f

Անկախ

«Աշխարհն արձանագրեց, որ հայ ժողովուրդը բուժման կարիք ունի». Արծրուն Պեպանյան


Անկախ-ի հետ զրույցում հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը հույս հայտնեց, որ ստեղծված իրավիճակում հայ ժողովուրդն ի վերջո կընտրի վերելքի ճանապարհը: 

-Պարոն Պեպանյան, ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքը շոկային էր շատերի համար, նման ելքը Ձեզ համար սպասելի՞ էր։

-Ճիշտ չի լինի, որ ասեմ՝ սպասելի չէր: Ես միշտ գտել եմ, որ մեզ մոտ ընտրություններով իշխանափոխություն հնարավոր չէ անել, քանի որ պետական անհրաժեշտ ինստիտուտները չկան, որոնք կհետևեն խախտումներին, հարկ եղած դեպքում կչեղարկեն ընտրությունների արդյունքները, մեղավորներին կպատժեն և այլն: Իշխանություններն ինչ թիվ ուզեն, կասեն, իսկ դու չես կարող օրենքի սահմաններում պաշտպանել քո քվեները: Նման պայմաններում ընտրությունների գնալն ուղղակի անմտություն էր: Այն խախտումները, որ ես հիմա տեսնում եմ, դրանց կեսը հերիք էր, որ այս ընտրությունը չեղյալ հայտարարվեր: Միակ հույսն այն էր, որ կլինեին հետընտրական զարգացումներ, բողոքներ և այլն: Բայց դա էլ չեղավ:

Երկրորդ պատճառը, որ մեզ մոտ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելը սխալ է, այն է, որ մեր ժողովուրդը հասունացած չէ այդ գործընթացի համար: Հասարակության մեծ մասը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, ի վիճակի չէ հասկանալ երկրի պրոբլեմները, իրենց շատ արագ կարելի է հիմարացնել կեղծ լոզունգներով: Մի քանի հարյուր հազար մարդ ընդհանրապես պետության ու հայրենիքի զգացում չունի, և բնական է, որ այս վիճակում անաչառ ու ճիշտ ընտրություն կատարել չէր կարող: Հաշվի առնելով այս ամենը՝ ես կարծում էի, որ իշխանությունը մոտ 35-40 տոկոս կունենա, բայց իրենք որոշեցին ավելի բարձր թիվ ցույց տալ:

-Ընտրությունների արդյունքներով ասես լեգիտիմացվեցին այս իշխանության բոլոր սխալները, խայտառակ պարտությունը, կապիտուլյացիան: Մեր երկրի և ժողովրդի վարկանիշի վրա սա ի՞նչ ազդեցություն կունենա:

-Ես համամիտ չեմ, որ ընտրություններով իրենց արածները լեգիտիմացվել են: Ո՛չ: Պարզապես այս ընտրություններն ապացուցեցին, որ մենք պետության արժանի ժողովուրդ չունենք, իսկ Նիկոլ Փաշինյանը պետության ոչ արժանի ժողովրդի վարչապետ է: Արտաքին աշխարհում մենք ուղղակի խայտառակ եղանք: Ես նայում եմ դրսի արձագանքները, ամաչում եմ, բայց մյուս կողմից իրենք ասում են իրականությունը: Հիմա արդեն բոլորը տեսան, որ մեր ժողովուրդը հոգեմտավոր խեղում ունի, պետք է բուժել: Այո, աշխարհն արձանագրեց, որ հայ ժողովուրդը բուժման կարիք ունի:

-Փաստորեն, հասարակության ոչ ադեկվատ, հայրենիքի ու արժանապատվության զգացում չունեցող, քաղաքականությունից գրեթե ոչինչ չհասկացող խավը որոշեց Հայաստանի ապագան: Ո՞րն է այդ ապագան:

-Ապագա չկա: Եթե այս մտածողությունը մնա, ապագա չկա: Ես դեռ 25 տարի առաջ եմ ասել, որ մեր ժողովուրդն ակամա թուրքական ծրագիր է իրականացնում, և հիմա արդեն բոլորն են դա տեսնում: Առաջ, երբ ես ցույց էի տալիս դա փաստերով, մարդիկ չէին ուզում տեսնել, ինձ ասում էին՝ ծախված ես: Ասում էի՝ այս ժողովուրդը խնդիր ունի, ասում էին՝ ժողովրդից ի՞նչ ես ուզում, իշխանություններն են մեղավոր: Ես կոչ էի անում թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը առերեսվել մեր խնդիրների հետ: Անձամբ դիմել եմ բոլոր ժամանակների իշխանություններին, ասել եմ՝ այս ժողովուրդը խնդիր ունի: Այս իշխանությանն էլ եմ ժամանակին գրել, ներկայացրել իրավիճակը: Ներկայացրել եմ նաև լուծման ծրագիր, ժողովրդի ապաքինման տարբերակներ: Ապարդյուն:

-Ո՞րն է այդ խնդիրը և որո՞նք են լուծման տարբերակները:

-Այն, ինչ հիմա տեսնում եք, դա է խնդիրը, որը պետք է վերափոխել: Ես այն կոչում եմ հանրային-մտածողական քաղցկեղ: Համաշխարհային փորձն ուսումնասիրելով՝ ես տարբերակներ էի ներկայացրել: Դա երկար ու բարդ պրոցես է, միայն կրթությունը բավարար չէ: Դրա բուժման համար բարդ համակարգ է պետք ստեղծել:

-Ի՞նչ է սպասվում մեր երկրին, ի՞նչ կանխավարկածներ ունեք։

-Երկու տարբերակ կա՝ կա՛մ կործանում, կա՛մ մեծ վերելք: Բավական թվով մարդիկ արդեն սկսել են իրականությունը տեսնել և հրապարակայնորեն ասել, որ ժողովուրդը խեղաթյուրումներ ունի: Ես սա համարում եմ հեղափոխություն հայ քաղաքական մտքի մեջ: Դա հիմք է տալիս հուսալու, որ ինչ-որ իրատեսական շարժում կառաջանա, որը լուծումներ կբերի այս իրավիճակում: Մինչև հիմա եղել է պայքար հողմաղացների դեմ: Վերջապես պետք է հասկանալ, որ պետք է ոչ թե պայքարել իշխանության դեմ, այլ պետք է բուժել հասարակության խնդիրը:

-Պարոն Պեպանյան, Դուք Հայրենիքի փրկության շարժման խորհրդի կազմում էիք ընդգրկված։ Ինչու՞ Շարժմանը չհաջողվեց հասնել Փաշինյանի հրաժարականին։

-Խորհուրդը գնում էր հին, ավանդական ճանապարհով՝ պայքար-պայքար, ցույցեր, չի ստացվի, լավ, կհանձնվեք: Ես գնացել էի այդ խորհուրդ կոնկրետ առաջարկներով:  Նիստերից մեկի ժամանակ ասացի, որ իմ առաջարկը տեսանյութերի տարբերակով համացանցում կա, առաջարկեցի դիտել, հետո քննարկել: Ցավոք, միայն մեկ հոգի ինձ ասաց, որ դիտել է և շնորհակալություն հայտնեց: Իմ առաջարկած տարբերակով Նիկոլ Փաշինյանի հեռացումը տեղի էր ունենալու երկար ժամանակի մեջ: Մինչ այդ մենք ստեղծում էինք հիմքեր, որ երկիրը չկործանվի և ներքևից սկսում էինք ապագա պետության կառուցումը: Շարժումը դառնում էր համակարգ, կառուցվածք, որն ամրանում էր, ինչն էլ հիմք էր հանդիսանում Նիկոլ Փաշինյանի հեռացման համար: Դա կարող էր մի փոքր երկար տևել, բայց դա լուծում էր:

-Այնուամենայնիվ, եթե ընտրությունները տեղի չունենային, ավելի իրատեսական չէ՞ր լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, քան այսօր:

-Ես կարծում եմ՝ ընտրություններն ամեն դեպքում տեղի կունենային: Դա իշխանության ծրագիրն էր: Եթե հիշում եք, մոտ 10 քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնեց, աջակցեց ընտրությունների անցկացմանը: Եթե նույնիսկ արմատական ընդդիմությունը չհամաձայներ, մեկ է, Նիկոլ Փաշինյանը գնալու էր ընտրությունների, որ ամրանար ևս 5 տարով:

-Լավ, հիմա ի՞նչ է պետք անել: Արձանագրեցինք, որ մեր հասարակությունն ունի խնդիր, և Նիկոլ Փաշինյանից ազատվելը դեռևս խնդրի լուծում չէ, պետք է ազատվել նիկոլիզմից: Ինչպե՞ս:

-Նիկոլը «լուսավորիչ է»: Նիկոլը եկավ և  լուսավորեց հազարավոր մարդկանց: Առաջ ես մենակ էի, հիմա ինձ հետ հազարավորներն են համամիտ, որ հայ ժողովուրդն ունի խնդիր: Եվ դա ապացուցվեց հատկապես ընտրությունների արդյունքներով: Եթե այդ մտածողությունը չգար, էսպես թե էնպես, մենք մեր պետությունը նվիրում էինք թուրքին: Հիմա գոնե հույս կա, որ կարելի է դրա դեմն առնել: Շատերը, ովքեր իրատեսություն ունեն, լուսավորվել են, հիմա հուսալքված են, ուզում են հեռանալ, բայց հարկադրված են համախմբվել ու համատեղ քայլեր մշակել, եթե ուզում ենք մեր երկիրը հանել այս վիճակից: Պետք է ընդունենք, որ մինչև հիմա սխալ ճանապարհով ենք գնացել և ազգային ինքնակազմակերպման ուղղությամբ քայլեր կատարենք, ինչի համար արդեն բավարար մարդկային ռեսուրս էլ կա: Պարզապես խմորիչներ են պետք, լոկոմոտիվներ, որոնք ճիշտ ճանապարհով մարդանց կտանեն:

 

Արծրուն Պեպանյան հարցազրույց արտահերթ խորհրդարանական ընտրություններ խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը». Ինչ է կատարվել Երասխում
«Ադրբեջանն այս քայլերով ձգտում է կոշտ օղակի մեջ վերցնել Հայաստանը և այն դարձնել ամբողջությամբ իր քմահաճույքից կախված երկիր»․ադրբեջանագետ
«Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյան օրակարգ բերեց այն խայտառակ թեզը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել
Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է
ԱՄՆ-ում ժանտախտ է  հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 947 դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսի դելտա   շտամը քաղաքական սպառնալիք է դարձել  Բայդենի համար․  WP
Իշխանությունը ,անհրաժեշտ սահմանազատումը պատրվակ դարձնելով , Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղի մեջ
Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը այսօր նույնպես կրակել են. ՀՀ ՄԻՊ
Պայթյուն՝ Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ
Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը
Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը
Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Այսօր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքն է. հարսանյաց սրահ մուտքն անձնագրերով է
Փոխգնդապետ ծեծողը՝ պատգամավոր, Ամիրյան փողոցում կրակողի եղբայրը՝ Նիկոլի թիմի գլխավոր. Աղասի Միքայելյան
«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ shamshyan.com
Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին
Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին
Ավելին
Ավելին