f

Անկախ

Արգամը վերադարձավ, կատարեց քրոջը տված խոստումը, բայց երազում․․․


Մերին ամեն օր քնելուց առաջ եղբոր լուսանկարը համբուրում է, գրկում ու խնդրում, որ այդ գիշեր էլ երազին գա։ Սարսափելի կարոտը մեղմելու միակ ճանապարհը երազին եղբոր այցերն են։ Արգամը քրոջը չի նեղացնում, հաճախ է գալիս, ու երազում քույր ու եղբայր իրագործում են այն ծրագրերն ու նպատակները, որ կյանքում միասին ուրվագծել էին։ Երազն ինչ-որ պահի անհետանում է, Մերին արթնանում է՝ ծանր քարը սրտում, ցավը կոկորդին, բայց կարոտը փոքր-ինչ հաղթահարած ու նոր երազի սպասումով․․․

***

2020 թ․ հուլիսին վանաձորցի Արգամ Սելիմյանը զորակոչվել էր բանակ՝ ծառայության անցնելով Տավուշի մարզում: Հուլիսյան դեպքերը դեռ թարմ էին։ Զինվորական երդման արարողության ժամանակ 18-ամյա նորակոչիկը մոտենում է հրամանատարներից մեկին և խնդրում, որ իրեն էլ ուղարկեն առաջնագիծ: Հրամանատարը մերժում է, ասում է՝ դեռ շուտ է, քո ժամանակն էլ կգա, սպասիր:

Ժամանակը երկար սպասեցնել չի տալիս։ Երկու ամիս անց սկսվում է պատերազմը։ Իրենց զորամասից զինվորներ են ուղարկում Արցախ, բայց Արգամին չեն տանում։ Շատ է նեղսրտում։ Հաջորդ օրը մոտենում է հրամանատարին, ասում, որ ինքն էլ է ուզում գնալ ռազմաճակատ։ Համաձայնում են։

Արգամը վարորդ էր, զինվորական մեծ մեքենա էր վարում: Հոկտեմբերի 14-ին իր մեքենայով ճանապարհ են ընկնում: Արգամը որոշում է մեքենայի լույսերն անջատած վարել․ թշնամին թիրախավորում էր զինվորական մեքենաներն ու պայթեցնում: Բայց նույնիսկ լույսերն անջատած վիճակում՝ թշնամին նկատում է մեքենան ու սկսում գնդակոծել: Արգամին հաջողվում է հասնել ու ըներներին էլ հասցնել Արցախ: Պատերազմի առաջին փորձությունը, փաստորեն, հաջողությամբ է հաղթահարում։

«Երբ հասավ Արցախ, զանգեց: Զգացինք, որ մի տեսակ խառնված ու շփոթված է: Միայն ասաց, որ տեղ են հասել, նույնիսկ կարողացել են խրամատ փորել։ Հաջորդ օրվանից արդեն ձայնի մեջ խառնաշփոթ չկար, հանգիստ էր ու ինքնավստահ: Մի օր էլ հայրս ասաց՝ Արգամ ջան, որ դիակներ տեսնես, չվախենաս: Ասաց՝ պա՛պ, կյանքս դեմովս եկավ-անցավ, էլ ինչի՞ց պիտի վախենամ»։

Արգամն ամեն օր զանգում էր, բայց հարազատների մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ զանգերը երբեմն շրջափակման միջից են։ Հետո են իմացել, որ 4 անգամ նրանց զորախումբը հայտնվել է շրջափակման մեջ, բայց կարողացել են դուրս գալ։ Այդ ընթացքում Արգամը նույնիսկ զինակից ընկերների կյանքն է փրկել:

«Մի օր հարցրեցի՝ Արգամ, հո սոված չե՞ս, ասաց՝ չէ, գիտե՞ս էստեղ մեզ ոնց են նայում: Այնինչ օրերով շրջափակման մեջ են եղել և նույնիսկ հաց ու ջուր չեն ունեցել»,-ասում է քույրը։

Մի օր էլ, երբ նորից շրջափակման մեջ են հայտնվում, Արգամն ընկերներին ասում է, որ զենք-զինամթերքը տեղավորեն իր մեքենայի մեջ, փորձեն դուրս գալ։ Հրամանատարը խորհուրդ չի տալիս, ասում է՝ դա խաղ ու պար չի: Արգամն էլ պատասխանում է՝ ավելի լավ է էդպես մեռնեմ, քան թուրքին գերի ընկնեմ։ Ու ռիսկի է դիմում: Թշնամին կրակի տակ է առնում զինամթերքով բեռնված մեքենան։ Արգամն առանց կանգ առնելու, մեծ արագությամբ, երբեմն սարսափելի վտանգավոր իրավիճակներ հաթահարելով՝ դուրս է գալիս շրջափակումից:

Մի օր էլ՝ կռվի թեժ պահերին, անտառում նստած են լինում, երբ Արգամը կրակոցների տակ սկսում է քթի տակ երգել։ Հրամանատարը նկատում է և խնդրում, որ բարձրաձայն երգի։ Պարզվում է՝ Արգամը հիանալի ձայն ուներ, բայց մինչ այդ նա միայն մեկ մարդու՝ քրոջ ներկայությամբ էր երգել։ Այդ օրվանից զորախումբն ամեն առավոտ օրը սկսում էր Արգամի երգով։ Այդպես օրը հաջող էր անցնում։ Արգամի երգը դարձել էր զորախմբի թալիսմանը։

Հոկտեմբերի 29-ն էր։ Առավոտը բացվում է, բայց Արգամն այդ օրը, չգիտես ինչու, չի երգում։ Քույրը ենթադրում է, որ հավանաբար թշնամու հարձակումը շատ շուտ է սկսվել, ու չի հասցրել երգել։

«Այդ օրը ժամը 18։18 րոպեին զանգեց ինձ։ Պատերազմի ժամանակ հիմնականում հորս էր զանգում, բայց այդ օրը զանգեց ինձ ու ասաց որ ուզում է ուղղակի ձայնս լսել։ Հետո ասաց, որ երգել է։ Չհավատացի։ Ասաց՝ հրամանատարը նկարել է, կուղարկի, կնայեմ։ Աչքերս լցվեցին։ Խնդրեց, որ հայրենասիրական ու մոր մասին երգեր ուղարկեմ, որ սովորի, երգի։ Խոստացա, որ կուղարկեմ։ Մի քիչ էլ խոսեցինք, մեկ էլ ասեց՝ գիտես, չէ՞, նամակդ մոտս է։ Ասացի՝ ո՞նց, էտ խառը պահին նամակս հետդ վերցրե՞լ ես։ Ասաց՝  ամեն օր կարդում է, ձեռագրիցս կարոտս առնում։ Հետո էլ ասաց՝ բա սենց նամակ կգրե՞ն, սիրտս կտոր-կտոր է լինում։ Վերջում խոստացավ, որ ծառայությունը վերջացնի, հետ գա, նամակս հետը բերելու է ու մոտս բարձրաձայն կարդա, որ զգամ, թե ինչ հուզիչ է»։

Այդ նամակը Մերին եղբորը գրել էր, երբ նա նոր էր մեկնել ծառայության, ու պատերազմն էլ դեռ չէր սկսվել։ Գրել էր, որ եղբայրն իր հերոսն է, նրան շատ է կարոտում և այլ խոսքեր, որ պատերազմի ծանր օրերին Արգամի համար լրիվ նոր իմաստ էին ստացել ու տակնուվրա էին անում նրան։

Հոկտեմբերի 29-ը Արգամի ու Մերիի վերջին խոսակցությունն էր։ Մոտ երկու ժամ անց Արգամը հերթապահում էր դիրքում, երբ հանկարծ մահաբեր լույսն է նկատում։ Հասցնում է միայն բղավել՝ ԱԹՍ։ Մի քանի վայրկյան անց կողքին պայթյուն է հնչում։ 18-ամյա Արգամը՝ ընդամենը 2 ամսվա զինծառայող, զոհվում է։ Հրամանատարն ու երկու զինակից ընկերները վիրավորվում են, ավելի ուշ նրանցից մեկը նույնպես մահանում է։

«Այդ օրը չգիտեինք, որ Արգամը զոհվել է, բայց գիշերը նրան երազիս տեսա,-պատմում է քույրը,-իբր եկել էր արձակուրդ, տանը մեծ խնջույք էինք անում։ Մոտեցավ ինձ, ծխախոտի գումար ուզեց, ասաց՝ շտապում եմ տղաների մոտ։ Հետո ես ու հայրս դուրս եկանք նրան ճանապարհելու։ Մի երկար ավտոբուս էր կանգնած՝ մեջը լիքը զինվորներ։ Վարորդն ասաց՝ չէ, Արգամին չեմ կարող վերցնել, էլ տեղ չկա»։

Առավոտյան Մերին արթնանում է, երազը պատմում տնեցիներին ու ասում՝ լավ նշան է, որ Արգամը չնստեց այդ ավտոբուսը։ Մեկ էլ հայրն է պատմում իր տեսած երազը՝ եկեղեցու դռները բացվեցին, Արգամը ներս մտավ։ Ու մինչ փորձում էին երազները վերծանել, մեկ ուրախանալ, մեկ մտահոգվել, Արգամի հոգին արդեն սավառնում էր երկնքում․․․

Արգամ Սելիմյանը հետմահու պարգևատրվում է «Մարտական ծառայության» և «Մարտական հերթապահության համար» մեդալներվ։

Զոհվելուց հետո ընկերներն Արգամի գրպանից հանում են քրոջ նամակը, որն ամեն օր կարդում էր ու քրոջ կարոտն առնում։ Հիմա նամակը Մերիի մոտ է, ինքն է այդ չարչրքված, պատերազմի բովով անցած թղթի կտորից եղբոր կարոտն առնում ու պահում որպես մասունք։ Ձեռքից չի հանում նաև եղբոր ժամացույցը, որ ընկերները փոխանցել են նամակի հետ միասին։

«Մի քանի օր առաջ Արգամը նորից երազիս եկավ,-պատմում է Մերին,-ասաց՝ եկել եմ ասացի՝ անհնար է, դու չես կարող գալ։ Ասաց՝ եկել եմ, որ նամակդ կարդամ, ինչպես խոստացել էի, ու նորից գնամ։ Դուրս եկանք պատշգամբ, մի երկու տող կարդացինք, ուժեղ քամի էր։ Արգամն ամուր գրկեց ինձ, ձեռքս բռնեց ու գնաց․․․»։

Մերին ամեն օր քնելուց առաջ եղբոր լուսանկարը համբուրում է, գրկում ու խնդրում, որ այդ գիշեր էլ երազին գա։ Սարսափելի կարոտը մեղմելու միակ ճանապարհը երազին եղբոր այցերն են։ Արգամը քրոջը չի նեղացնում, հաճախ է գալիս, ու երազում քույր ու եղբայր իրագործում են այն ծրագրերն ու նպատակները, որ կյանքում միասին ուրվագծել էին։ Երազն ինչ-որ պահի անհետանում է, Մերին արթնանում է՝ ծանր քարը սրտում, ցավը կոկորդին, բայց կարոտը փոքր-ինչ հաղթահարած ու նոր երազի սպասումով․․․

արցախյան պատերազմ Արգամ Սելիմյան զինվոր խմբագրի ընտրանի զոհված զինվորներ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր բաժին «Պանենկայի հարվածը»
Այ զիբիլի վրայի առնետ, երբ հայտարարեցիր, որ քո սեփական կետից ես սկսում բանակցություններն Արցախի հարցի շուրջ, հին էջն էլ փակել ես,
Դավաճան Նիկոլի սիրելի նախկին "հրեշները"
Ես սկզբից էլ գիտեի, որ դավաճանություն կլինի, բայց ոչ այս կարգի
Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center
Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Ավելին
Ավելին