f

Անկախ

«Մեր ժամանակների ցեղասպանություն էր»․ երկվորյակ եղբայրներից մեկը զոհվեց, մյուսը հրաշքով ողջ մնաց


Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի բակում սպասում եմ Արցախյան վերջին պատերազմում ծանր վիրավորված 20-ամյա Արմեն Հակոբյանին: Բակում վիրավոր զինվորներ են՝ անվասայլակներին նստած, վիրակապերով, երիտասարդ տարիքին ոչ բնորոշ ծանր հայացքով:

Մի քանի մետր այն կողմ կյանքը շարունակվում է, իսկ այստեղ նույնիսկ արևոտ օրը չի ցրում օդում կախված տագնապն ու ցավը, որ դեռ երկար, գուցե ընդմիշտ հետապնդի նոր կյանք մտած, բայց արդեն կյանքի խավարին հանդիպած այս լուսավոր տղաներին:

Մոտենում է Արմենը՝ ձեռնափայտը ձեռքին, իսկ ձեռքերին՝ այրվածքների խորը հետքեր: Մինչ նրա հետ հանդիպելն արդեն գիտեի եղբոր ու իր պատմությունը: Կարդացել էի, սարսափից քարացել: Բայց ստիպված էի խնդրել, որ նորից պատմի, չնայած գիտեի, որ վերհիշելը նրա համար դժոխքի ճանապարհով անցնելուն էր հավասար:

Արմեն ու Զավեն Հակոբյանները երկվորյակներ են: Ծնվել են Վարդենիսում՝ 2001 թվականի մարտի 22-ին: 2019 թվականի ամռանը միասին զորակոչվել էին բանակ, ծառայում էին Մեղրիում: Երբ պատերազմը սկսվում է, հոկտեմբերի 2-ին նրանց տեղափոխում են Արցախ՝ Ջրական (Ջաբրայիլ):

«Մենք պատերազմը լրիվ ուրիշ ձև էինք պատկերացնում. նստում ես խրամատի մեջ ու սկսում ես կրակել կամ անտառի մեջ ես թաքնվում ու կրակում: Երբ հասանք Արցախ, հասկացանք, որ պատերազմը մենակ կրակելը չի: Իսկ էսպիսի պատերազմ դեռ ոչ ոք չէր տեսել: Անգամ սպաները չեն պատկերացրել նման բան: Մենք կամիկաձեների դեմ էինք կռվում»,-ասում է Արմենը:

Երբ հասնում են Ջաբրայիլ, սարսափելի տեսարանների են հանդիպում: Տեսնում են, թե ինչպես է թշնամին ԱԹՍ-ներով հերթով պայթեցնում դիմացից գնացող զինվորական «Ուրալները» մինչև տեղ հասնելը: Մեր զինվորները ողջ-ողջ այրվում էին, ու հնարավորություն չկար նրանց օգնելու: Արցախի օդն անպաշտպան էր ու բաց:

Հոկտեմբերի 9-ին 19 հոգանոց զորախումբը, որի մեջ էին նաև երկվորյակ եղբայրները, «Ուրալով» անցնում էր Իշխանաձոր գյուղի միջով: Ամբողջ ճանապարհին թշամին գնդակոծում էր: Տղաները հասկանում էին, որ մահվան ճանապարհով են անցնում: Հանկարծ պայթյունների ձայները սկսում են մոտենալ:

Որպեսզի զինակից ընկերները չընկճվեն, Արմենի եղբայրը՝ Զավենը, սկսում է բարձր երգել՝ «Պատերազմ եք գնում, բարով գնացեք...»: Ընկերները ձայնակցում են նրան, ու հենց այդ պահին մեքենան պայթում է: Տղաների երգն ընդհատվում է ընդմիշտ...

Արմենը հիշում է, որ պայթյունի հարվածի ալիքն իրեն դուրս շպրտեց վառվող մեքենայից ու գցեց գետնին:

«Երբ ընկա, աչքերիս դիմաց մթնեց, հետո աչքերս բացեցի, 1-2 րոպե ամեն ինչ սպիտակ էր երևում, իսկ հետո արդեն տեսա, թե ոնց է վառվում մեր «Ուրալը», տղերքն էլ՝ մեջը»:

Արմենի ձեռքերն ու դեմքը նույնպես այրվում էին։ Մի կերպ, գետնին ընկած, կրակը հանգցնում է: Այդ ընթացքում այրվող մեքենայից լսում էր եղբոր ու զինակից ընկերների օգնության կանչող ձայները: Ուժերը հավաքելով՝ փորձում է բարձրանալ, որ մոտենա մեքենային, բայց դեռ չգիտեր, որ լուրջ կոտրվածքներ ունի: Երբ ոտքի է կանգնում, աջ ոտքը միանգամից փշրվում է: Կոտրված էր նաև ձախ ձեռքը: Արմենն ընկնում է, բայց մինչև վերջ գիտակցությունը չի կորցնում: Նույնիսկ սեփական ցավը չէր զգում, միայն անհուսությունից խելագարվում էր, որ տեսնում էր, թե ինչպես են աչքի առաջ եղբայրն ու ընկերներն այրվում, իսկ ինքն անզոր է նրանց փրկել կրակի ճիրաններից:

Որոշ ժամանակ անց մոտենում է Իշխանաձորի գյուղապետն ու, տեսնելով գետնին ընկած վիրավոր զինվորին, իր մեքենայով շտապ հասցնում է գյուղի հիվանդանոց, որտեղից Արմենին տեղափոխում են Գորիս, ապա Երևան:

Մեքենայում գտնվող 19 հոգանոց զորախմբից փրկվում է միայն Արմենը:

«Մինչև հիմա չեմ պատկերացնում, թե այդ ոնց եղավ, որ ես ողջ մնացի: Նույնիսկ վիդեոն եմ նայել, թե ոնց են մեր մեքենան պայթեցնում: Ինձ համար դա ուղղակի հանելուկ է, անհնարին մի բան»:

Արմենը չի ուզում հավատալ, որ եղբայրը չկա: Զավենն իր համար միայն եղբայր չէր, իր կեսն էր բառի բուն և փոխաբերական իմաստով: Երկվորյակ եղբայրները ծննդյան օրվանից անբաժան էին. դպրոցում նույն դասարանում էին, քոլեջում՝ նույն բաժնում, համալսարանում՝ նույն ֆակուլտետում, բանակում՝ նույն վաշտում, նույնիսկ շարքում՝ կողք-կողքի: Միակ տեղը, որտեղ նրանց ճանապարհները բաժանվեցին, կյանքի ու մահվան սահմանագիծն էր:

Սարսափելի պատերազմից ու եղբոր կորստից հետո Արմենն այլևս ապագայի ծրագրեր ու երազանքներ չի կազմում: «Ես ու եղբայրս շատ բան էինք երազում, բայց լրիվ ուրիշ բան եղավ: Հիմա ես չգիտեմ, թե վաղն ինչ է լինելու, դրա համար ապրում եմ օրով, իմ ներկայով, ո՛չ երազում եմ, ո՛չ էլ մտածում ապագայի մասին»:

Դեպքից ավելի քան 6 ամիս է անցել, բայց ո՛չ հոգու վերքերն են բուժվել, ո՛չ մարմնի: Երկու անգամ ոտքն են վիրահատել, մեկ անգամ՝ ձեռքը, ու դեռ պիտի նորից վիրահատվի: Հայրենիքի պաշտպանի կենտրոնում փորձում է կամաց-կամաց վերականգնել շարժունակությունը: Ասում են՝ մի քանի ամսից լավ լինի:

Մարտի 22-ին Արմենը դեռ նոր 20 տարեկան է դարձել, բայց պատերազմը նրան մի ամբողջ կյանքի հասունություն է տվել: Այդ հասունությամբ էլ վերլուծում է պատերազմն ու դրա հետևանքները։ Ասում է՝ պատերազմն ավարտված չէ, հարցերն էլ լուծված չեն, պարզապես հարաբերական անդորր է։ Իսկ կորցրած հողերը պետք է ու հնարավոր է հետ բերել․ «Բայց դրա համար նախ երկրի ղեկավարը պիտի ղեկավար լինի, ոչ թե շիզոֆրենիկ»,-ասում է։

Շատ բան կուզենար ասել, բայց լռում է, քաղաքականությունից խոսել չի սիրում։ Միայն ավելացնում է․ «Մեր բանակը չի ջարդվել, զինվորը չի պարտվել, պարտվողը երկրի ղեկավարներն են, որ արեցին մեր ժամանակների ցեղասպանություն ու ոչնչացրեցին մի ամբողջ սերունդ․․․»։

 

 

արցախյան պատերազմ Արմեն Հակոբյան Զավեն Հակոբյան հերոսներ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

«Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն». Մելքումյանը՝ Վոլոդինին
Եվ դարձյալ` բոլորը մեղադրում են ստի և կեղծիքի զոհ դարձած Հայ ժողովրդին
Լավրով. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որևէ պատճառ չկա
Հուսով եմ՝ հրեաները գիտակցում են, թե ինչ կործանարար հետևանքներ է ունեցել Ադրբեջանին զինելը. Արտակ Բեգլարյան
Որոնք են 2020 թվականին ծնվածների շրջանում առավել տարածված ազգանունները․ Վիճակագրական կոմիտե
Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին կառավարության ներկայացուցիչ է նշանակել
Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում
Փոքր դրամաշնորհներ՝ Երևանի հիմնական և ավագ դպրոցներում էկոակումբներ հիմնելու նախաձեռնության համար
Ինչ է տալիս նիկոլ փաշինին «սահմանային իրավիճակը»
Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ
«Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց` ամենուր»․ Արփինե Հովհաննիսյան
Երևանում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ
Մարմնական վնասվածքը ստացել էր գողացած հեծանվով ընկնելու հետևանքով
Մայիսի 14-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 113 դեպք
Հոռոմ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
Նիկոլն ամեն ինչ արել է, որպեսզի մեզ ցեղասպանությամբ զրկի հայրենիքից և նույնն էլ անում է հիմա․ Զարուհի Փոստանջյան
Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին. Ճապոնիայի նոր դեսպանը՝ Դումանյանին
Երևանում թալանել են «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր տնօրենի՝ բուժական գծով տեղակալի ավտոմեքենան
Ժամը 19։00-ին եկեք Ազատության հրապարակ՝ աշխարհազորի գրվելու․ Հրանտ Բագրատյան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները
Նախկինում պետք է հիմնավորեիր, թե ինչու ես ուզում փոխել անունդ և դա տևում էր մինչև 5 ամիս. Հիմա դա կարվի 15 օրում
Երեխայի ծնունդը գրանցելու և 200 հազար դրամն ստանալու համար այլևս ոչ մի տեղ պետք չի գնալ. ամեն ինչ կարվի հիվանդանոցում
Ամուսնության գրանցման համար պետտուրք այլեւս չի գանձվի. Որոշ կատեգորիայի անձինք ընդհանրապես կազատվեն որևէ պետտուրքից
Ասկերանի շրջանում «Միցուբիշի Պաջերոն» դուրս է եկել ճանապարհից ու գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է
Ավելին
Ավելին