f

Անկախ

«Բնության ուժը՝ նրան միայն այսպես կարող ենք բնութագրել». Վարդան Գրեգորյանի կյանքն ու անցած ուղին


Հունիսի 5-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Aurora Dialogues առցանց քննարկումների շրջանակում տեղի ունեցավ «Վարդան Գրեգորյանը՝ «Ավրորայի» համահիմնադիրը» միջոցառումը: Այն նվիրված էր Վարդան Գրեգորյանի անցած փառահեղ ուղուն՝ որպես մարդասեր, ուսուցիչ եւ մենթոր: Մեծարման այս միջոցառումը վարում էր «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր եւ սյունակավար Դեյվիդ Իգնաթիուսը, բանախոսներն էին «Ավրորայի» համահիմնադիրները, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրները։

Միջոցառման մեկնարկին Դեյվիդ Իգնաթիուսը ողջունեց բոլոր մասնակիցներին եւ հանդիսատեսին: «[Մենք այստեղ ենք, որպեսզի] մեծարենք «Ավրորայի» համահիմնադիր եւ իմ սիրելի ընկեր, անկրկնելի Վարդան Գրեգորյանին, որը վերջերս հեռացավ կյանքից: Մարդ, որը բոլորիս համար ներշնչանքի աղբյուր էր, որի մտավոր եւ բարոյական ժառանգությունը կշարունակի ապրել եւ դաստիարակել մտածողների եւ գիտնականների սերունդներ»,- ասաց պարոն Իգնաթիուսը՝ խոսքը փոխանցելով «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը յուրօրինակ տրամադրություն հաղորդեց միջոցառմանը. «Տարիներ շարունակ, որ ճանաչել եմ Վարդանին, միշտ այնպիսի զգացողություն եմ ունեցել, որ նա թիկունքիս կանգնած է, ինչպես բոլոր նրանց թիկունքին, ում ճանաչում էր: Եվ ինչն է ամենատպավորիչը, որ իր գործունեության ընթացքում Վարդանն այն հազարավոր մարդկանց թիկունքին էր կանգնած, եթե չասենք միլիոնավոր, որոնցից շատերին նա նույնիսկ չէր էլ ճանաչում»:

Վարդան Գրեգորյանի մասին խոսելիս «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզիին դժվար էր չտրվել հույզերին: «Նա անկեղծ էր, անձնուրաց, նա բարեհոգի էր ու մեծահոգի շատերի, այդ թվում՝ նաեւ իմ հանդեպ: Նա պոետիկ էր, ռոմանտիկ, նա լեգենդ էր: Խելքն ու վարակիչ ժպիտը նրան դարձնում էին [Ընտրող հանձնաժողովի] անգերազանցելի անդամ: Տարիներ շարունակ նրան հետեւելով՝ ես շատ բան եմ սովորել»,- ասաց Լորդ Դարզին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Նուբա լեռներում գործող «Գթության Մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն Թոմ Քաթինան այն մարդկանցից մեկն է, որն անձամբ է զգացել Վարդանի բեկումնային ազդեցությունը. «Նա մեծացել էր տարբեր մշակույթներում, տարբեր կրոնների եւ համոզմունքների տեր մարդկանց միջավայրում: Եվ նա այն մարդն էր, որն իսկապես կարողանում էր լեզու գտնել ցանկացածի հետ, ու, իմ կարծիքով, յուրաքանչյուրը մտածում էր, որ նա իր ընկերն է»:

Հուզումնալից էր 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեի արձագանքը. «Նա հույսի խորհրդանիշ էր, սիրո, խոնարհության, կարեկցանքի խորհրդանիշ: Նա սուրբ մարդ էր: Նա հասել է այն ամենին, ինչ գրված է Աստվածաշնչում: Նա աշխարհը դարձրեց դրախտ»:

Մյուս բանախոսները եւս անհամբեր էին թվարկելու Վարդան Գրեգորյանի ձեռքբերումները՝ միաժամանակ ընդգծելով նրա անդրդվելի համեստությունը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախկին անդամ Սամանտա Փաուերը Վարդան Գրեգորյանին բնութագրեց որպես «հերոս ընկեր»: «Կորուստն անչափելի է, բայց փաստը, որ նա ուներ «Ավրորան», եւ էներգիան, որ այն փոխանցում էր նրան, անհավատալի էր: <...> Նրա քաջությունը, հոգու ամրությունն ու տոկունությունն այնքան ակնհայտ են: Նա այն ամերիկացու մարմնավորումն է, որն ինքնուրույն է հասել ամեն ինչի: Բայց մեզնից յուրաքանչյուրը, ում բախտ է վիճակվել լսելու Վարդանի պատմությունը, կարող է կարծել, թե նա գրեթե անմասն էր այդ ամենից»,- ասաց տիկին Փաուերը: 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն նշեց, որ Վարդան Գրեգորյանն իսկապես ապրում էր այն սկզբունքներով, որոնք ցանկանում էր սերմանել ուրիշների մեջ. «Երբ ես փորձում եմ առանձնացնել մեկ հատկանիշ աշխարհի եւ մարդկության հետ Վարդանի հարաբերություններում, որոնց հետ կապի մեջ էր եղել ողջ կյանքի ընթացքում, այդ ընդհանուր գիծը մեծահոգությունն է: Իմ կարծիքով՝ հենց այդ մեծահոգությունն էր, որ առաջնորդեց նրան այդքան անհավանական  նվաճումների: Իսկ մեծահոգություն նշանակում է սեր, ու նա սիրով էր անում ամեն ինչ, որն էլ, իմ կարծիքով, հնարավոր դարձրեց ամենը»:

Նրա եզակի անհատականությունն էր, որ Վարդան Գրեգորյանի հետ առաջին իսկ հանդիպումից գերեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, The Elders խմբի նախագահ, Իռլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնին: Վերջինս ջերմորեն հիշեց, որ այդ ժամանակ Վարդան Գրեգորյանը Բրաունի համալսարանի նախագահն էր, ու նա հմայեց ոչ միայն իրեն, այլեւ ամուսնուն: «Հենց սկզբից մենք տարված էինք համալսարանի այդ առանձնահատուկ նախագահով՝ նրա հումորով ու գիտելիքի պաշարով: Երբ ես 8 տարի աշխատում էի Նյու Յորքից, մենք բազմաթիվ երկար քննարկումներ ենք ունեցել մարդու իրավունքների եւ այլ հարցերի շուրջ»,- վերհիշեց նա:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան դափնեկիր, իրանցի իրավաբան եւ մարդու իրավունքների պաշտպան, Իրանի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի հիմնադիր Շիրին Էբադին խոսեց Վարդան Գրեգորյանի՝ հանդուրժողականության, փոխըմբռնման եւ խաղաղ համակեցության անդադար ձգտման մասին՝ մեջբերելով բոլոր կրոնների ընդհանուր աղբյուրի՝ մարդկայնության վերաբերյալ պարսկական մի ավանդազրույց: «Եթե մի խումբ հանուն կրոնի կամ գաղափարախոսության ատելություն է քարոզում եւ բռնությունը համարում թույլատրելի, վստահ եղեք, որ սխալ է գործել եւ շեղվել ճանապարհից: <…> Ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել Վարդան Գրեգորյանին՝ իմ մենթորին, եւ հիշել գիտելիք տարածելու նրա ջանքերը, որի շնորհիվ նա ճանապարհ բացեց խաղաղ համակեցության համար»,- ասաց Շիրին Էբադին: 

Դա այն է, ինչի ջատագովը կարող էր լինել հաջորդ բանախոսը՝ 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Միրզա Դինային, մեկը, որ տեսել էր, թե ինչպես է իր ժողովուրդը հալածվել տարիներ շարունակ եւ այսօր էլ պայքարում է իր գոյության համար. «Երբ ես հիշում եմ Վարդանին, ես տեսնում եմ հայ կնոջ, որն աշխարհին, մարդկության մեծ ընտանիքին նվիրեց այս հանճարեղ մարդուն ու հերոսին: Եվ մենք նույնպես պետք է տարածենք մարդասիրության, խաղաղության եւ համակեցության այս գաղափարախոսությունը»:

Վարդանի հզոր ոգին առաջնորդող փարոս էր շատերի համար, ինչպես նրա կարեկցանքն ու նվիրվածությունը, նկատեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի Գբովեի խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն. «Հավերժ լավատես, ես երբեք չեմ մտածել, որ աշխարհում չկա հույս, որովհետեւ եթե չկա հույս, չկա նաեւ կյանք: <…> Վարդանն այն մարդն էր, որն այս կարճ՝ վեց տարվա ընթացքում ինձ ցույց տվեց, որ ուրիշների տառապանքներին անտարբեր մնալն, իրոք, նրանը չէր: Նա քեզ վերաբերվում էր այնպես, կարծես դու մեծ նշանակություն ունես: Նա յուրաքանչյուրին էր այդպես վերաբերվում»:

Վարդանն իր մեջ լույս էր ամփոփում, որը ճառագում էր ոչ միայն իր բառերի, այլ, որ ամենակարեւորն է, իր գործողությունների միջոցով, ավելացրեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, մարդու իրավունքների պաշտպան, The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը. «Նա հավատում էր անիրական թվացող իրողությունների, որոնք մենք կարող ենք նույնիսկ դեռ տեսած չլինել: Նա աշխատում էր այդ ամենն իրականություն դարձնել: «Բարի լույսի» գաղափարը շատ կարեւոր էր նրա համար: Նրա համար դա ավելի լավ ապագայի հույս էր: <…> Ավելի լավ ապագայի հույսով ապրելու եւ այն իրականություն դարձնելու համար անվերջ աշխատելու նրա կարողությունը վեր էր ամեն ինչից»: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գեղարվեստական խորհրդի անդամ, Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի փոխնախագահ, Ռուսաստանի եւ Եվրասիայի ուղղություններով միջազգային ծրագրերի ղեկավար Դիանա Արսենյանը մյուս բանախոսների համեմատ, հավանաբար, ամենաերկարն է ճանաչել Վարդան Գրեգորյանին: Նա իր երախտագիտությունը հայտնեց միջոցառման համար եւ ափսոսանք հայտնեց, որ չի կարող «30 տարվա իր մտերմությունը մի մարդու հետ, որին կարելի է բնութագրել որպես բնության ուժ, ամփոփել մեկ պահի մեջ» եւ այն փոխանցել մյուսներին: Այնուամենայնիվ, նա փորձեց մի հուզիչ պատմություն ներկայացնել այն մասին, թե ինչպես Վարդանը ժամանակ գտավ իր ծանրաբեռնված գրաֆիկում՝ խոսելու հնգամյա երկու երեխայի հետ, որոնց հանդիպեց փողոցում 2016 թ. Երեւան կատարած այցի ժամանակ՝ ավելացնելով, որ դա ցույց էր տալիս նրա «ջերմ ու մեղմ անհատականությունը»:

Միջոցառման ավարտին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլորին եւ իր վստահությունը հայտնեց, որ Վարդան Գրեգորյանի համար այդքան կարեւոր գործը կշարունակվի՝ հարգանքի տուրք մատուցելով նրա թողած ժառանգությանը: «Վարդանն իր կյանքի ընթացքում կարեւոր դերակատարություն է ունեցել բազմաթիվ նախագծերի իրագործման ընթացքում, բայց սա եզակի նախագիծ էր նրա համար, որովհետեւ նա մեզ հետ միասին հիմնադիրներից մեկն էր: Նրա համար չափազանց կարեւոր էր, որ մենք շարունակենք այս գործը: «Ավրորան» նրա համար կարեւոր էր ոչ միայն մարդասիրության տեսանկյունից: Նրան դուր էր գալիս գաղափարը, որ մենք գտանք ճանապարհը, թե ինչպես պահել կապը համաշխարհային այս օրակարգի եւ հայկական աշխարհի միջեւ»,- ասաց պարոն Վարդանյանը:

 

Մարդիկ Վարդան Գրիգորյան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. 3 վիրավոր ունենք. ՊՆ
«տավուշցիք սաղ պաշտոններն իրանցով են արել, եկել լցվել են Երևան», միանգամից կթռնեք դեմքներին չէ՞, կասեք՝ էս ինչ ես ասում, էս ինչ պառակտում ես մտցնում...
Ապուշ եմ, որ նման վերաբերումունքի պայմաններում դեռ ինձ հայ եմ համարում ու շարունակում էդ ողորմելիանոց, բանդիտանոց, հանցագործանոցի հարցերով գրել ու անհանգստանալ
Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքը
Հրապարակվել է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Սյունիքի կալանավորված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք. ուղիղ
Ինչպե՞ս է հաշվարկվում խնամատար ընտանիքներին տրվող ամսական վարձատրության չափը
Միայն հնագույն պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այսպես գնահատել մեկ այլ հնագույն ժողովրդի ժառանգությունը
ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալը հավաք-խորհրդակցություն է անցկացրել
Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում
Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նոր պետ է նշանակել
«Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ». Լավրով
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին
32-րդ ամառային Օլիմպիական խաղեր․Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը
Երկրորդ եռամսյակում կտրուկ ավելացել են լրագրողների հանդեպ անվայելուչ վերաբերմունքի դեպքերը. զեկույց
Եթե այս կարծիքի հեղինակը հետևեր դատախազության լրահոսին, կիմանար․ Գոռ Աբրահամյան
Սպառնացել էին մորթել նրան ու վերացնել ընտանիքը. Ինչ էր տեղի ունեցել Իջեւանի բնակարաններից մեկում
Հադրութի մանկապարտեզը վերաբացվել է Ստեփանակերտում. նախագահի խորհրդական
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 55 կարգապահական տույժեր
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սերջիո Մատարելլային
Ավելին
Ավելին