f

Անկախ

«Այս մարդիկ չգիտեն՝ ինչ է պետությունն ու պետականությունը» Հովհաննես Ղազարյան


Անկախ-ի զրուցակիցն է «5165» շարժման համահիմնադիր, «Հայրենիքի վերականգնման և զարգացման» հիմնադրամի ղեկավար, «Իմ քայլը» հիմնադրամի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

-Պարոն Ղազարյան, վաղն արդեն պարզ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կազմը: Ունե՞ք վերջնական որոշում՝ ով է առաջնորդելու ձեր քաղաքական ուժն այս ընտրապայքարում:

-Վաղն իհարկե ամեն ինչ պարզ կլինի, բայց կարող եմ ասել, որ մեր նախընտրական ցուցակը գլխավորելու է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

-Ստեղծված իրավիճակում ընտրությունների անցկացումը որքանո՞վ է ճիշտ: Արդյո՞ք պարտված իշխանությունը չպետք է հեռանար կամ հանրային ընդվզման ներքո հրաժարական տար:

-Չեմ կարծում, որ արտահերթ ընտրությունների գնալը ճիշտ ճաապարհն էր, քանի որ ընտրությունների անցկացումն ավելորդ էներգիայի և ժամանակի վատնում է, նամանավանդ այն իրավիճակում, երբ պարտությունից հետ մեր ամբողջ պետական համակարգը կաթվածահար վիճակում է, և մեզ պետք է լարել ուժերն ու էներգիան հաղթահարելու հետպատերազմյան ճգնաժամը, որից հետո նոր կարող էինք մտածել ընտրությունների մասին: Ցավոք, դա տեղի չունեցավ, որովհետև քաղաքական իշխանությունը փորձում էր պետությունը պահելու փոխարեն պահել իշխանությունը: Նույնիսկ քաղաքական հեռատեսություն չունեցան, որ ընդունեին ճգնաժամը: Համաձայն չէին հանձնել իշխանությունը այլ ուժի կամ ստեղծել ժամանակավոր կառավարություն, կային բազմաթիվ այլ լուծումներ, թող դրանք կիրառեին, ընդամենը պետք էր կամք ու ցանկություն: Բայց նույնիսկ, եթե որոշեցին իրենք մնալ իշխանության, թող լծվեին գործի, փորձեին հաղթահարել այս հումանիտար աղետը, դա էլ չարվեց:

-Նիկոլ Փաշինյանն ինչ-որ ճանապարհային քարտեզ ներկայացրեց և, ըստ էության, 6 ամիս ժամանակ խնդրեց հրատապ խնդիրների լուծման համար՝ ապագայի խոստումներ տալով հասարակությանը:

-Այդ ճանապարհային քարտեզի մեջ չկար գերակա համարվող մի կարևորագույն խնդիր՝ մեր սահմանների պաշտպանունակության հարցը: Սահմանագիծը մոտ 500 կմ-ով ավելացել է թշնամական երկրի հետ, և մենք չենք մտածում այդ գծի պաշտպանության մասին: Տեղից էլ շատ բան զիջեցինք նույնիսկ կապիտուլյացիայից հետո, որովհետև այս իշխանություններն անընդունակ էին բանակցելու: Այսինքն, այս իշխանությունների օրակարգը ոչ թե հումանիտար աղետը, ճգնաժամը հաղթահարելն էր, այլ իշխանությունը պահելը: Ինչ վերաբերում է խոստումներին, բառերին, ապա այս իշխանությունն, իհարկե, կարող է ամեն ինչ ասել, բայց խնդիրն այն է, որ այդ խոսքերը երբեք գործողության չեն վերածվել: Սա ամենատարածված բանն է, որ տեսել ենք այս իշխանության օրոք՝ սկսած հեղափոխության օրերից, երբ մենք լսում էինք գեղեցիկ բառեր, որոնցով մարդիկ ոգևորվում էին և գնում նրանց հետևից, բայց գործնականում այդ բառերն ուղղակի չկային:

-Ի դեպ, Դուք նույնպես այն մարդկանցից էիք, որոնք ոգևորված էին այդ փոփոխություններով և 2018 թվականի աշնանը ստանձնեցիք «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:  

-Գիտե՞ք, ես ինձ համար մի էսպիսի շղթա եմ պատկերել. սկզբից ամեն ինչ հուսադրող էր, այո, մենք հույս ունեինք, որ սա հնարավորություն է կառուցելու նոր որակի պետություն, բաց թողած հնարավորություններից օգտվել և այլն: Հետո եկավ մի պահ, երբ սկսեցինք տարակուսել՝ արդյո՞ք դա հնարավոր է այս իշխանության օրոք, հետո տեսանք, որ այս իշխանությունն ուղղակի անօգուտ է, հետո հասկացանք, որ այս իշխանությունը նաև վնասակար ու վտանգավոր է և ի վերջո տեղափոխվեցինք մի փուլ, երբ այս իշխանությունն արդեն կործանարար է մեր պետության համար: Եվ հիմա ամեն օր մենք համոզվում ենք դրանում: Այդ շղթան այնպիսի տեսք ու հետևողականություն ունի, որ արդեն չես կարողանում հավատալ, թե այս ամենն անընդունակության կամ տգիտության հետևանք է:  

-Հավատու՞մ եք, որ այս իշխանությունը պատրաստ է անցկացնել ազատ ու արդար ընտրություններ և եթե պարտվի, կհեռանա՝ իշխանությունը հանձնելով հաղթողին:

-Եթե ամբողջ պատերազմի ընթացքում և պատերազմից հետո իրենց բոլոր գործողությունները միտված են եղել իշխանությունը պահելուն և ոչ թե պետությունը պահելուն, ապա չկա վստահություն, որ պարտվելու դեպքում իրենք կհրաժարվեն իշխանությունից: Իսկ դա կարող է տանել ցնցումների: Ամենամեծ վախը հենց դա է, որ կարող են լինել հետընտրական ցնցումներ, ճգնաժամ, ընդհուպ քաղաքացիական պատերազմ: Որպես կառավարման մասնագետ եմ ասում՝ այսօր մեր երկրում պետական կառավարման կոլապս է և միահեծան, միանձնյա կառավարում, ինչն արդեն իսկ կործանարար է Հայաստանի համար:  

- Ձեր հոդվածներից մեկում նշել եք, որ մեր բոլոր հիմնախնդիրներն անարդյունավետ ու սխալ կառավարման հետևանք են: 2008-2017 թթ. Դուք աշխատել եք պետական կառավարման համակարգում՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, Պաշտպանության նախարարություն: Եթե համեմատեք այդ տարիների կառավարման համակարգը վերջին երեք տարիների հետ, ի՞նչ կարող եք արձանագրել:

-Նախկինում պետական կառավարման համակարգն, իր թերություններով հանդերձ, աշխատում էր, կար համակարգային կարգապահություն, որը քչից, շատից ապահովում էր պետության բնականոն գործունեությունը: Իհարկե դա չէր բավարարում, որպեսզի մենք զարգացում ունենայինք, ավելի բարեկեցիկ երկիր դառնայինք, և բնական է, որ այն պետք էր բարեփոխել: Բայց երբ գալիս է մի իշխանություն, որն ուղղակի վերացնում է այդ գործող համակարգը՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով, բնականաբար դա վատագույն լուծումն է: Մենք հիմա ուղղակի չունենք պետական կառավարման համակարգ:

-Դուք միացել եք «5165» շարժմանը, բայց շատերը Ձեզ չեն վստահում և համարում են Աննա Հակոբյանի յուրայինը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Դուք եղել եք «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն, իսկ դրանից առաջ եղել եք, այսպես կոչված «մերժվածների» իշխանության ներկայացուցիչ: Ինչպե՞ս կհակադարձեք այս մեղադրանքներին:

-Նախ նշեմ, որ «Լույս» հիմնադրամի միջոցով սովորել են Հարվարդում հանրային կառավարման ոլորտում, դրանից առաջ միջազգային հարաբերություններ ու դիվանագիտություն եմ սովորել Բերլգիայում և վերադառնալով Հայաստան՝ ծառայության եմ անցել ՀՀ զինված ուժերում՝ որպես ՊՆ արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության սպա, որից հետո աշխատել եմ ՀՀ նախագահի աշխատակազմում: 2017 թվականին, այսինքն մինչև հեղափոխությունը, ես արդեն դուրս էի եկել պետական կառավարման համակարգից և աշխատանքի էի անցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում՝ որպես Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար: Երբ 2018 թ. հոկտեմբերին առաջարկ ստացա ղեկավարելու «Իմ քայլը» հիմնադրամը, սկզբում մերժեցի, հետո, երբ նորից առաջարկեցին մտածել, համաձայնեցի՝ ներկայացնելով մի քանի կարևոր պայման. առաջին՝ որ կառույցն իսկապես դառնալու է ինստիտուցիոնալ և ոչ թե  այս կամ այն իշխանության օրոք է գործելու, իսկ իշխանափոխությունից հետո ծրագրերն անավարտ են մնալու, երկրորդ՝ որ կառույցը քաղաքականացված չի լինելու, երրորդ՝ որ պետք է իրականացվեն զարգացման ծրագրեր և 4-րդ՝ որ ես եմ հավաքելու իմ թիմը: Այդ պայմանները խոստացան բավարարել, և ես համաձայնեցի, ու այդ ընթացքում իսկապես մեր թիմն  իրականացրեց շատ կարևոր ու արդյունավետ ծրագրեր կրթության, առողջապահության, մշակույթի, սոցիալական և այլ ոլորտներում:

-Պատերազմից օրեր անց Դուք հանդես եկաք հայտարարությամբ՝ ներկայացնելով, թե ստեղծված իրավիճակում ինչ առաջնահերթություններով պետք է գործի հիմնադրամը: Այնուհետև դեկտեմբերի 1-ին հրաժարական ներկայացրեցիք հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նշելով, որ սկզբունքային անհամաձայնություններ ունեք մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հետ։ Ի՞նչ անհամաձայնությունների մասին  էր խոսքը:

-Ամբողջ պատերազմի ընթացքում ես արդեն տեսնում էի, որ համակարգման, կառավարման հետ կապված լուրջ խնդիրներ կան: Մոբիլիզացիան միայն զինվորականությանը չի վերաբերում, այլ ամբողջ երկրի ռեսուրսն էր պետք մոբիլիզացնել: Մենք ունեինք լուրջ բացեր: Այդ լուրջ բացերը ես նկատել էի նաև կորոնավիրուսի ժամանակ և հանդես էի եկել առաջարկներով: Հետո եղավ նոյեմբերի 10-ի շոկը, որ ապրեցինք բոլորս, դրան հետևեցին արդեն մյուս քայլերը, հայտարարությունները, և այդ ամենի արդյունքում ես ինձ համար մի բան ֆիքսեցի, որ այս մարդկանց համար իշխանություն պահելը շատ ավելի գերակա խնդիր է, քան պետություն պահելը: Իսկ իմ մտածելակերպն ու քաղաքական գիտակցությունը ձևավորվել էին պետական համակարգում: Ես օպերացիոն մակարդակում գիտեի՝ ինչ բան է պետությունն ու պետականությունը և չէի կարող հանգիստ նստել ու ասել՝ ամեն ինչ նորմալ է: Իսկ այս մարդիկ չգիտեն՝ ինչ է պետությունն ու պետականությունը:

-Հնարավորություններ կա՞ն երկիրն այս վիճակից դուրս բերելու և զարգացման հունի մեջ դնելու:

-Որպեսզի երկիրը զարգանա, պետք է մարդիկ աջակցեն «5165»-ին: Այնտեղ կա թիմ, կան ազգային շահը գիտակցող և պաշտպանելու ունակ, ինչպես նաև առաջադեմ ու ժամանակակից մտածողություն ունեցող մարդիկ: Մեր քաղաքական դաշտում հաճախ հարմարվում են ընտրական շուկայի պահանջին, որ մարդիկ անկիրթ են, այսպես են մտածում, սա են ուզում, պետք է սա առաջարկել և այլն: Ես գտնում եմ, որ դա ազնիվ չէ ոչ միայն մեր քաղաքացու նկատմամբ, այլ ինքներս մեր: Պետք է ասենք այն, ինչ մտածում ենք՝ անկախ նրանից, թե ինչքան մարդ մեզ կաջակցի: Վերջիվերջո մի օր պետք է հասկանալ, որ  պետք է գնալ ոչ թե պահանջարկի հետևից, ինչպես սերիալներն են, այլ պետք է կոտրել այդ արատավոր շղթան և գնալ այն ճանապարհով, որն իսկապես մեզ կտանի դեպի հզոր ազգային պետություն: Ես համամիտ չեմ, որ մեր հասարակությունը չի հասկանում, թե ինչ է ուզում: Մեզ մոտ էլ կա մտածող հատված, որը, գիտի, թե ինչ է պետք մեր երկրին ու ժողովրդին: Իսկ ամենաառաջնայինը մեզ պետք է հասնել ներքին համերաշխության ու համախմբման: Եթե գանք իշխանության, առաջին հերթին այդ խնդիրը պետք է լուծենք

Հովհաննես Ղազարյան 5165 շարժում արտահերթ խորհրդարանական ընտրություններ հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

«Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը». Ինչ է կատարվել Երասխում
«Ադրբեջանն այս քայլերով ձգտում է կոշտ օղակի մեջ վերցնել Հայաստանը և այն դարձնել ամբողջությամբ իր քմահաճույքից կախված երկիր»․ադրբեջանագետ
«Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյան օրակարգ բերեց այն խայտառակ թեզը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել
Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է
ԱՄՆ-ում ժանտախտ է  հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 947 դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսի դելտա   շտամը քաղաքական սպառնալիք է դարձել  Բայդենի համար․  WP
Իշխանությունը ,անհրաժեշտ սահմանազատումը պատրվակ դարձնելով , Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղի մեջ
Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը այսօր նույնպես կրակել են. ՀՀ ՄԻՊ
Պայթյուն՝ Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ
Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը
Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը
Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Այսօր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքն է. հարսանյաց սրահ մուտքն անձնագրերով է
Փոխգնդապետ ծեծողը՝ պատգամավոր, Ամիրյան փողոցում կրակողի եղբայրը՝ Նիկոլի թիմի գլխավոր. Աղասի Միքայելյան
«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ shamshyan.com
Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին
Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին
Ավելին
Ավելին