f

Անկախ

Հին Նորք․ պատմամշակութային բացառիկ թաղամաս Երևանում՝ չբացահայտված նույնիսկ երևանցիների կողմից


Հին Նորքը Երևանի հնագույն թաղամասերից է։ Այստեղ այսօր էլ զգում ես հարյուրամյակների շունչն ու էներգիան։ Հին տներն ու նեղլիկ փողոցները, փայտե դռներն ու կիսաքանդ շինությունները, մի քանի հարյուր տարեկան մառաններն ու հսկաների պես կողք-կողքի շարված գինու կարասները քեզ հարյուրամյակներ հետ են տանում, կտրում քաղաքի աղմուկից՝ հասցնելով պատմության խորքը։  

Հնում օտարները Նորքն անվանել են Չոլմաքչի, որը թուրքերեն նշանակում է բրուտներ, կավագործներ։ Նորքի բնակիչներից շատերը ժամանակին զբաղվել են կավագործությամբ, հավանաբար այդտեղից էլ եկել է անվանումը։

Պարսկական տիրապետության ժամանակ Նորքը Երևանի մաս չի կազմել։ Չոլմաքչին կամ Նորք գյուղը քաղաքին է միացել 1837 թվականին՝ դառնալով Երևանի թաղամասերից մեկը։ 1890 թ․ Նորքն ուներ ընդամենը 633 բնակիչ։ Հարյուր տարի անց՝ 1990-ականների սկզբին, Հին Նորքում և Նորք Մարաշում բնակվում էր մոտ 12 հազար մարդ։

Հին Նորքն ունի տուրիզմի զարգացման լուրջ պոտենցիալ։ 2800-ամյա քաղաքի մասին Երևանի նոր թաղամասերն օտարերկրացիներին քիչ բան կասեն, իսկ Հին Նորքում փոքրիկ շրջայցը մեծ տպավորություն կթողնի հենց թեկուզ բացառիկ մառանների, գինու կարասների և իհարկե անարատ գինու համտեսի շնորհիվ։

Հուսով ենք, որ պատմական այս թաղամասի, նրա հուշարձան-տների մասին մեր հրապարակումը կստիպի ձեզ հենց առաջիկայում այցելել Հին Նորք՝ բացահայտելու ձեզ համար մի նոր աշխարհ Երևանում։

ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ

Հին Նորքի կենտրոնական հատվածում՝ Չինարի ծառի հրապարակում է գտնվում Պետրոսյանների տունը։

Չինարի ծառը Հին Նորքի հպարտությունն էր։ Ծառի ստույգ տարիքը ոչ ոք չգիտի։ Ծառի հարակից տարածքում ժամանակին Սեմեոն Ծերունի հայտնի եկեղեցին է եղել։ Ասում են՝ ծառը եկեղեցու տարիքակիցն է եղել՝ մոտ 13-րդ դարի։ Հսկայական ծառի սաղարթներն այնքան խիտ ու հարուստ էին, որ ծառի տակ միաժամանակ հսկայական թվով մարդիկ կարող էին հանգստանալ։

Անահիտ Պետրոսյանը ծնվել և մինչ օրս ապրում է այս տանը, որը կառուցվել է 1800-ականների վերջերին։ 1950-ականներին նրա ծնողները տունը գնել են Վանից գաղթած հայերից։

Տիկին Անահիտը հպարտությամբ ցույց է տալիս Չինարի ծառից մնացած բացառիկ լուսանկարը՝ հսկա բնով ու հարուստ սաղարթներով։ «Հիշում եմ՝ երբ երեխա էինք, պահմտոցի խաղալիս բարձրանում էինք  այդ ծառի վրա ու թաքնվում։ Իհարկե այն տեսքն, ինչ այս լուսանկարում է, մեր ժամանակ արդեն չկար, ծառն ավելի նոսր էր։ Հետո հիշում եմ, որ ծառը չորացավ։ Ծառի տակի հատվածում ջրի ծորակ կար, դա հանեցին, տարան ուրիշ տեղ, տարածքն էլ ասֆալտապատեցին։ Ես կարծում եմ՝ ծառը ջրից զրկվելու պատճառով չորացավ։ Հետո ծառը կտրեցին։ Մի քանի անգամ նորից դրեցին հողի մեջ, որ կպնի, բայց այդպես էլ չկպավ»,-պատմում է նա։

Ծառը կտրել են 1959 թվականին։ 1990-ականներին Չինարի հրապարակում Արցախյան ազատամարտի նահատակներին նվիրած հուշակոթող ու ցայտաղբյուր են  կառուցել, որտեղ տարբեր ծառեր, նաև երկու չինար են տնկել։

Պետրոսյանների տունը հին Նորքի այն քիչ պահպանված տներից է, որտեղ մառաններ կան։ Հենց այդ մառանի շնորհիվ նրանց տունը նույնպես ներառված է Հին Նորքի պատմամշակութային հուշարձան-տների ցանկում։

Անահիտ Պետրոսյանի տեղեկություններով՝ նման մառաններով մոտ 30 տուն կա։ Իրենցը, սակայն, մյուսներից տարբերվում է մի ուշագրավ դետալով՝ մառանի առաստաղին խաչ է պատկերված, որն էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ այն եղել է Սեմեոն Ծերունի եկեղեցուն կից կառույց։ Սեմեոն Ծերունի եկեղեցին գտնվել է հենց տան կողքին և քանդվել 1930-ականներին։

Եղբայրը՝ Թադևոս Պետրոսյանը, պատմում է, որ հայրը այգու ցանկապատը վերանորոգելիս եկեղեցու քարե մասունքներ է գտել և խնամքով շարել է այգու ցանկապատի մոտ՝ իբրև փոքրիկ սրբատեղի, որտեղ տեղացիները երբեմն մոմ են վառում։

Սեմեոն Ծերունի եկեղեցու մասին տեղեկություններ կան Մարտին Զիլֆուղարյանի «Նորքի քանդված եկեղեցիները» գրքում, որտեղ նա գրում է․

«1679 թ․ երկրաշարժի ժամանակ եկեղեցին քանդվել է և կիսավեր վիճակում մնացել։ 19-րդ դարի կեսերին եկեղեցու մնացորդները քանդել են և նոր եկեղեցի են կառուցել։ Ճարտարապետական այս հրաշալի կոթողը, որը միաժամանակ կրթական կենտրոն էր, հիմնովին քանդվել է 1930-ականներին՝ հակակրոնական հիստերիայի հետևանքով։ Եկեղեցուց ոչինչ չի մնացել, քարերն օգտագործվել են այլ նպատակներով։ Նրա տեղում հրապարակ է, ճանապարհ, խանութ, հիմքերը մնացել են ասֆալտի ու բետոնի տակ»։

Թադևոս Պետրոսյանի խոսքով՝ քանդած եկեղեցու քարերով Հին Նորքում դպրոց են կառուցել։ «Մենք, մեր երեխաներն այդ դպրոցն են հաճախել, Գաբրիել Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցը, որը 2003 թվականին օպտիմալացման հետևանքով փակվեց և այժմ այնտեղ ավերակ է»։

Զրուցակիցս նշում է՝ չնայած իրենց տունը հին է, որոշ հարմարություններից՝ զուրկ, բայց միևնույն է, իր համար այն անգնահատելի արժեք ունի։ Չի կարծում, որ երբևէ որևե բանի դիմաց կհրաժարվի այս տնից։ Ցանկությունը մեկն է՝ հնարավորություն ունենալ և վերանորոգել պատմական տունն ու մառանը՝ վերակենդանացնելով և նոր շունչ հաղորդելով նրան։

ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ

Հայկ Սարգսյանի տան մառանում գինեգործության ավանդույթները շարունակվում են։ Ինչպես մի քանի հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր այս մառանում կառուցված գինու հնձանում խաղողը ճզմվում է, հյութը զատվում, հետո հսկա կարասների մեջ հնեցվում ու դառնում է անապակ գինի։

«Մինչև 1995 թվականը, երբ հորեբայրս ողջ էր, այստեղ գինի և օղի պատրաստել ենք ու վաճառել։ Հիմա ուզում ենք այդ ամենն ավելի ժամանակակից ձևով կազմակերպել, գեղեցիկ շշալցումով, անվանումով և այլն»,-ասում է նա։

Հայկ Սարգսյանն ուզում է ոչ միայն իրենց տան գինեգործական ավանդույթները վերականգնել, այլև տան պատմամշակութային տեսքը՝ դարձնելով այն պատմամշակութային վայր կամ ինչպես ինքն է ասում՝ տուրիստական օջախ հայ և օտարերկրացի հյուրերի համար։ Սարգսյանների տան մառանի պատին փորագրված է տան կառուցման տարեթիվը՝ 1888։

Հետաքրիրն այն է, որ հայրական պապի այս տանը ճակատագրի բերումով նաև մայրական տատն ու պապն են ապրել։ Մայրական կողմը Արևմտյան Հայաստանից է գաղթել Հայաստան։ Տատը Լենինականի ամերիկյան որբանոցում է մեծացել, ապա ամուսնացել դերձակ պապի հետ։

«Երբ կոմունիստները եկել են, իրենց քրջոտ շորերից պիտի դուրս գային, մարդավարի ապրեին, պապիս հրավիրել են Երևան, այս տանը մի սենյակ վարձել, որ պապս իր ընտանիքով ապրի, իրենց համար էլ հագուստ կարի»։

Երբ պատերազմը սկսվում է, պապին ռազմաճակատ են տանում, որտեղ զոհվում է։ Տատը երեք երեխաների հետ շարունակում է ապրել այս տանը։ Երբ մայրը մեծանում է, տանտիրոջ տղան՝ իր հայրը, ամուսնանում է դերձակի աղջկա՝ իր մոր հետ։

Հայկ Սարգսյանը խորությամբ ուսումնասիրել ու բացահայտել է Հին Նորքի պատմությունը։ Նաև նրա ջանքերի շնորհիվ է վերջին շրջանում թաղամասի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել։

«Նորքը Երևանի համար ժամանակին եղել է գինու, մրգի, չրեղենի, սուջուխի մատակարարը։ Հենց որ քաղաքում շոգն ընկնում էր, մերոնք գնում էին բաղերում ապրելու, իսկ տունը վարձով տալիս էինք քաղաքի ժողովրդին՝ որպես ամառանոց։  Հիշում եմ՝ մեր տան սենյակներից մեկը մշապես վարձում էր դերասան Գուրգեն Գաբրիելյանը՝ «Ոսկե ցլիկի» միջի նախագահը»,-պատմում է նա։

ԴԵՐՁԱԿՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ

Չտեսնված գեղեցիկ փայտե դռնով մտնում ենք Դերձակյանների տուն։ Հնամյա տունը վերանորոգված է, վերականգնված է տան պատմամշակութային տեսքը։ 2020 թվականին Դերձակյանները վերակենդանացրել են ոչ միայն տունն ու հին մառանները, այլև իրենց 150 տարվա պատմություն ունեցող գինեգործության ավանդույթները՝ հիմնելով «Նորքի Մարանի» ընկերությունը։

Հովհաննես Դերձակյան ավագի ընտանեկան ավանդական գինու արտադրությանը նոր շունչ է հաղորդել նրա անվանակից թոռը, որը Դերձակյանների տան չորրորդ սերնդի ներկայացուցիչն է։ Պապն արդեն չկա, բայց թոռը նրա գործը շարունակում է նոր սիրով ու խանդավառությամբ։ Հովհաննեսը գինեգործության մեջ է մեծացել, օգնել պապին, երևի դա է պատճառը, որ գինեգործությունն այսօր նաև իր տարերքն է դարձել։  

Հովհաննեսն ասում է՝ գինին իրենք արտադրում են նույն եղանակով, ինչ իր պապն ու նրա պապերը և հավանաբար այնպես, ինչպես 6 հազար տարի առաջ Արենիում գտնվող Թռչնոց քարանձավում։ «Այստեղ էլ քարանձավի փոխարեն ձեռակերտ մառանն է՝ կիսով չափ հողի մեջ մտած, մեկ մետր հաստությամբ բազալտե որմնաքարե պատերով և դրանց վրա հենվող տուֆից կամարակապ առաստաղով»։

Դերձակյանների տան դռները բաց են բոլոր նրանց առջև, ովքեր ուզում են զգալ Հին Նորքի հմայքը, լսել Դերձակյանների տան գինեգործության պատմությունը, համտեսել նրանց արտադրած գինիների լայն ընտրանին՝ շրջայց կատարելով հնամյա մառաններում ու զարմանալով շուրջ կես տոննա տարողությամբ հարյուրամյա կարասներով։

Թոռը պատմում է, որ ժամանակին իրենք ունեցել են հսկայական խաղողի այգիներ, որոնք խորհրդային տարիներին օտարվել են։ Պապը ստիպված է եղել գինին արտադրել տնամերձի խաղողից և իր սեփական այգիներից խաղող գնելով։  

Ի՞նչ գաղտնիք է պապը փոխանցել իրեն։ «Գաղտնիքը մաքրությունն է,-ասում է ու հիշում, թե ինչպես էր պապը բծախնդրորեն մաքրում կարասները՝ միայնակ, հատուկ տեխնոլոգիայով դուրս քաշելով հսկաներին մառանից և զանազան նյութերով մաքրելով,-հիմա մենք մի քանի հոգով նույնիսկ դժվար ենք կարողանում կարասները տեղաշարժել»։

Դերձակյանների ստեղծած «Նորքի կեղար» գինիներն արտադրվում են քիչ քանակությամբ, որպեսզի պահպանեն որակական բարձր չափանիշները։ Դրանք ներկայացված են ոչ միայն Դերձակյանների տուն-կենտրոնում, այլև երևանյան մի շարք ռեստորաններում։ Բայց իհարկե անհամեմատելի հաճելի կլինի դրանք ճաշակել հենց Դերձակյանների տանը, որտեղ կզգաք ոչ միայն գինու բույրը, այլև հարյուրամյակների շունչը։ 

ՍԱՄՎԵԼՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ

Հին Նորքի հայտնի տներից է Սամվելյանների տունը, որտեղ նկարահանվել են հայկական հայտնի երկու ֆիլմերից դրվագներ՝ «Հեղնար աղբյուր» ու «Խնձորի այգին»։

Տունը կառուցվել է 1889 թվականին։ Տարեթիվը փորագրված է տան մառանի պատին։

Արման Սամվելյանը փոքր էր, բայց հիշում է «Խնձորի այգու» նկարահանումները 1980-ականների սկզբին։

«Հիշում եմ՝ մի օր եկա տուն, տեսա տան մոտ մարդիկ են հավաքված։ Հարցրեցին՝ տանը մեծերից ո՞վ կա, ասացի՝ տատիկս։ Գալյա Նովենցը տուն մտավ, որ տատիս հետ խոսի։ Տատս հենց նրան տեսավ, ասեց՝ ախչի՛, ասե՞մ դու ով ես։ Գալյա Նովենցն  ասեց՝ ո՞վ եմ, մայրի՛կ։ Ասեց՝ դու Նահապետի կնիկն ես»։

Արման Սամվելյանը ծիծաղով է հիշում նաև, որ հայրը նկարահանող խմբին այնքան գինի էր խմեցնում, որ մեկ ամսում հազիվ կարողացան այդ մի քանի դրվագը նկարել։

Սամվելյանների տունը պատմական այլ դրվագների էլ է ականատես եղել։ Արման Սամվելյանի խոսքով՝ 1920 թվականին իրենց տանը մի քանի գիշեր անցկացրել է Գարեգին Նժդեհը։ Մինչ այժմ էլ պահպանվում է այն մահճակալը, որտեղ քնել է Նժդեհը։ Մահճակալն արժեքավոր է ոչ միայն պատմական այդ իրադարձությամբ, այլև իր յուրահատուկ տեսքով ու հմայքով։ «Հստակ չգիտենք, թե մահճակալը քանի տարեկան է, միայն գիտենք, որ եղել է տատիս մոր օժիտը»։

Տատը նաև պատմել է, որ Նժդեհն իր լուսանկարների ալբոմներն ի պահ է տվել պապին, բայց 1937 թվականին պապին անընդհատ տարել են հարցաքննության, և մի օր, հարցաքննությունից վերադառնալուց հետո, պապը որոշել է այրել ալբոմները աքսորից խուսափելու համար։

Տան հետ կապված մի ուշագրավ պատմություն էլ կա․ 1930-ականներին Թիֆլիսից մի հայ ընտանիք է գալիս և վարձով ապրում Սամվելյանների տանը։

«Չորս տարի վարձով ապրելուց հետո, երբ ծնվում է այդ ընտանիքի հերթական երեխան, պապս այլևս նրանցից վարձ չի վերցնում, ասում է՝ մենք արդեն հարազատ ենք դարձել։ Դրանից հետո ևս տասը տարի նայդ ընտանիքն ապրում է մեր տանը։ Շատ տարիներ անց, երբ ես ծանոթացա կնոջս հետ, պատահաբար իմացա, որ նա այն թիֆլիսահայ ընտանիքի թոռնուհին է, որն ապրել է մեր տանը»։    

Սամվելյանների տանը նույնպես գինեգործությամբ են զբաղվել։ Այսօր էլ ինքն է ավանդույթը շարունակում, բայց գինին ու օղին չի վաճառում, միայն ընտանիքի, հարազատների ու ընկերների համար է։ Ամեն տարվա բերքից ստացած գինուց որոշակի քանակով շշալցնում ու պահում է։ Ասում է՝ կարևոր իրադարձությունների ժամանակ կբացի։

Արման Սամվելյանը մի երազանք ունի՝ վերականգնել տունն իր պատմամշակութային տեսքով։ Դրա համար լուրջ միջոցներ են հարկավոր․ պատմամշակութային  վերականգնումն անհամեմատ ավելի թանկ արժե, քան սովորական վերականգնումը։ Պետությունն այս հարցում ձեռքերը լվացել է, բոլոր ծախսերը հուշարձան-տների սեփականատերերի վրա է։ Իսկ եթե սեփականատերը հնարավորություն չունի, տունը կամաց-կամաց կարող է փլվել ու անհետանալ։

***

Հին Նորքի վերակենդանացած ու սիրված տներից է «Մամիկ» կրթամշակութային կենտրոն-հյուրատունը, որտեղ կազմակերպվում են արվեստի և ավանդական արհեստների դասընթացներ, ծիսական արարողություններ, մշակութային միջոցառումներ, փառատոններ, ճաշ զբոսաշրջիկների համար և այլն։

Մեր այցի օրը «Մամիկում» ֆիլմի նկարահանում էր ռուսական շուկայի համար։ Մանկագիր Նարինե Աբգարյանի «Մանյունա» գիրքն էին էկրանավորում։ «Մամիկում» գրեթե ամեն օր է ակտիվ եռուզեռ։ Այն Հին Նորքի ամենակենսունակ հատվածներից է, որտեղ նույնպես արժե հյուրընկալվել։

Հին Նորքում հիշատակման արժանի այլ տներ էլ կան, սակայն դրանց մի մասն այսօր անմխիթար ու կիսաքանդ վիճակում է, իսկ դռները՝ փակ։ Այդպիսի տներից է, օրինակ, 19-րդ դարում կառուցված՝ Դավիթ Գաբրիելյանի ամառանոցը, որը ժամանակին Նորքի ամենաշքեղ ամառանոցներից մեկն էր և որտեղ ամռան շոգ օրերին հանգստանում ու ստեղծագործում էր Չարենցը։

Հին Նորքի հանրահռչակումն ու զարգացումը պետության պարտավորություն է։ Ցավոք, այսօր Երևանի հնագույն այս թաղամասը, որտեղ դեռևս կանգուն են հարյուրամյակների խորքից եկող պատմական հուշարձանները, պետական հոգածության տակ չէ և դրա  հետ կապված որևէ լուրջ ծրագիր չկա։

Թաղամասը նոր կյանք ու շունչ է ստանում բացառապես պատմամշակութային հուշարձան-տների սեփականատերերի և մասնավոր նախաձեռնությունների շնորհիվ։ Բոլորովին վերջերս այստեղ անցկացվեց նաև Տիկնիկների փառատոն, ինչը ևս բազմաթիվ այցելուներ բերեց Հին Նորք և առիթ դարձավ վերհանելու հարուստ հետագիծ ունեցող թաղամասի պատմությունն ու ավանդույթները։

 

Հին Նորք Չինարի ծառ Նորք-Մարաշ Հին Երևան խմբագրի ընտրանի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Թշնամին փորձել է շրջափակել մեր դիրքը». Ինչ է կատարվել Երասխում
«Ադրբեջանն այս քայլերով ձգտում է կոշտ օղակի մեջ վերցնել Հայաստանը և այն դարձնել ամբողջությամբ իր քմահաճույքից կախված երկիր»․ադրբեջանագետ
«Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյան օրակարգ բերեց այն խայտառակ թեզը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել
Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է
ԱՄՆ-ում ժանտախտ է  հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 947 դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսի դելտա   շտամը քաղաքական սպառնալիք է դարձել  Բայդենի համար․  WP
Իշխանությունը ,անհրաժեշտ սահմանազատումը պատրվակ դարձնելով , Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղի մեջ
Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը այսօր նույնպես կրակել են. ՀՀ ՄԻՊ
Պայթյուն՝ Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ
Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը
Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը
Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Այսօր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքն է. հարսանյաց սրահ մուտքն անձնագրերով է
Փոխգնդապետ ծեծողը՝ պատգամավոր, Ամիրյան փողոցում կրակողի եղբայրը՝ Նիկոլի թիմի գլխավոր. Աղասի Միքայելյան
«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ shamshyan.com
Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին
Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին
Ավելին
Ավելին