f

Անկախ

Ֆրանսիացի լրագրողին թույլ չեն տալիս այցելել Արցախ․ նա կռահում է, թե ինչու


Ֆրանսիացի լրագրող Անտուան Բորդիեն Արցախյան վերջին պատերազմից հետո այցելել է Հայաստան լուսաբանելու երկրում ստեղծված իրավիճակը: Այցի շրջանակներում նա ցանկացել է մեկնել նաև Արցախ, սակայն Լաչինի միջանցքում ռուս սահմանապահները թույլ չեն տվել մտնել Արցախ:

«Ես ունեմ համապատասխան փաստաթղթերը, բայց Սահմանապահները վերցրեցին Արցախ այցելության իմ վիզան, անձնագիրը և մոտ կես ժամ ստուգումներից հետո ասացին, թե չեմ կարող մուտք գործել Արցախ: Պարզաբանեցին, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը չի ցանկանում, որ ես այցելեմ Արցախ»,-պատմում է լրագրողը:

Վերադառնալով Երևան՝ Անտուան Բորդիեն հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ և ներկայացրել իրավիճակը: Վերջինս ասել է, որ կան ֆրանսիացիներ, որոնք կարողանում են մտնել Արցախ, բայց ֆրանսիացի այլ լրագրողների նույնպես թույլ չեն տվել:

 

Թե ինչու են ադրբեջանական իշխանությունները խոչընդոտում ֆրանսիացի լրագրողի մուտքը Արցախ, դժվար չէ կռահել․ «Իմ հոդվածները հազարավոր մարդիկ են կարդում: Եթե գնամ Արցախ, ես պիտի գրեմ իմ տեսածի մասին, Ադրբեջանի կողմից այնտեղ իրականացրած վայրագությունների մասին»:

Մինչև Ֆրանսիա վերադառնալը լրագրողը նորից է փորձելու Արցախ այցելել: Ասում է՝ Արցախի արտգործնախարարն ասել է, որ 10 օրից նորից փորձի։ Լրագրողը հույս ունի, որ առանց Արցախը տեսնելու Ֆրանսիա չի վերադառնա։

Անտուան Բորդիեն առաջին անգամ է Հայաստանում: Եկել էր 15 օրով, բայց այստեղ է արդեն երկու ամիս: Ասում է՝ եկել ու սիրահարվել է Հայաստանին. «Այստեղ մենք գտնվում ենք քրիստոնեության բնօրրանում, որն ավելի ու ավելի է փոքրանում, ցավոք, շատ հայեր արտագաղթում են Հայաստանից, այս փետրվարի վիճակագրական տվյալներն արդեն իսկ շատ տագնապալի են»:

Նկատել է, որ հայերը նույնպես սիրահարված են Ֆրանսիային, բայց ցավով նշում է, որ Ֆրանսիան այս պատերազմում չարեց այն, ինչ պետք է աներ:

Ընդհանրապես, նա կարծում է, որ աշխարհը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հայկական հողերի միջազգային ճանաչման հարցում, այլև հանցավոր անգործություն է դրսևորում։

«Այստեղ շատ հարցեր կան: Այո, այդ տարածքները հայկական են, և Ստալինն է այն բռնակցել Ադրբեջանին, ու աշխարհը պետք է ասեր, որ չի ճանաչում Ստալինի կողմից հայկական պատմական տարածքների բռնակցումն Ադրբեջանին: Միջազգային հանրությունը պետք է միջամտի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչմանը։ Բայց միջազգային հանրությունը, փաստորեն, ոչ միայն դա չի ասում, այլև սատարում է այդ հանցագործությանը»:

Քանի որ աշխարհը չի կարողանում այս խնդիրներին օբյեկտիվորեն արձագանքել և լուծում տալ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականություն են վարում, լրագրողը կարծում է, որ Հայաստանն ինքը պետք է կարողանա դիվանագիտորեն այդ ամենի դեմն առնել։

Այս երկու ամիսներին ապրելով Հայաստանում՝ ֆրանսիացի լրագրողը հասցրել է բավականին մոտիկից ծանոթանալ ներհայաստանյան քաղաքական իրավիճակին: Ասում է՝ եթե իրեն հարցնեն, թե ինչի՞ կարիք ունի հիմա Հայաստանը, ինքը կպատասխանի՝ միասնականության և ներքին խաղաղության:

«Բայց միասնականություն ու խաղաղություն երբեք չի հաստատվի, եթե ամեն մարդ իր անձնական շահերն ու ամբիցիաներն առաջ տանի: Պետք է կենտրոնական գործիչները՝ հինո ու նոր, միասին փորձեն լուծել երկրի խնդիրները, որոնք երբեմն հին խնդիրներ են թվում: Ոչ ոք նոր կոնֆլիկտից չի շահի, ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը»:

Ասում է՝ Հայաստանը զարգանալ չի կարող, ներդրողներ ուղղակի չեն գա, եթե չլուծվեն իր նշած երկու կարևոր հարցերը՝ ներքին խաղաղությունն ու միասնականությունը:

Անտուան Բորդիեն այս ընթացքում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղել է թանգարանում, սարսափելի տպավորություններով է դուրս եկել:

«Աշխարհում Հոլոքոստին նվիրված տասնյակ հազարավոր թանգարաններ ու հուշարձաններ կան, իսկ Հայոց ցեղասպանության՝ ընդամենը մի քանի հատ։ Իսկ դա ճանաչման իրական առարկա է»։

Ֆրանսիացի լրագրողը հիշեցնում  է 1939 թ. Հիտլերի ասած խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»:

Նա կարծում է, որ ամբողջ աշխարհը պետք է համախմբվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ: Նույնիսկ կարծում է, որ Էրդողանի համար էլ շատ լավ կլինի, եթե նա քայլ անի, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և թուրքերը ստանձնեն այն պատասխանատվությունը, որ ժամանակին ստանձնեց Գերմանիան:

«Ուր էլ նայեք այսօր, պրոտեկցիոնիստական տրամադրությունների ալիքը հոսում է: Մենք պետք է հասկանանք, որ եթե նրանք նվաճեն ամբողջ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի մի մասը, աշխարհը դրանից միայն կտուժի: Արցախի խնդիրը լուծված չէ: Արցախում ապրող 150 000 մարդիկ պետք է ունենան ինքնորոշման իրավունք և խաղաղ ապրելու իրավունք: Ինչո՞ւ է ոտնահարվում այդ իրավունքը, ինչո՞ւ են վերացնում հայկական եկեղեցիները։ Եթե Լեռնային Ղարաբաղը վաղն անհետանա, 150 հազար հայերը փախստական դառնան, դա ի՞նչ է տալու աշխարհին: Տալու է նոր խնդիրեր: Դա՞ է ուզում աշխարհը»,-ասում է Անտուան Բորդիեն:

Ամփոփելով խոսքը՝ լրագրողը հարց է բարձրացնում․ «Արդյո՞ք մեր քաղաքակրթությունը տանուլ է տալիս իր քաղաքակրթական պայքարը: Մարդը արժեք ստեղծելու և այն վերաբաշխելու համար է, այլ ոչ թե քանդելու: Դրանով նա հեռանում է մարդկային իր տեսակից: Արդյո՞ք մենք մոտենում ենք մեր քաղաքակրթության ավարտին․․․»։

ֆրանսիացի լրագրող այցելություն Արցախ ԼՂ հակամարտություն խմբագրի ընտրանի Հայոց ցեղասպանության ճանաչում Հայոց Ցեղասպանություն

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին