի հետ անձամբ ցուցադրվելով հակահայկական ֆոտոսեսիաներում:

Ավելին, ԵԱՀԿ ղեկավարը ունքն էլ չշարժեց և սիրահոժար ընդունեց ադրբեջանական քաղաքական նենգափոխումը: Իլհամ Ալիևն էլ տեսնելով, որ հաջողությամբ այդ ստի մեջ «ներքաշեց»  ԵԱՀԿ ղեկավարին, փաստորեն նրա միջոցով ԵԱՀԿ-ի՝ խաղաղության և անվտանգության ամենագլխավոր եվրոպական երաշխավորի գլխին կապեց 2020 թվականի ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի սեփական կարծրատիպը: Ի՞նչ է, մի՞թե այդպես չէ: Անն Լինդեն նույնիսկ պատասխան չտվեց այդ հարձակմանը, Իլհամ Ալիևի փաստացի պաշտոնական խաբեությանը և ղարաբաղյան կոնֆլիկտի առնչությամբ ԵԱՀԿ-ի 26-ամյա գործունեության վարկաբեկմանը: Մինչդեռ ինչքան որոշակի հարցեր կան Իլհամ Ալիևին  сasus belli-ի և երկրորդ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի արդյունքների կապակցությամբ, որոնք պետք է առնվազն Հաագայի տրիբունալում քննվեն: Այլապես ո՞ւմ են պետք ՄԱԿ-ի բանաձևերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ու որոշումները, որոնց վրա  Ադրբեջանի նախագահը  թքել է և տրորել:

2020 թ. սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ղարաբաղյան պատերազմին նվիրված նիստում նույնպես չմատնանշեց ռազմական գործողությունները սկսելու մեղավորին, գնահատական չտվեց արգելված զենքերի, որոշակի՝ ֆոսֆորային ռումբերի կիրառմանը խաղաղ բնակչության դեմ և իսլամական զինյալների մասնակցությանը մարտերում: ՄԱԿ-ի ԱԽ-ն սոսկ կոչ արեց դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանացություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Իրականում դա Ադրբեջանին, ինչպես և Թուրքիային հնարավորություն տվեց պատերազմը մեկնաբանելու որպես Հայաստանի ագրեսիա Ադրբեջանի դեմ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես սկսեց խրատ տալ ՄԱԿ-ին, որ իր Անվտանգության խորհրդի բանաձևերը պետք է կատարվեն անհապաղ, երբեմն նոււյնիսկ ընդունելուց հետո ժամերի ընթացքում, մինչդեռ չորս բանաձևերը, որոնք ընդունվել են Լեռնային-ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ 20 տարի առաջ, մնում են թղթի վրա:

Մի՞թե ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և ղարաբաղյան ազգամիջյան կոնֆլիկտի հանգուցալուծման մյուս խաղացողներն իրավունք ունեն շրջանցելու Իլհամ Ալիևի сasus belli փաստը՝ հատկապես նկատի ունենալով Ադրբեջանի պատասխանատվությունը և ոչ միայն ռազմական ուխտադրժությունը, աշխարհակարգի ոչնչացումը Հարավային Կովկասում: Միայն ՄԱԿ-ի կանոնադրության խախտման հետ կապված հարցերը ավելի քան բավարար են. առաջին հերթին կապված պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման հետ: Ինչո՞ւ նրան հարց չի տրվել իր կողմից  Սիրիայից և այլ երկրներից բերված իսլամական ջոկատների 2000 մարտիկների ներգրավման վերաբերյալ (տե՛ս  «Кто ответит за трагедию Нагорного Карабаха?»):

Եվ ի՞նչ է ստացվում: Եթե միջազգային, տարածաշրջանային և միջպետական անվտանգության երաշխավորները լռում են 2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի պատճառների և արդյունքների մասին, ապա դրանից հետևում է, որ նրանք նախ և առաջ ընդունում/ամրագրում են ադրբեջանական сasus belli-ն որպես միջազգային իրավունքի իրացման հնարավորություն, որպեսզի միակողմ կարգով ոտնահարվեն միջազգային նորմերն ու պայմանավորվածությունները, ռազմական ագրեսիա ձեռնարկեն ով, երբ, ում դեմ ուզենա սկզբունքով:

Այդ կապակցությամբ ևս մի օրինաչափ հարց է ծագում. իսկ ինչո՞ւ են մինչև հիմա լռում մեր հետխորհրդային միջպետական կազմավորումները՝ ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն: Թե՞ դրանց կանոնադրությունները համապատասխան պարբերություններ չեն նախատեսում: Մի՞թե դրանք ստեղծվել են միայն նրա համար, որ դրանց մեջ մտնող երկրների առաջնորդները պարբերաբար միասին հիանան մոսկովյան պաղպաղակի համով կամ անխափան ու անսահմանափակ օգտվեն ռուսական վարկերից: Թվում է, թե հենց Ռուսաստանն է բուծում ու հաճույքով խրախուսում նրանց չարչիությունն ու  ռուսատյացությունը: Այս առումով ակնհայտ է մեր ԱԳՆ-ի թերացումն ու հիվանդությունը, այլ կերպ ասած՝ գործ ունենք համակարգային, նպատակաուղղված աշխատանքի բացակայության և համատարած ձախողումների հետ: Այդ երկրներից շատերը մենք պարզապես կորցրել ենք, իսկ մնացածները հեռու են կամավոր տնտեսական, քաղաքական և ռազմական գործընկերության պատրաստակամությունից, քանի որ Մոսկվան ցույց չի տալիս, թե «ով է այստեղ տերը և ում պետք է ենթարկվել»: Այս տեսանկյունից որպես ցայտուն օրինակ կարելի է բերել Հայաստանի «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ, Ռուսաստանի հավատարիմ բարեկամ, փայլուն քաղաքագետ և REGNUM  գործակալության մշտական հեղինակ Արտաշես Գեղամյանի «Почему лидеры стран-членов ОДКБ в ответ на выпад Байдена воды в рот набрали» հոդվածը:

Ռուսաստանի պետական և ռազմա-քաղաքական ղեկավարությունը չպետք է իրեն հաշիվ չտա, որ ադրբեջանական сasus belli-ի նախադեպը սկզբունքորեն ոչ ոքի կողմից և երբեք ընդունելի չէ, առավել ևս մեր երկրի շուրջը ստեղծված հարաճուն լարվածության, մարտահրավերների և ռազմական սպառնալիքների  պայմաններում:  Ռուսաստանի Դաշնության կողմից լռությունը ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի իրական գնահատականների մասին, շատ քաղաքագետների կարծիքով, ուղիղ ասենք՝  վտանգավոր է և ռուսական հասարակությանը պահում է որոշակի լարվածության մեջ, քանի որ сasus belli-ի տիրաժավորման առիթ կարող է դառնալ միջպետական հարաբերություններում՝ պայթեցնելով մեր մերձավոր շրջապատի աշխարհակարգը: Եվ ոչ միայն հետխորհրդային շրջանի հայտնի սառեցված ազգամիջյան կոնֆլիկտների հանգուցալուծման դեպքում, այլև ագրեսիվ եվրոատլանտյան բլոկի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ Երրորդ համաշխարհային պատերազմի օջախների առաջացման առումով:

Վիկտոր Կրիվոպուսկով

Ռուսաստանի և Հայաստանի բարեկամության ու համագործակցության ընկերության նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Բորիս Պոլևոյի անվան գրական մրցանակի դափնեկիր, «Փոթորկահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ

Աղբյուրը՝  lazarevsky.club

 

Աշխարհում ԵԱՀԿ ՄԱԿ Ռուսաստան արցախյան պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին